Կենսագրությունը
ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ Արմեն Բորիսի (ծ. 3.10.1935, Երևան), դերասան: ՀՀ (1973), ՌԴ (1985) ժողովրդական արտիստ: Ավարտել է ԵԳԹԻ (1958): 1958-ից՝ ԵՌԹ [Սերգեյ (Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»), Ռիչարդ III (Շեքսպիրի «Ռիչարդ III»), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս») և այլն], 1967–69-ին՝ Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվան [Բասարգին (Կ. Սիմոնովի «Հայրենի ծուխը»), Մոլիեր (Մ. Բուլգակովի «Մոլիեր») և այլն], 1969–96-ին՝ Մայակովսկու անվան [Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք»), Սոկրատ (Է. Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատի հետ»), Թագավոր (Վ. Սարոյանի «Քարանձավի մարդիկ») և այլն] թատրոնների դերասան: 1995-ին Մոսկվայում հիմնել է «Ջիգարխանյանի թատրոնը»: "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Արտահայտած մտքերը.«Աստված չանի՝ վաղը ես դուրս գամ բեմ ու չլինեմ Լիր արքա, Համլետ, Օթելլո, այլ դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...»:
Գործունեությունը
1959-ից Ջիգարխանյանը նկարահանվում է կինոյում: Կինոդերերից են՝ Արտյոմ («Բարև, ես եմ», 1965), Մկրտիչ («Եռանկյունին», 1967, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975), Իսայ («Սգավոր ձյունը», ըստ Ա. Թրուայայի, 1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979, Մխիթար («Հուսո աստղ», 1978, ըստ Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի, բոլորը՝ Հայֆիլմ), Պռոշյան («Հուլիսի վեցը»), Օվեչկին («Անորսալիների նոր արկածները», երկուսն էլ՝ 1968), Լևոն («Երբ գալիս է սեպտեմբերը», 1976), Մաքս Ռիշար-Էրիխ Բեխլեր («Թեհրան – 43», 1981), Դինո Կյարելլի («Նիկոլո Պագանինի», 1982), Օսիպ («Ռևիզոր», 1996, բոլորը՝ Մոսֆիլմ) և այլն: Լինելով վերամարմնավորման վարպետ՝ Ջիգարխանյանը ստեղծել է նուրբ, դիպուկ, ճշմարտացի հոգեբանական բազմաթիվ կերպարներ:
Երկ. Я одинокий клоун, М., 2005 (համահեղինակ` П` Дубровский В.Я). "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"