haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

Հեթանոս Աստված

Կենսագրությունը

Հայկ նահապետի անդրանիկ որդին էր Արամանյակը, սրա անդրանիկ որդին էր Արամայիսը, սրա անդրանիկը Ամասիան, Ամասիայինը՝ Գեղամը, Գեղամի անդրանիկը՝ Հարման, Հարմայինը՝ Արամը և վերջապես Արամի անդրանիկ որդին՝ Արա Գեղեցիկը: Այնքան մեծ էր Արամի հեղինակությունը, որ նրա անունով էին մեր երկիրն ու ազգը կոչում դրացի ժողովուրդները. Հույները՝ Արմեն, պարսիկներն ու ասորիները՝ Արմենիկ: Արամը ողջ ժառանգությունը թողնում է իր գեղեցիկ որդուն՝ Արային: Արամի մահից հետո Հայաստանում իշխանությունն անցնում է Արա Գեղեցիկին: Արա Գեղեցիկը շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազատագրական պայքարը: Նրան նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ: Արա Գեղեցիկին էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց: Արան մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծո, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին: Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ: Ըստ ժամանակակից պատմաբանների, Արա Գեղեցիկը հայոց մի քանի թագավորների բնավորությունների լավագույն գծերի հիմքում ստեղծված հայոց հայրենասեր թագավորի անձնավորումն է, և որպես առանձին արքա գոյություն չունի: Հայագիտության մեջ կան տեսակետներ, որ Արա Գեղեցիկը ներկայացրել է բուսականության, բերքի և բնության, մահվան ու հարության աստվածությունը: Նրա պաշտամունքի հետ են կապված «Վիշապ» քարակոթողները, որոնք, ըստ էության, Արա Գեղեցիկի արձաններն են: Վերջիններս Հայոց լեռներում, աղբյուրների ակունքներում կանգնեցվել են ոռոգման ջրերով բերքն ապահովելու նպատակով:

Գործունեությունը

Արա Գեղեցիկն ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ: Արայի և Նուարդի սիրո ու նվիրվածության մասին հայտնի էր բոլորին, ինչի մասին նաև վկայում է Մովսես Խորենացու «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը, որն արտահայտում է Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը: Արա Գեղեցիկի կառավարման ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի թագավորական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին: Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել: Հին Հունական առասպելներում Շամիրամը համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը, ում իբր խնամել են աղավնիները, և նա էլ՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի: Բայց ահա Մովսես Խորենացին Շամիրամին անվանում էր անառակ, վավաշոտ և այրասեր: Եվ ահա, երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումներով խնդրում Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունները կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ: Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել: Պատգամագնացությունները կրկնվում են մի քանի անգամ՝ Շամիրամի նորանոր խոստումներով, հորդորներով ու աղաչանքներով, սակայն ամեն անգամ արժանանում են Արայի մերժմանը: Երբ այդ բազում բանագնացությունները դառնում են անարդյունք, Շամիրամը սատիկ զայրանում է, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու: Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան իր ձեռքը գցելու, նվաճելու, իր մոլեգին ցանկությունները կատարել տալու և տռփանքը հագեցնելու: Շաիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ: Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային: Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից: Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին: Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված: Շաիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը: Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով. - Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա: Շամիրամը հույս ուներ իր հմայական դյութությամբ վերակենդանացնել Արային: Բայց երբ դիակը սկսում է քայքայվել, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր հոմանիներից մեկին պաճուճապատում է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին: Այսուհետ նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառաբանանը»: Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում: Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժողովրդի հուզմունքը: Երբ Արա գեղեցիկը ընկավ Շամիրամի դեմ մղված ճակատամարտում, նա արդեն ուներ տասներկուամյա մի տղա՝ ծնված իր սիրելի կնոջից՝ Նուարդից:

Տեսանյութերը

Արա Գեղեցիկ - Ա. Արար՝ Ասորեստան...

Արա Գեղեցիկ և Շամիրամ`...

Զարմանադարան. Արա Գեղեցիկ և Շամի...

Արա Գեղեցիկ- Բ. Արար՝ Հայոց Աշխա...

Արա Գեղեցիկ- Գ. Արար՝ Ռազմադաշտ...

Օգտագործող Գաղտնաբառ