haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 250 - Մահացել է՝ 330

Կենսագրությունը

ՏՐԴԱՏ Գ Մեծ (250-ական թթ. – մոտ 330), Հայոց թագավոր 287-ից: Հոր՝ Խոսրով Ա-ի սպա-նությունից հետո մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսրի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատ Գ ժամանակավորապես (274–276) տիրել է Հայոց գահին: 287-ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Վերջինս հռոմեական զորքերի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Տրդատ Գ ավելի քան տասը տարի պատերազմներ է մղել Սասանյան Պարսկաստանի դեմ՝ նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշինքով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին): 298-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական քառասնամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն ստիպված հրա-ժարվել են «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը: Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ Գ վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական» սահմանագծերը, անցկացրել նոր «աշխարհագիր», կարգավորել հարկային համակարգը և այլն: Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին: Հետագայում, փոխելով իր քաղաքականությունը, Տրդատ Գ ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և 301-ին քրիստոնեությունը Հայաստանում հռչակել է պետական կրոն: Նրա հրովարտակով Գրիգոր Ա Լուսավորիչը 302-ին մեկնել է Կեսարիա և ձեռնադրվել Հայոց եպիսկոպոսապետ: Սկզբնական շրջանում Հռոմեական կայսրությունը թշնամաբար է վերաբերվել քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած Տրդատ Գ-ին, սակայն հետագայում Հայոց արքային հաջողվել է դաշինք կնքել Կոստանդիանոս Մեծ կայսրի հետ: Պարսկաստանում Շապուհ II-ի գահակալմամբ (309–379) կրկին սրվել են հայ-պարսկական հարաբերությունները: Նրան հաջողվել է Տրդատ Գ-ի դեմ հանել դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ջախջախել հյուսիսային ցեղերին:

Ըստ ավանդության՝ Տրդատ Գ կյանքի վերջին տարիներին հեռացել է Դարանաղի գավառի Սե-պուհ լան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ թունավորվել է թշնամի նախարարների կողմից: Նրա դին տեղափոխվել և ամփոփվել է Թորդանում: Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը:

Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից էր: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջականությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ-ին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ