haymard

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ

Փիլիսոփա (Իմաստասեր)

Ծնվել է՝ 5_րդ դար - Մահացել է՝ 6_րդ դար

Կենսագրությունը

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, Դավիթ Ներգինացի, Դավիթ Արմենիոս [մոտ 475, գ. Ներգին (Տարոնի գավառ) – VI դ. կես, Հաղպատ), փիլիսոփա, տրամաբան, նորպլատոնականության ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչ: Սովորել, ապա երկար տարիներ դասավանդել է Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայության դպրոցում (Ալեքսանդրիա): «Անհաղթ» պատվանունը ստացել է հրապարակային փիլլիսոփայական վեճերում տարած հաղթանակների համար: Ծեր տարիքում վերադարձել է հայրենիք, գլխավորել հունաբան դպրոցը, վճռական դեր խաղացել հայ աշխարհիկ փիլիսոփայության պրոբլեմատիկայի և տերմինաբանության ձևավորման բնագավառում: Իր գործունեությամբ հարուցել է պահպանողական կղերի դժգոհությունը, հալածվել է, հեռացել Հաղպատ: Հետագայում եկեղեցին, գնահատելով նրա ծառայությունները, դասել է սրբերի շարքը, աճյունը տեղափոխել և ամփոփել Մշո Առաքելոց վանքում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դավիթ Անհաղթին են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն «Ներա-ծութեանն» Պորփիւրի», «Մեկնաբանութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի «Վերլուծականն» Արիստոտէլի» երկերը: Դավիթ Անհաղթը քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, ապացուցել աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը, հաստատել փիլիսթփայության գոյության իրավունքը և այդ կապակցությամբ առաջադրել փիլիսոփայության վեց սահմանումներ, որոնք վերցրել է Պյութագորասից, Պլատոնից և Արիստոտելից: Փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, պաշտպանել Աստծու, որպես ամեն ինչի պատճառի և արարչի, գոյության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը: Աստված անճանաչելի է, սակայն Աստծուն կարելի է մոտենալ՝ ճանաչելով նրա արարած բնությունը: Դավիթ Անհաղթի իմացաբանությունը շեշտված մատերիալիսական բնույթի է: Ճանաչողության գործընթացը, ըստ նրա, ունի զգայական ու բանական ձևեր և զգացության, երևակայության, կարծիքի, դատողականության ու բանականության աստիճաններ. առաջին չորս աստիճանները փորձի, արվեստի և գիտության հիմքն են, իսկ բանականությունը՝ փիլիսոփայության, այն ճանաչում է իրերի մեջ ընդհանուրը և անփոփոխը, նրանց էությունը: Առաջադրելով գիտությունների դասակարգման հարցը՝ նա կենտրոնում դրել է «արվեստների արվեստը և գիտությունների գիտությունը»՝ փիլիսոփայությունը: Գիտությունների ստորին՝ նախապատրաստական աստիճանում զետեղել է քերականությունը, ճարտասանությունը և տրամաբանությունը կամ դիալեկտիկան. վերջինս իր զարգացման բարձր մակարդակում տեսական և գործնական փիլիսոփայության հետ կազմում է բուն փիլիսոփայության մասը: Տեսական փիլիսոփայության մասերն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան: Գործնական փիլիսոփայության մասերն են բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքականությունը: Գիտությունների «անհաղթյան□ դասակարգումը նպաստել է գիտության տարբեր ճյուղերի ինքնորոշմանը և դարձել միջնադարյան կրթության  հիմքը: Մարդու իդեալը, ըստ Դավիթ Անհաղթի, կատարյալ փիլիսոփան է, նա նման է Աստծուն և օգնում է ուրիշներին՝ նմանվելու Աստծուն: Փիլիսոփայությանը տվել է ընդգծված բարոյագիտական ուղղվածություն, մեծ տեղ հատկացրել մարդու հիմնախնդրի քննարկմանը: Դավիթ Անհաղթը տրամաբանական գիտության հիմնադիրն է Հայաստանում, որը նա դիտել է որպես փիլիսոփայության մաս և գործիք, հիմնական կորիզը համարել ապացուցման դեդուկտիվ եղանակների, հավաքաբանության (սիլլոգիզմ) մասին ուսմունքը: Տրամաբանական կատեգորիաների և գործողությունների ծագումը բացատրում է որպես մարդկանց գործնական կարիքների ծնունդ: Ունիվերսալիաների հիմնահարցը լուծել է չափավոր ռեալիզմի դիրքերից (այդ ձևը հետագայում ընդունել են Իբն Սինան, Թովմա Աքվինացին և ուր.):

Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը սկզբնավորել է հայկական արիստոտելականությունը, նրանով է ավարտվում հայ փիլիսոփայական գիտության ձևավորումը, բարերար ազդեցություն է ունեցել փիլիսոփայության նոր հոսանքների կազմավորման վրա: Դավիթ Անհաղթի հայացքների նկատելի ազդեցությունն են կրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ջուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին և ուրիշներ: Թարգմանվել է վրացերեն, նպաստել վրացական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ձևավորմանը: Շնորհիվ հունարեն բնագրերի, նրա երկերի ազդեցությունը նկատելի է միջնադարի իրանական, արաբական և հատկապես բյուզանդական փիլիսոփայության մտքի վրա:

1820-ական թթ. սկսած՝ հայ և այլազգի անվանի շատ գիտնականներ բազմիցս իրականացրել են Դավիթ Անհաղթի երկերի հրատարակությունը և դրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունը: 1980-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: Երևանում Դավիթ Անհաղթի անունով կոչվել են փողոց և հրապարակ, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը:

 

Երկ. Մատենագրութիւնք, Վնտ., 1932:

Սահմանք իմաստասիրութեան: Համահավաք քննական բնագիրը և ռուս. թրգմ. Ս. Արևշատյանի, Ե., 1960:

 Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի: Համահավաք քննական բնագիրը և ռուս. թրգմ. Ս. Արևշատյանի, Ե., 1967:

Դավիթ Անհաղթ: Մատենագիտական ցանկ, Ե., 1980:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Սբ. Դավիթ Անհաղթ Փիլիսոփա - 1...

Սբ. Դավիթ Անհաղթ Փիլիսոփա - 2...

Օգտագործող Գաղտնաբառ