haymard

Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՇԱԿ Բ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ 368

Կենսագրությունը

ԱՐՇԱԿ Բ (ծ.թ. անհտ – մոտ 368), Հայոց Արշակունի թագավոր 350-ից: Հաջորդել է հորը՝ Տիրանին: Գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ դժգոհություն առաջացնելով հռոմեական արքունիքում: Կայսրը սպանել է Արշակ Բ-ի պատանդ եղբորը՝ Տրդատին, և մեծ զորքով արշավել Հայաստան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Արշակ Բ հարկադրաբար հաշտություն է կնքել և ճանաչել Հռոմեական կայսրության գերիշխանությունը: Հաշտությունն ամրապնդվել է Արշակ Բ-ի և կայսեր ազգականուհի Ողիմպիայի ամուսնությամբ: 350-ական թթ. խաղաղ պայմաններում Արշակ Բ զբաղվել է տնտեսական և ռազմական բարեփոխումներով, Ներսես Ա Մեծի հետ կազմակերպել լուսավորության և այլ գործեր: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և հզոր միապետություն՝ վարել է անջատամետ նախարարներին զսպելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, կենտրոնական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով փորձել է ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ Արշակավան քաղաքը (Կոգովիտ գավառում), սակայն հանդիպել է պարսկական արքունիքի աջակցությունը վայելող հայ նախարարների դիմադրությանը: 359-ին Հռոմի և Պարսկաստանի միջև վերսկսված պատերազմում Արշակ Բ դաշնակցել է Հռոմեական կայսրությանը, արշավել Հայոց Միջագետք՝ այն պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը 363-ին ստորացուցիչ պայմանագիր է կնքել Շապուհ II-ի հետ և պարտավորվել չօգնել Արշակ Բ-ին: 364–368-ին, հայ-պարսկական պատերազմի ընթացքում, Արշակ Բ պաշտպանել է երկրի անկախությունը: Շապուհ II-ը Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա խաբեությամբ ձերբակալել նրան և  Վասակ Մամիկոնյանին: Արշակ Բ Շապուհ II-ի հրամանով նետվել է Անհուշ բերդը, որտեղ ինք-նասպան է եղել (ըստ հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսի՝ մահապատժի ենթարկվել): Արշակ Բ-ին է նվիրված Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան, Ս. Զորյանի «Հայոց բերդը» պատմավեպը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ