haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՇԱՀԱՄԻՐ ՇԱՀԱՄԻՐՅԱՆ

Քաղաքական գործիչ , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 1723 - Մահացել է՝ 1799

Կենսագրությունը

ՇԱՀԱՄԻՐՅԱՆ Շահամիր (1723–1797), հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, հայ բուրժուա-լուսավորչական գաղափարախոսության հիմնադիրը: Հնդկաստան է գաղթել Նոր Ջուղայից (Պարսկաստան), հաստատվել Մադրասում, զբաղվել դերձակությամբ, առևտրով, դարձել մեծահարուստ: Եռանդուն գործունեություն է ծավալել Մադրասի հայ համայնքին առնչվող խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստանի ազատագրության համար: Շարադրել է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը («Տետրակ որ կոչի նշաւակ», 1783): Վճռական դեր է խաղացել Մադրասի խմբակի ստեղծման գործում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Շահամիրյանի գաղափարների վրա մեծ ազդեցություն է գործել Մադրասում հաստատված Մ. Բաղրամյանը: Շահամիրյանը Մադրասում հիմնել է հայկական տպարան (1771), որտեղ 1788–89-ին հրատարակել է իր շարադրած «Որոգայթ փառաց»-ը (սահմանադրության առաջին նախագիծը հայ իրականության մեջ և աշխարհում») և այլ քաղ-հրապարակախոսական գրքեր: Ձգտել է ազատագրական շարժման մեջ ներգրավել նաև Վրաց թագավոր Հերակլ II-ին՝ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան համարելով թուրք-պարսկական նվաճողներից Այսրկովկասն ազատագրելու և հետագա ոտնձգություններից պաշտպանելու համար: Սակայն հասկանալով, որ հայ-վրացական ուժերն առանց Ռուսաստանի ռազմաքաղաքական օգնության անկարող են ազատագրել և տևական անկախություն ապահովել Հայաստանին ու Վրաստանին, Շահամիրյանը սերտ կապեր է հաստատել ռուսական արքունիքի, ինչպես նաև Հ. Արղությանի, Հ. Լազարյանի և այլոց հետ: 1780-ական թթ., երբ Ռուսաստանը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկական պետության միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերը բնութագրող դաշնագրի նախագիծ է ներկայացրել ռուսական արքունիքին, ըստ որի՝ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետական կարգեր:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ