haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է՝ 05/09/1896 - Մահացել է՝ 05/07/1989

Կենսագրությունը

ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ Սիրարփի Միհրանի (5.9.1896, Կ. Պոլիս – 5.7.1989, Փարիզ), արվեստաբան, բյուզանդագետ, հայագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1966): Ավարտել է Կ. Պոլսի Էսայան վարժարանը, Հայ-սքուլը, Ժնևի կոլեժը (1917) և համալսարանը (1919), Փարիզի Սորբոնի համալսարանում աշակերտել բյուզանդագետ Շ. Դիլին, Գ. Միլլեին, ռոման. և գոթ. արվեստների պատմաբան Հ. Ֆոսիյոնին, 1922-ից բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում եղել Գ. Միլլեի օգնականը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1937–67-ին Տեր-Ներսեսյանը եղել է ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի քոլեջների դասախոս, Դումբարթոն Օքս հաստատության բյուզանդական արվեստի և հնագիտության պրոֆեսոր (1946), 1958–67-ին՝ բյուզանդագիտական հետազոտությունների գործող տնօրեն, Ֆարնսֆորթ թանգարանի տեսուչ, Հարվարդի համալսարանի բյուզանդական արվեստի պրոֆեսոր, 1963-ից՝ պատվավոր պրոֆեսոր: 1924-ից լույս է ընծայել բյուզանդագիտությանը վերաբերող աշխատություններ, այդ թվում (ակադեմիայի մրցանակ) «Բարեղամի և Հովասափի վեպի նկարազարդումները» (ֆրանսերեն, 1937): Տեր-Ներսեսյանը «Հայկական նկարազարդ սաղմոսարան»-ով (ֆրանսերեն, 1929, համահեղինակ՝ Գ. Միլլե), «Էջմիածնի Ավետարանի» մանրանկարների արվեստաբանական վերլուծություններով սահմանազատել է հայկական, սիրիական, բյուզանդական մանրանկարչության առանձնահատկությունները, ապացուցել, որ այդ մանրանկարները հայ նկարիչների գործեր են, և որ VI–VII դդ-ից առաջ էլ Հայաստանում եղել է զարգացած հայկական գեղանկարչություն: «Վենետիկի Մխիթարյան հայրերի մատենադարանի XII, XIII և XIV դարերի հայկական պատկերազարդ ձեռագրերը» (ֆրանսերեն, 1937), «Հայաստանը և Բյուզանդական կայսրությունը» (1945), «Աղթամար. Ս. Խաչ եկեղեցի» (1965), նաև Դուբլինի Չեսթեր Բիթթի գրադարանի (հ.1–2, 1958), Վաշինգտոնի Ֆրիր (1963), Բալթիմորի Ուոլթերս (1973, բոլորը՝ անգլերեն) արվեստի պատկերասրահների հայկական ձեռագրերի գրացուցակ-աշխատություններով, «Բյուզանդագիտական և հայկական ուսումնասիրություններ» (1973) ժողովածուով, «Հայաստանի արվեստը» (ֆրանսերեն, 1977), «Տասներկուսից տասնչորս դարերի Կիլիկիայի Հայկական թագավորության մանրանկարչությունը» (անգլերեն, 1993) և այլ բազմաթիվ մենագրություններով վճռականորեն փոխել են օտարազգի գիտնականների տեսակետները վաղ միջնադարյան հայկական որմնանկարչության և մանրանկարչության մասին, անդրադարձել նախավերածննդի երևույթներին կիլիկյան մանրանկարչության մեջ, ճշգրտել շատ ձեռագրերի տեղն ու դերը, ազգային ինքնատիպությունն ու փոխազդեցությունները հայկական, բյուզանդական, սիրիական և վրացական արվեստում: Հայկական արվեստը դիտելով լայն, համաշխարհային խորքի վրա՝ 1945-ին եզրահանգել է, որ Հայաստանում հայկական ճարտարապետության որոշ տիպեր Բյուզանդական կայսրության սահմաններում նույնիսկ չեն փորձարկվել, իսկ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու քանդակները ժամանակին եղել են եզակի, որմնանկարների պատկերագրական համակարգը երեք դարով նախորդել է Արևմուտքին: Հանրամատչելի գործերից են՝ «Հին երկրներ և ժողովուրդներ» մատենաշարով՝ «Հայեր»-ը (անգլերեն, 1969) և այլն:

Ֆրանսիայի Արձանագրությունների և գեղարվեստական գրականության ակադեմիայի (Շլումբերժեի անվան մրցանակ՝ 1963), Հնագետների ազգային միության, Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ: Անգլիայի Հնագետների միության ոսկե շքանշան (1960), ՀԽՍՀ ԳԱ Անանիա Շիրակացու անվան (1981) և այլ մրցանակներ:

Երկ. Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975:

L’art byzantin art europe՛en, Athe՛nes, 1964;

The Armenians, L., 1969;

L’illustration des Psautiers Grecs du Moyen Age, v. 2, P.,1970:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ