Կենսագրությունը
ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Արմենակ Սարգսի (1878, Մուշ – 14.9.1939, Փարիզ), երգիչ (տենոր): Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1890–93, աշակերտել Կոմիտասին), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1893–97), եղել Մ. Եկմալյանի երգչախմբի մեներգիչ և խմբավարի օգնական: 1897-ին բանտարկվել և աքսորվել է Թուրքիա:
Գործունեությունը
1898-ին Շահմուրադյանը դասավանդել է Մշո Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900–02-ին` Կարինի ազգային վարժարաններում (երաժշտության դասատու և եկեղեցու դպրապետ), 1902-ին՝ Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու դպրապետ: 1902–04-ին սովորել է Վ. դը Էնդիի «Scola Cantorum» մասնավոր վարժարանում, 1904–06-ին դասեր առել Պ. Վիարդոյից: 1906-ին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, 1910-ին հրավիրվել «Գրանդ օպերա» (Ֆաուստ, Գունոյի «Ֆաուստ», 1911): 1912-ից նվիրվել է համերգային գործունեության՝ տարածելով հայկական ժողովրդական, ազգ-հայրենասիրական և հոգևոր երգեր. հռչակվել է որպես «Տարոնի սոխակ»: 1914-ին մասնակցել է Միջազգային երաժշտական ընկերության Փարիզի կոնգրեսի կոմիտասյան համերգին: Կոմիտասի մշակած երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և Շահմուրադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա (Կ.Պոլիս, 1914): Ապրել է նախ ԱՄՆ-ում, ապա՝ Փարիզում: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Մեծանուն մարդկաց կարծիքները Արմենակ Շահմուրադյանի մասին.«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված ու հայ արևովը կիզված, ունի ընտիր, պայծառ և եռանդուն ձայն: Հայերուս համար որքա՛ն պարծենալիքներ պիտի առթնե տակավին նա, որ իր գործունեության գարնան շեմին վրա է կանգնած...»: /Կոմիտաս/ «Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրադյանի նմանը չի եղել: Եթե ինձ հարցնեք՝ նա փառավոր կյանք ապրեց: Կարևոր չէ, թե ինչպես և ինչու մահացավ, որովհետև քիչ մարդիկ են փառավոր մեռնում»: /Վիլյամ Սարոյան/
Տեսանյութերը

Անտունի-Արմենակ Շահմուրադյան...

Արմենակ Շահմուրադյան Կուժն առա /...

Արմենակ Շահմուրադյան-Հայաստան...

Արմէնակ Շահմուրադեան - Ալագեազ /...