Կենսագրությունը
ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ [ավազանի անունը՝ Կտրիճ, 21.8. 1951, գ. Ոսկեհատ (ՀՀ Արմավիրի մարզ)], Ամենայն հայոց կաթողիկոս 1999-ից: Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին: Ավարտել Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1971): 1972-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և մեկնել Վիեննայի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորելու: 1975-ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ շարունակելով ուսումը Բոննի համալսարանում: 1979-ին ուսանել է Զագորսկի Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983-ի ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ, հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1990-ից՝ ԳՀԽ անդամ, 1992-ին ստացել է արքության պատիվ և տիտղոս: 1990-ին Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Վազգենյան հոգևոր դպրանոցը (Սևանի թերակղզում), թեմում՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, 1999-ին Մայր աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը՝ Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական հայագիտական կենտրոնը: 1998-ին՝ կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ:
Գործունեությունը
2000-ի հունվարին 14–24-ը Գարեգին Բ Ներսիսյանն ուխտագնացության է մեկնել Տերունական սրբավայրեր՝ Հորդանան և Երուսաղեմ (հանդիսապետել է Սուրբ Ծննդյան արարողությունները): Վատիկանում (2000-ի նոյեմբ. 11) Հովհաննես Պողոս II պապը Գարեգին Բ Ներսիսյանին է հանձնել Գրիգոր Ա Լուսավորչի մասունքներից, որոնք պահվում են Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (օծվել է 23.9.2001-ին` Գրիգոր Բ Ներսիսյանի հանդիսապետությամբ): Գրիգոր Բ Ներսիսյանը Հռոմի պապի հետ ստորագրել է համատեղ հայտարարություն, որում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածները բնորոշվել են որպես ցեղասպանություն: Կովկասի մուսուլմանների հոգևոր պետի հետ հանդիպման (24.11.2000) ընթացքում (տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի միջնորդությամբ) ստորագրվել է համատեղ հայտարարություն՝ ի շահ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: Ձեռամբ Գարեգին Բ Ներսիսյանի օծվել են Սպիտակի Ս. Հարություն, Վայքի Ս. Տրդատ, Տաշիրի Ս. Սարգիս, Մալիշկայի Ս. Աննա նորակառույց եկեղեցիներն ու Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, վերաօծվել Դվինի Ս. Հարություն, Ս. Պետերբուրգի Ս. Կատարինե, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիները, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Շիրակի թեմում կատարվել է Ս. Հակոբ եկեղեցու հիմնարկեքը: Մայր աթոռ Ս. Էջմիածնի տարածքում Գարեգին Բ Ներսիսյանի նախաձեռնությամբ կառուցվել է Տրդատ Մեծ բաց խորանը: Պետությունը սեփականության իրավունքով Մայր աթոռ Ս. Էջմիածնին է հանձնել (2001-ի հուլիս) 150 վանք և եկեղեցի: