Կենսագրությունը
ԱՇՈՏ Գ Ողորմած (ծ. թ. անհտ – 977, թաղված է Հոռոմոսի վանքում), Հայոց թագավոր 953-ից: Հաջորդել է հորը՝ Աբաս Բագրատունուն: Կատարելագործել է երկրի վարչական կառավարման համակարգը, ինչի շնորհիվ ձևավորվել է հայկական թագավորությունների դաշնակցային միու-թյուն՝ Աշոտ Գ-ի գերագահությամբ:
Գործունեությունը
Թագավորության հոգևոր կենտրոններ են դարձել նրա և կնոջ՝ Խոսրովանույշ թագուհու հովանավորությամբ կառուցված Սանահինի և Հաղպատի վանքերը: 958-ին որդուն՝ Սմբատ Բ-ին, կարգել է գահակից: 961-ին մայրաքաղաք է հռչակել Անին: Նշանավորվել է շինարարական աշխատանքներով (հատկապես Անիի կառուցապատմամբ), ինչպես նաև զինված ուժերի հզորացմամբ: 974-ին կանխել է բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկի արշավանքը Հայաստան: Աշոտ Գ-ի գահակալումը նշանավորվել է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային վերելքով: Իր գթասրտության և ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար ստացել է Ողորմած պատվանունը: