ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ Մկրտիչ Ռափայելի (1828, Կ. Պոլիս – 29.11.1868, Կ. Պոլիս), բանաստեղծ, մանկավարժ, թատերական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Բերայի Մխիթարյան դպրոցում (1834–39), Պադուայի Սամուել Մուրատյան վարժարանում (1839–45): 1845-ի վերջին վերադառնալով Կ. Պոլիս՝ ծավալել է մանկավարժ-հասարակական գործունեություն: Հայոց լեզու, գրականություն և ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում: 1846-ին Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Համազգյաց ընկերությունը»:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Գործունեությունը
Պեշիկթաշլյանը համարվում է արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը: 1856-ի նոյեմբերին Օրթագյուղի Լուսավորչյան վարժարանի սրահում առաջին ներկայացումն է տվել նրա կազմակերպած թատերախումբը: Պեշիկթաշլյանի պատմական ողբերգությունները («Կոռնակ», «Արշակ», «Վահան», «Վահե») գրվել են աշխարհաբարով, և չնայած կլասիցիստական տարրերի առկայությանը, ռոմանտիկական են՝ տոգորված ազգ-ազատագրական պայքարի, ազատաբաղձության ոգով: Պեշիկթաշլյանը նպաստել է պատմական դրամայի զարգացմանը: Գրել է նաև «Կատակերգութիւն աւազակաց» (1909) և «Կատակերգութիւն, երից քաջաց» մեկ գործողությամբ երաժշտական կատակերգությունները:
Պեշիկթաշլյանն էական դեր է կատարել Ազգային սահմանադրության (1860) ստեղծման գործում: Աջակցել է «Բարեգործական ընկերություն հայոց»-ի ստեղծմանը (1860): Մասնակցել է «Անձնվեր ընկերության» (1860–63, ունեցել է կրթ-լուսավորական նպատակներ) աշխատանքներին, աջակցել Տ. Գ. Չուխաճյանին և Գ. Օ. Երանյանին՝ «Քնար հայկական» վեցամսյա հանդեսը խմբագրելու գործում: Պեշիկթաշլյանի պոեզիան բովանդակությամբ, թեմատիկայով և ժանրային բնույթով բազմազան է. գրել է սիրային, բնության, օրորոցային, հայրենասիրական, մանկական բանաստեղծություններ, եղերերգեր: Առաջին բանաստեղծությունը («Զբօսանք Արտաշէսի Առաջնոյ») տպագրվել է 1849-ին՝ «Բազմավեպում»: 1840-ական թթ. երկրորդ կեսին գրած բանաստեղծություններում («Հրաւեր ի մարտ Խոսրովու Մեծի», «Ի նահատակութիւն Վարդանանց», «Դիւցազունք հայոց», «Գիշեր», «Առ Հ. Ղեւոնդ Ալիշան») հիմնականում գերիշխում է պատմահայրենասիրության թեման: 1850– 60-ական թթ. բանաստեղծությունները, հատկապես «Եղբայր եմք մեքը» և «Գարունը» (երկուսն էլ վերածվել են երգի) հեղինակի քաղաքական իդեալի գեղարվեստական պատկերումն են: Պեշիկթաշլյանի զեյթունյան երգաշարը («Հայ քաջորդի», «Մահ քաջորդվույն», «Թաղումն քաջորդվույն», «Հայ քաջուհին») Զեյթունի հերոսամարտի գեղարվեստական իմաստավորումն ու տարեգրությունն է: 1863–68-ին գրած բանաստեղծությունները («Առ զեփիւռն Ալեմտաղիի», «Ճեմք ի լեառն Հսկային», «Գնացէք իմ տաղք», «Աշուն», «Քնար կուսին», «Քնար եւ շիրիմ») հայ նոր քնարերգության դասական նմուշներ են: Պեշիկթաշլյանը կատարելության է հասցրել հայկական ռոմանտիկական բանաստեղծությունը և նախանշել գալիք հայկական գրական դպրոցները: Հանդես է եկել նաև Հրանտ կեղծանունով: Երկ. Մատենագրութիւնք, ԿՊ, 1870: Տաղեր, Թ., 1903: Տաղք և թատերգութիւնք, Նյու Յորք, 1917: Տաղեր, Ե., 1947: ԵԼԺ, Ե., 1987:"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը