Կենսագրությունը
ՕՐՄԱՆՅԱՆ Մաղաքիա [ավազանի անունը՝ Պողոս, 11(23).2.1841, Կ. Պոլիս – 6(19).11.1918, Կ. Պոլիս], աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության գործիչ, Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896–1908): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մխիթարյան վարժարանում, 1851-ից ուսումը շարունակել է Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում. ընդունել է կաթոլիկություն: 1867-ին նշանակվել է Հռոմի Անտոնյանց վանքի վարժարանի տեսուչ:
Գործունեությունը
1868-ին Օրամանյանը ստացել է իմաստասիրության, աստվածաբանության, եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ: Տիրապետել է իտալերեն, ֆրանսերեն, հունարան, լատիներեն, արաբերեն, թուրքերեն լեզուներին: Խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից՝ 1870-ին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ ֆրանսերեն և հայերեն թերթերում տպագրված հոդվածներով բացահայտ պայքարել է հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ: Այդ շրջանում գրել է «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (իտալերեն,1870), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (ֆրանսերեն,1872), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (իտալերեն, 1872), «Վատիկան և Հայք» (ֆրանսերեն, 1873), որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկում: 1875-ին Հռոմում հանդիպել է Ջ. Գարիբալ-դիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր: 1877-ին Կ. Պոլսում հրաժարվել է կաթոլիկությունից և 1879-ին ստացել Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան: 1880-ին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, կապ հաստատել «Պաշտպան հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում: 1886-ին Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս, 1887-ին Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել է Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու: Սակայն Օրամանյանի ազատախոհ ճառերը գրավել են ռուսական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է կայսրության սահմաններից: 1889-ին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի վանքի վանահայր ու իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ: Ընտրվելով Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ Օրամանյանը սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում վարել է զգույշ, չափավոր, պահպանող. քաղաքականություն, ինչը հարուցել է ազգային կուսակցությունների առաջնորդների, մտավորականության ու Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը, և հանիրավի ամբաստանվել է: 1908-ի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրամանյանին հայտարարել պաշտոնանկ: 1913-ի հունվարի 3-ին Ազգային երեսփոխան. ժողովն արդարացրել է նախկին պատրիարքին (ի պաշտպանություն Օրամանյանի՝ ճառով հանդես է եկել Գ. Խ. Զոհրապը): Պաշտոնաթող Օրամանյանը զբաղվել է գրական և գիտական գործունեությամբ: Գրել է «Հայոց եկեղեցին և իւր պատմութիւնը, գրականութիւնը ու ներկա կացութիւնը» (1910-ին՝ ֆրանսերեն, 1911-ին՝ հայերեն, 1912-ին՝ անգլերեն, 1913-ին՝ ռուսերեն) աշխատությունը: 1911-ին հրատարակել է «Համապատում» (4 ավետարանների համեմատական միացյալ տեքստը) գիրքը: 1914-ին Ազգային ժողովի հանձնարարությամբ մեկնել է Երուսաղեմ՝ պատրիարքության վեճերը հարթելու: 1914–17-ին Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում: 1918-ին վերադարձել է Կ. Պոլիս: