haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 27/02/1860 - Մահացել է՝ 06/04/1921

Կենսագրությունը

ՍՈՒՐԵՆՅԱՆՑ Վարդգես Հակոբի [27.2(10.3).  1860, Ախալցխա – 6.4.1921, Յալթա (Ղրիմ), թաղված է հայկական եկեղեցու բակում], նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ: 1868-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1870–75), Մոսկվայի գեղանկարչության քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում (1875–78), Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1879), գեղանկարչության (1880–85) բաժիններում: 1881-ին ճանապարհորդել է Իտալիայում. Վենետիկի Ս. Ղազար կղզում ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը: 1885–87-ին Ս. Պետերբուրգի համալսարանի պրոֆ. Վ. Ա. Ժուկովսկու ազգագրական արշավախմբի կազմում մեկնել է Պարսկաստան. եղել է Թավրիզում, Թեհրանում, Շիրազում, Մազանդարանում, մի քանի ամիս՝ Սպահանում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1890–91-ին Սուրենյանցն Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է նկարչություն և արվեստի համընդհանուր պատմություն: 1892-ից մասնակցել է Մոսկվայի, Ս. Պետերբուրգի, նաև Թիֆլիսի ու Բաքվի գեղարվեստական, թատերական, հասարակական կյանքին, այցելել Անի, Սևան և այլուր, մոտիկից ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին: 1897–98-ին ճանապարհորդել է Ֆրանսիայում, Իսպանիայում, վերադարձել գեղարվեստական էտյուդներով [«Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբրա») կտավը, «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» էտյուդը]: 1905–15-ին Սուրենյանցն ապրել է Ս. Պետերբուրգում: 1915-ին մեկնել է Թիֆլիս, Էջմիածին, ստեղծել բազմաթիվ փախստական-գաղթականների էտյուդ-դիմանկարներ: 1916-ին Թիֆլիսում Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի հետ հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը: Մարտիրոս Սարյանի հետ նկարազարդել է Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիան... » (ռուսերեն) ժողովածուն (1916): 1917-ից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզների վրա:

Սուրենյանցը ստեղծել է հայ ժողովրդի պատմությանը, XIX դ. վերջի – XX դ. սկզբի հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեստ շարք: Նա գեղանկարչության հայկական պատմական ժանրի հիմնադիրն է, նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին բեմանկարիչը, որը թեմատիկ պատկերի կուլտուրան բարձրացրել է միջազգային մակարդակի: «Լքյալը» նկարով, որն իր գեղանկարչական լեզվով, թեմայի ընդգրկումով նորություն էր հայ կերպարվեստում, Սուրենյանցը 1894-ին մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության (անդամ՝ 1910-ից) ցուցահանդեսին: «Ոտնահարված սրբությունը» (1895) ի ցույց է դնում թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի և հոգևոր բարձր մշակույթի հանդեպ:

Հայոց դառը ճակատագրի և փառավոր անցյալի մասին Սուրենյանցի մտորումները գեղարվեստական բարձր մակարդակով են մարմնավորվել «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ» (1897) բնանկարում: Հայ ժողովրդի անցյալի մասին մտորելու նշանավոր փորձ է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899) կոմպոզիցիան: «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905), «Մկրտիչ Խրիմյան» (1906), «Սալոմե» (1907), «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909), Ա. Գ. Իդելսոնի դիմանկարը, «Ֆիրդուսին կարդում է «Շահնամեն» Մահմուդ Ղազնևիին» (երկուսն էլ՝ 1913) Սուրենյանցի, նաև հայկական կերպարվեստի նշանավոր գեղանկարներից են:

Դեռևս 1899-ին Մոսկվայում Սուրենյանցի ձևավորումով լույս է ընծայվել Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը: Սուրենյանցն ակադեմիական մշակվածության հասնող ժամանակի գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է ձևավորել Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթը (1909), «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտը», «Գառնիկ ախպեր», «Իմաստուն օձը» հայկական հեքիաթները (1906–14) և այլ գրքեր՝ հանդես բերելով գեղարվեստական իրականությունը գրաֆիկական հնարքներով տեսանելի դարձնելու արտակարգ վարպետություն: 1901-ին Սուրենյանցը Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է Ա. Ռուբինշտեյնի «Դև» օպերայի, 1907-ին Վ. Կոմիսարժևսկայայի թատրոնում՝ Գ. Հեյբերգի «Սիրո ողբերգությունը» դրամայի, 1904-ին Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում՝ . Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ ներսում», «Անկոչը» մեկ գործողությամբ պիեսների, 1905-ին՝ Ա. Չեխովի «Ճայ» պիեսի բեմադրությունները և այլն:

Սուրենյանցը տիրապետել է ռուսերեն, պարսկերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին, բնագրից թարգմանել Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը (1889-ին ուղարկել է Կ. Պոլիս՝ Պ. Ադամյանին), «Ամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը և այլն: Հայկական թերթերում և ամսագրերում հրապարակած հոդվածաշարերով, «Գեղարուեստի նորագույն հոսանքները եւ հայկական ճարտարապետութիւնը» («Մշակ», 1903, թիվ 176) և այլ ուսումնասիրություններով Սուրենյանցը ներկայանում է իբրև պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության, արվեստի տեսաբան:

Ակադեմիական հիմնավոր կրթությունը, հայկական և համաշխարհային մշակույթի խոր իմացությունը Սուրենյանցին դարձրին ժամանակի բազմակողմանիորեն զարգացած մտավորականներից, նուրբ գունազգացողությամբ, պատկերն ստեղծելու անհատական ըմբռնումներով հայ ազգային գեղ-գաղափարական մտածելակերպ արմատավորող ու ամրապնդող արվեստագետը: Սուրենյանցի «Սալոմեն» 1912-ին ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակի և 1914-ին՝ Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսներում:

Անհատական ցուցահանդեսներ` Բաքվում (1901) և Երևանում (1931, 1960, հետմահու):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Վարդգես Սուրենյանց...

Վարդգես Սուրենյանց...

Վարդգես Սուրենյանց...

Օգտագործող Գաղտնաբառ