haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄԿՐՏԻՉ ԷՄԻՆ (ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

Բանասեր , Թարգմանիչ , Պատմաբան

Ծնվել է՝ 25/11/1815 - Մահացել է՝ 25/12/1890

Կենսագրությունը

ԷՄԻՆ (Կարապետյան) Մկրտիչ Հովսեփի (25.11.1815, Նոր Ջուղա – 25.12.1890, Մոսկվա), բանասեր, պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ: Սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: 1834-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1838-ին՝ Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բանասիրական բաժինը: 1838-ից՝ Լազարյան ճեմարանի հայոց լեզվի ուսուցիչ, 1840-ից՝ նաև տեսուչ, 1848–55-ին՝ ճեմարանի լիցեյական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1866–69-ին՝ Վլադիմիրյան նահանգի դպրոցների վերատեսուչ, 1870-ին՝ Մոսկվայի 5-րդ գիմնազիայի տնօրեն, 1871–82-ին՝ Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, 1883–90-ին՝ նաև հայագիտության ամբիոնի վարիչ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Էմինը լույս է ընծայել «Քերականութիւն հայկական լեզուի» (1846), «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց... » (1849) դասագրքերը: «Վեպք հնոյն Հայաստանի»  (1850) ուսումնասիրությունը պատմաքննական գրականության առաջին փորձերից է՝ նվիրված ազգային վիպասանությանն ու վիպական երկերին: Այդ հարցը խորացված է «Մովսես Խորենացի և հայոց հին վեպերը» (ռուսերեն՝ 1881, հայերեն՝ 1886), «Մովսէս Խորենացի եւ հին հայկական վեպ» (1887) աշխատությունների մեջ: Հայ դիցաբանության հարցեր են քննարկված «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» (1864, ռուսերեն, թարգմանվել է ֆրանսերեն, որից էլ հայերեն՝ «Հնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն», 1875), «Հետազոտութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեան» (1877), «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, ռուսերեն) և այլն գործերում: Էմինի առավել ուշագրավ գործերից է «Հայկազանց տոհմական ցուցակ ըստ Հայոց պատմության Մովսիսի Խորենացվո և ժամանակագրական աղյուսակ հ. Մ. Չամչյանի» (1884, ռուսերեն) հետազոտությունը: Էմինի մի շարք ուսումնասիրություններով «Հրեա գաղթականությունը հին հայոց մեջ», 1880, «Մեդացիները հին Հայաստանում», «Ժյուլի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացատրությունը», 1880, «Արմավիր», 1882 և այլն, բոլորն էլ՝ ռուսերեն) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութների և գաղթականության վերաբերյալ պատմությանը: Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը» (1853), Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմություն Հայոց» (1860), Վարդան Արևելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշխատությունների քննական բնագրերը: Էմինը ռուսերեն է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը» (1858), Վարդան Արևելցու «Պատմությունը» (1861), Ստեփանոս Տարոնեցու «Պատմությունը» (1864), ֆրանսերեն՝ Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոցը» (1867) և այլն: Էմինի երկերի ամբողջական հավաքածուն լույս է տեսել Մոսկվայում (հ. 1–3, 1893–97): Էմինի կտակած միջոցներով հրատարակվել է «Էմինյան ազգագրական ժողովածուն» (9 հ.):

Երկ. Երկասիրութիւններ հայոց լեզուի, գրականութեան եւ պատմութեան մասին (1840–1855), Մ., 1898:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ