Կենսագրությունը
ՇԱՀԻՆ Էդգար Պետրոսի (31.10.1874, Վիեննա – 18.3.1947, Փարիզ), նկարիչ: Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1890– 1992),1893-ից հաճախել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիան: 1896-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Անապաստանը», 1899, և այլն) մասնակցել է «սալոններին»: 1899-ին ճանաչման է հասել փորագրություններով: 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինն արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ, 1901-ին մասնակցել է Վենետիկի բիենալեին:
Գործունեությունը
1903-ին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան: Շահինը փորագրություններում [«Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ: Ապուրի հերթում», երկուսն էլ՝ 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910, և այլն] կիրառել է փափուկ լաք, աքվանտինտա՝ նախապատվությունը տալով օֆորտին, որը հասցրել է կատարելության:
Այլ հղումները
- «Ո՞վ Ո՞վ է» Հայկական Հանրագիտարան
- Վիքիպեդիա Հանրագիտարան
- Շիշմանյան Ռ. Մ., Էդգար Շահին (1874–1947), Ե., 1956:
- Էդգար Շահինի աշխատանքների կատալոգ, Ե., 1975:
- Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Ե., 1991:
- Avedissian O., Peintres et Sculpteurs Armeniens, Le Caire, 1959;
- Fabanelli M. K., Edgar Chahine, Milano, 1977
- Офорты Эдгара Шаина, Л., 1940