Կենսագրությունը
ՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ (Հովհաննիսյան Սարգիս), Արամ փաշա [1879, գ. Զեյվա (այժմ՝ գ. Դավիթ Բեկ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 29.1.1919, Երևան], պետական, հասարակական գործիչ: ՀՀԴ կուսակցությանյան անդամ: Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ավարտել Երևանի թեմական դպրոցը (1901):
Գործունեությունը
1903-ին Մանուկյանը Կարսից զենք, զինամթերք և կամավոր խմբեր է տեղափոխել Արևմտյան Հայաստան: 1904– 08-ին գործել է Վանում, ապա՝ Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում, 1910-ին վերադարձել Վան: Կազմակերպել և ղեկավարել է 1915-ի (ապրիլ-մայիս) Վանի հերոսամարտը, որի ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր): Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան: 1916– 17-ին աշխատել է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում: Մեծ դեր է խաղացել արևմտահայերի I համագումարի (Երևան, 1917-ի մայիս) կազմակերպման գործում: 1917-ին, որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ, ժամանել է Երևան: 1918-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախ-պատրաստելու համար: