haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 18/05/1897 - Մահացել է՝ 27/09/1978

Կենսագրությունը

ՋԱՆԻԲԵԿՅԱՆ (Տեր-Խաչատրյան) Գուրգեն Ջանիբեկի [18(30).5.1897, Երևան – 27.9.1978, Երևան], դերասան: ՀԽՍՀ (1938), ԽՍՀՄ (1967) ժողովրդական արտիստ: Կ.Գ. Ջանիբեկյանի հայրը: Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան (1917): 1917–20-ին մասնակցել է Մ. և Ս. Գարագաշների օպերետային, Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1922-ին Ջանիբեկյանն Ա. Խարազյանի շրջիկ թատրոնի, 1922–23-ին՝ Ա. Արմենյանի թատերախմբի (Ալեքսանդրապոլ), 1923–24-ին՝ Թիֆլիսի Հայ դրամայի, 1924-ից՝ Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ.) դերասան (1965–67-ին՝ նաև տնօրեն), 1940– 1949-ին՝ ՀԹԸ նախագահ: 1947–49-ին դասավանդել է ԵԹԻ-ում: Լավագույն դերերից են՝ Բագրատ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Գրիգոր աղա (Վրթ. Փափազյանի «Ժայռ», նաև կինոյում, 1973), Մարգար (Ա. Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում»), Իվան Գոռլով (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Գաև (Չեխովի «Բալի այգին»), Վառավին (Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Միլլերի «Գինը»), Օթելլո, Համլետ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ») և այլն: Մասնակցել է բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938, «Ամպրոպի արահետով», 1956, «Սարոյան եղբայրներ», 1968, «Հնձան», 1973, բոլորը՝ Հայֆիլմ): Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր կերպարի սոցիալ-կենցաղական ճշգրիտ, մանրամասն և ցայտուն վերարտադրությունը: Խորհրդահայ բեմում «հակառակորդ» ամպլուայի անփոխարինելի դերակատար էր: Հեղինակ է «Բարեկամներիս մասին» (1965), «Իմ աշխարհից» (գիրք 1, 2, 1977, 1980) հուշերի, գրքերի, հոդվածների: Ջանիբեկյանի անունով կոչվել է փողոց Երևանում:

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1952):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Գուրգեն Ջանիբեկյանի մասին.
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»: /Վահրամ Փափազյան/
 «Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»: /Նաիրի Զարյան/

Տեսանյութերը

Մեր մեծերը - Գուրգեն Ջանիբեկյան...

Օգտագործող Գաղտնաբառ