ԱՐՏԱՎԱԶԴ Բ (ծ.թ. անհայտ – մ.թ.ա. 31, Ալեքսանդրիա (Եգիպտոս)], Արտաշեսյան արքայատոհմի թագավոր (մ.թ.ա. 55–34), դիվանագետ: Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ Մեծին: Մերձավոր Արևելքում Հռոմի և Պարթևստանի մրցակցության պայմաններում նպատակադրվել է կանխել Հռոմի հաղթանակը և դրանով իսկ Հայաստանի անկախության համար վտանգավոր իրավիճակի ստեղծումը:
"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"
Գործունեությունը
Մ. Կրասոսին չտրամադրելով 16000-անոց հայկական հեծելազոր՝ պայմանավորել է հռոմեական բանակի մարտավարական խոցելիությունը Խառանի ճակատամարտում (մ.թ.ա. 53): Հայաստանը դրանով իսկ ձեռք է բերել երրորդ ուժի վճռորոշ դիրք. հռոմեա-պարթևական պատերազմներին անմիջապես չմասնակցելով՝ պայմանավորել է դրանց ելքը: 53-ի հունիսին Արտաշատում հռչակել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ:
Մ.թ.ա. 51–50-ին և 40–38-ին, հռոմեական Սիրիա (Ասորիք), Փյունիկիա և Փոքր Ասիա պարթևների ներխուժման ժամանակ, Արտավազդ Բ պահպանել է չեզոքություն: Մ.թ.ա. 49–48-ին աջակցել է Գնեոս Պոմպեոսին՝ ընդդեմ Հուլիոս Կեսարի: Մ.թ.ա. 37-ից սատարել է եռապետ Մարկոս Անտոնիոսի նվաճողական ծրագրերը Պարթևստանի նկատմամբ՝ միաժամանակ եռապետ Օկտավիանոսի հետ արդեն գաղտնի պայմանավորվածություն ունենալով Անտոնիոսի դեմ: Մ.թ.ա. 36-ին իր գործելակերպով առավելագույնս նպաստել է Անտոնիոսի հակապարթևական արշավանքի տապալմանը: Արտավազդ Բ հետամտել է Հայաստանի համար հռոմեա-պարթևական շրջափակումը («աշխարհաքաղաքական աքցան») վերացնելու նպատակ: Մ.թ.ա. 40–36-ին Հռոմի և Պարթևստանի փոխադարձ թուլացմամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Մերձավոր Արևելքում Հայաստանի գերիշխան դիրքի վերականգնման համար: Մ.թ.ա. 35–34-ին գլխավոր վտանգը տեսնելով Արևմտյան Միջերկրածովքի տիրակալ Օկտավիանոսի կայսերապաշտ ծրագրերում՝ Արտավազդ Բ նպատակադրվել է Մարկոս Անտո-նիոսին օգտագործել որպես փակապատնեշ ընդդեմ Օկտավիանոսի՝ միաժամանակ անկախ դիրք պահպանելով Անտոնիոսի թիկունքում: Այդ նկատառումով փորձել է հաշտվել Անտոնիոսի հետ: Արտաշատի մոտ բանակցելու ընթացքում գերվել է Անտոնիոսի կողմից, գերեվարվել Ալեքսանդրիա և ենթարկվել մահապատժի: Արտավազդ Բ գրել է ողբերգություններ, ճառեր, պատմական երկեր (հունարեն), որոնց մի մասին ծանոթ է եղել հույն գրող Պլուտարքոսը: Արշակ Բ-ի պատկերով հատվել է դրամ:"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"