haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏՐԴԱՏ Ա

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ 75/88

Կենսագրությունը

ՏՐԴԱՏ Ա (ծ.թ.անհտ – մոտ 75/88), Մեծ Հայքի թագավոր 52-ից: Պարթևաց Արշակունի արքա Վոնոն II-ի որդին, Պարթևստանի թագավոր Վաղարշ I-ի եղբայրը: 52-ին հայոց ավագանու օժանդակությամբ Մեծ Հայքն ազատագրել է հռոմեացիներից՝ Արտաշատ մայրաքաղաքից վտարելով Հռոմի դրածո թագավոր Հռադամիզդին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

54-ին Տրդատ Ա հաստատվել է հայկական գահին, հիմնադրել հայ Արշակունիների արքայատունը: Տրդատ Ա-ին տապալելու նպատակով հռոմեական զորքերը, Դոմետիոս Կորբուլոնի հրամանատարությամբ, 58-ի գարնանը ներխուժել են Մեծ Հայք: Տրդատ Ա օգնություն չստանալով Վաղարշ I-ից` նահանջել է Ատրպատական: 59-ի գարնանը հռոմեական զորքերը գրավել և հրկիզել են Արտաշատը: Նվաճված Մեծ Հայքի թագավոր է նշանակվել Տիգրան Զ: Վաղարշ I հաշտություն է կնքել Վրկանաց աշխարհի հետ և ռազմական ուժեր կենտրոնացրել Հայոց Միջագետքում՝ Կորբուլոնի դեմ: Վերջինս հարկադրված Մծբին քաղաքում Վաղարշ I-ի հետ ստորագրել է զինադադար՝ Տրդատ Ա-ի գահի ներքո: Հռոմեական կայսր Ներոնը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր բանակ՝ Լուկիոս Պետրոսի հրամանատարությամբ: 62-ի գարնանը հայ-պարթևական բանակը զինաթափվել է և հեռացել Հայաստանից: Ներոնի հրամանով Արևելքի գլխավոր հրամանատար Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ ստորագրել է հաշտություն (64-ի Հռանդեայի պայմանագիր), ճանաչել Մեծ Հայքի անկախությունը՝ պայմանով, որ Տրդատ  Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսրի ձեռքով: 65-ին Տրդատ Ա իր ընտանիքով և 3 հազար հեծյալ շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Հռոմ: Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում` բազմության և զորքի ներկայությամբ: 66-ին Տրդատ  Ա վերադարձել է Հայաստան, Ներոնից ստացված դրամի և վարպետների օգնությամբ վերաշինել ավերված Արտաշատը, Գառնին և այլ բնակավայրեր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ