haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

Պատմաբան

Ծնվել է՝ 442 - Մահացել է՝ 6_րդ դար

Կենսագրությունը

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ [440/443, գ. Փարպի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) – VI դ. սկիզբ],  պատմիչ: Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տոհմի հետ: Ավարայրի ճակատամարտից (451-ի մայիսի 26) հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ: Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ: Մոտ 465–470-ին ուսանել է Բյուզանդիայում, այնուհետև ուսումնակրթական գործունեություն ծավալել Շիրակում, Սյունիքում: 486-ին Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ: Բարեկարգումներ ձեռնարկելու պատճառով հալածվել է հետադեմ հոգևորականության կողմից, հանիրավի ամբաստանվել և, ի վերջո, 490-ին հեռացել է Ամիդ: Այստեղ էլ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնեան» ինքնապաշտպանական ուղերձը: Հայոց մարզպանը հետ է կանչել նրան և պատվիրել գրել հայոց պատմությունը: «Թուղթ առ Վահան Մամիկոնեանը» (կոչվել է նաև «Մեղադրութիւն ստախօս աբեղայից») վավերական աղբյուր է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի մահից հետո V դ. 2-րդ կեսին Հայոց եկեղեցում ստեղծված իրավիճակի, գոյություն ունեցող խմբավորումների, նրանց փոխադարձ բախումների մասին: «Թուղթն» առաջին անգամ հրատարակել է Մ. Էմինը (1853, Մոսկվա), աշխարհաբարի վերածել Մ. Նալբանդյանը (1868, Ս. Պետերբուրգ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Պետք է խոսքերի վայելուչ դասավորություն, ինչպես կանոնավոր գիտությունը պահանջում է, պատկառանքով ստույգը գրել, որ իմաստասերները լսելով՝ չպարսավեն. չեղածը չավելացնել՝ խոսքը անտեղի երկարացնելու համար, եղածները չպակասեցնել և անփույթ խոսքերով կիսատ-պռատ պատմել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշությամբ»:

Գործունեությունը

Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոցը» կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո: Բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից: Այն ընդգրկում է մեկ հարյուրամյակ՝ Հայաստանի 387-ի բաժանումից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) մինչև 487-ին ներքին ինքնուրույնության արտոնումն ու Վահան Մամիկոնյանի մարզպան նշանակվելը: «Պատմությունը» եզակի և արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 460–480-ական թթ. հայ-պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482–484 ապստամբության մասին: Երկը նաև անփոխարինելի աղբյուր է Հայաստանի և հարևան երկրների քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքն ուսումնասիրելու համար: «Պատմություն Հայոցը» առաջին անգամ տպագրվել է 1793-ին, Վենետիկում (աշխարհաբար՝ 1895-ին, Ալեքսանդրապոլում), ֆրանսերեն մասնակի հրատարակվել է 1843-ին՝ Գ. Գապամաճյանի, ամբողջությամբ՝ 1869-ին՝ Ս. Կանթարյանի (Կեսարյան) թարգմանությամբ: «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան») հրատարակվել է 1904-ին, Թիֆլիսում:

Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Փարպիից արևելք գտնվող Լազրևան գյուղում (այժմ՝ Ղազարավան) իր հիշատակին կառուցված եկեղեցու (մինչև XIX դ. կանգուն էր) հարավային ավանդատան մեջ, մեկ այլ տարբերակով՝ Մուշի Առաքելոց վանքում:

Երկ. Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ