haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՇՈՏ ՌՈՒԲԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 21/09/1958 - Մահացել է՝ 03/02/1994

Կենսագրությունը

«Իմ ծննդյան օրը հարմարեցրինք Անկախության օրվան» /Աշոտ Մանուկյան/

«Սասունցի Դավիթ» կամավոր, աշխարհազորային ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Ռուբենի Մանուկյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Երևանում: Սովորել է թիվ 93 միջնակարգ դպրոցում,որը հետագայում անվանակոչվեց նրա անունով: Այնուհետև ուսումը շարունակել է Կիևում՝ սննդի արդյունաբերության ինստիտուտում: Աշոտի մայրը՝ Արաքսյան, տարիներ հետո հիշում էր, թե ինչպես ընդմիշտ կորցրեց իր սիրելի որդուն: Պատահմամբ հեռուստացույցով տեսել է, հասկացել, որ որդին մեկնել է պատերազմ, փորձել է ետ պահել, բայց... Աշոտը իր հայրենիքն ավելի էր սիրում. «Մամ ջան, բա ի՞նչ անեմ, թուրքը գա մեզ մեր նաֆարի, մեր տան մեջը փրթի, մենք էսպես նստե՞նք,քնե՞նք»... 1990 թվականի հունվարին ազատության հրապարակում՝ միտինգի ժամանակ Աշոտ Մանուկյանը ներկայացնելով սահմանամերձ շրջաններում տիրող վտանգահարույց վիճակը, կոչ է անում դավիթաշենցիներին հավաքվել երեկոյան և քննարկել մարտական ջոկատ կազմելու հարցը. «Միտինգներով հայրենիք չես պահի, և հող չես ազատագրի, արդարությունը նվաճում են, այն ոչ ոք մեզ չի նվիրելու հոժարակամ»: Ընդամենը երեք օր պահանջվեց, որ դավիթաշենցի կամավորականներից կազմվի «Սասունցի Դավիթ» ջոկատը: Աշոտ Մանուկյանը պնդում էր՝ պետք է ապավինել սեփական բազկին և ոչ՝ օտարի ձեռքին: Նրա ջոկատը փառքով էր կատարում իր սրբազան առաքելությունը նորանկախ, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների պաշտպանության և խաղաղության ամրապնդման համար: Աշոտ Մանուկյանը՝ մեծ հայրենասերի գիտակցությամբ, և իր մեծ նախնիի՝ Դավթի քաջությամբ, պաշտպանել է Հայաստանի սահանամերձ շրջանները թշնամու բազամաթիվ ներխուժումներից:

Գործունեությունը

Ջոկատը հենց հրամանատար Աշոտ Մանուկյանի առաջարկով է կոչվել «Սասունցի Դավիթ»: Էպոսի հերոսների նման քաջ, ազնիվ ու հայրենիքին հավատարիմ մարտիկներ էին այնտեղ կռվում: Դպրոցում Աշոտը այս դասը շատ լավ էր սովորել: Իսկ ընկերների հետ խաղում նա հրամանատարն էր, նաև կազմակերպված բոլոր միջոցառումների հեղինակը: Մարտի դաշտում նա և՛ խստապահանջ հրամանատար էր, և՛ զինվոր: Լեգենդար հրամանատարն իր վրա էր վերցրել տղաների սննդի, հագուստի և զենքի մատակարարման հոգսը, մարտի դաշտում խելամիտ մարտ կազմակերպելու պատասխանատվությունը: Աշոտի տղաների մարտական մկրտությունը Երասխավանում էր: 1990 թվականի հունվարի 17-ին սկսվեցին կատաղի մարտերը, որոնք ավարտվեցին հաջորդ օրը երեկոյան: Հայ զինվորները գրավեցին Երասխավանի բարձունքները: Այնուհետև Նոյեմբերյան, Գորիս, Մեղրի, Իջևան ու արցախյան ճակատ: Մարտական ընկերները հիշում են, որ անգամ այդ թեժ ժամանակամիջոցում Աշոտը հասցնում էր հարսանիքների մասնակցել, ընկերների հուղարկավորության հարցերով զբաղվել և նյութական օգնություն ցուցաբերել մարտական ընկերների ընտանիքներին: Ինքն՝ Աշոտ Մանուկյանը, հաճախ էր կրկնում. «Չվարկաբեկենք կռվող տղաներին, կռվողների մեջ էլ սխալներ կան, մենք պատերազմ չենք տեսել, այդ մասին մեր պապերից ենք լսել: Բոլորս էլ սխալներ ունենք, սխալները պետք է ուղղել, բայց ունենք լավ կռվող տղաներ, որ թիկունքից պահում են և պաշտպանում բոլոր այս կռվողների ընտանիքներին»: «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարին չորս ամիս չբավականացրեց Արցախյան հաղթանակը տոնելու համար: Չորս ամիս էր մնացել հրադադարի հաստատմանը: Նա զոհվեց 1994 թվականի փետրվարի 3-ին:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ա. Մանուկյանի մասին.

«Աշոտ Մանուկյանն ամենաառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք՝ ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր

ջոկատին էր զենք մատակարարում, այլև՝ ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ»: /Վազգեն Սարգսյան/ 

«Մի անգամ իր ջոկատի տղաների վրա բարկացա՝ զինամթերք խելամիտ չօգտագործելու համար: Երբ տղաներն այս մասին նրան պատմեցին, հիշեցրեց, որ ինքն է ջոկատի հրամանատարը, հետո «սպառնաց», թե կկոչումազրկի գնդապետից լեյտենանտի»: /Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)/ 

«Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք: Այդ ամբողջ զորահամերգը բխում էր զուտ հոգուց, ազգային գաղափարներից, հայ ֆիդայու մտքից: Աշոտ Մանուկյանը, իրոք, ամեն ինչ արել է, այսօրվա անկախ ու խաղաղ պետության համար: Ցավոք սրտի, վաղամեռիկ դարձավ, կուզենայի, որ իր նմանները ողջ լինեին և տեսնեին, թե ինչ է կատարվում»: /Հրամանատար Արամ Թորգոմյան/

Նկարները
Տեսանյութերը

Աշոտ Մանուկյան

Երգ նվիրված հրամանատար Աշոտ Մանո...

Աշոտ Մանուկյանի հուշարձանի բացան...

Հուշ-երեկո՝ նվիրված հրամանատար Ա...

Լեգենդար հրամանատարը. Աշոտ Մանու...

Օգտագործող Գաղտնաբառ