haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԴԱՎԻԹ ԲԵԿ

Զինծառայող

Ծնվել է՝ 17_րդ դար - Մահացել է՝ 18_րդ դար

Կենսագրությունը

ԴԱՎԻԹ ԲԵԿ (ծ.թ. անհտ – 1728), հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, զորավար: Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի մելիքների որոշման համաձայն՝ Դավիթ Բեկն իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դավիթ Բեկն արագ կազմակերպել է հայկական զորախմբեր, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական կայուն հենակետեր, սանձել Սյունիք թափանցած վաչկատուն հրոսակախմբերի խժդժությունները: Հակահարված հասցնելով մահմեդականացած հայ մելիքներ Բաղրին (Տաթևում), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետերի՝ բռնագրավել է նրանց տիրույթները և տվել իր զորահրամանատարներին: 1724-ի սկզբին Արցախից օգնության եկած Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր մղելով Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ, ազատագրելով Շինուհայրը, Հալիձորը, Զեյվան, Որոտանը՝ Դավիթ Բեկն Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով: Կազմակերպել է մշտական կարգավարժական բանակ, որը հսկել է ռազմական կարևոր հենակետերը: 1724–25-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ Թորոսը, Մխիթար Սպարապետը, Ս. Շահումյանը, Տեր-Ավետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմ, մաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից: 1725–27-ին, երբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասը, առժամանակ ջլատվել են Դավիթ Բեկի ուժերը: Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտ) և մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ: Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ Դավիթ Բեկը նրանց մնացորդներին ոչնչացրել է Մեղրիի, Բարգուշատի և Բեխ ավանի մատույցներում: Վերականգնելով անկախությունը՝ Դավիթ Բեկը 1727-ին կապ է հաստատել Պարսից շահ Թահմազ II-ի հետ, որը ճանաչել է նրա իշխանապետությունը Սյունիքում, տվել դրամ հատելու իրավունք: Սակայն քաղաքական անբարենպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ ուժերը չեն կարողացել երկար դիմադրել մահմեդական թշնամիների գերակշիռ ուժերին: 1728-ի գարնանը թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը: Այդ ժամանակ էլ Դավիթ Բեկը հանկարծամահ է եղել, նրան փոխարինել է Մխիթար Սպա-րապետը: 1882-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան (1941–50), նկարահանվել է «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմը (1944, Հայֆիլմ): Դավիթ Բեկի անունով փողոցներ են կոչվել Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը (1978):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ազգ եւ Հայրենիք - ԴԱՎԻԹ ԲԵԿ....

Օգտագործող Գաղտնաբառ