haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՄՈՒՇԵՂ ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՄԽՈՅԱՆ (ՎՈԺԴ)

Զինծառայող

Ծնվել է՝ 01/01/1951 - Մահացել է՝ 04/05/1991

Կենսագրությունը

Ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից Մուշեղ Քրիստափորի Մխոյանը ծնվել է 1951 թվականին: Քանի՜-քանի՜ մայր է լսել՝ աչքդ լույս լինի. տղա ես ունեցել... Անշուշտ շատերն են լսել, բայց քչերը կարող են հպարտանալ, որ առյուծասիրտ որդի են պարգևել հայրենիքին: Անվեհեր առյուծասիրտ Մուշեղը անվիճելի հեղինակություն էր մարտական ընկերների շրջապատում: 1989 թվականին Երևանում Սամսոն Ղազարյանի հետ կազմավորել էին «Միավորված ուժերի շտաբը» (ՄՈՒՇ), որի հրամանատարը Վոժդն էր՝ նույն ինքը Մուշեղ Մխոյանը: Նրա խոսքը գործ էր, ազատագրված ամեն մի թիզ հող՝ գոյության իմաստ: Արցախյան պատերազմի առաջին հրամանատարի գլխավորած բոլոր կռիվները հաղթանակով էին ավարտվում: Վոժդը կամավորներին նախևառաջ սովորեցնում էր մահվան դեմ առ դեմ կանգնել: Ինքն էլ կանգնեց... 1988-1991 թթ. Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերը գլխավորած «Միավորված ուժերի շտաբի» հրամանատար Մուշեղ Մխոյանը զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղում: Աճյունն ամփոփված է Ծիծեռնակաբերդում:

Գործունեությունը

1990 թվականի մայիսի կեսերին խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ սովետական բանակը որոշում է կայացրել գրավել Կոմիտասի անվան այգում գտնվող հայկական կամավորական ջոկատների միացյալ շտաբը: Այդ շտաբում էին իրենց խորհրդակցություններն անցկացնում հետագայում պաշտպանության նախարար դարձած Վազգեն Սարգսյանը և մյուս ջոկատների հրամանատարները: Այս ամենը մինչև հայկական բանակի ձևավորման ժամանակահատվածն էր: Նույն օրերին Սարի թաղի Վրեժն իր ջոկատի մի քանի տղաների հետ պատանդ է վերցնում սովետական բանակի 3-4 հրամանատարի, ովքեր փորձում էին Հայաստանից դուրս բերել 17 տանկ, և ստիպում այդ տանկերից 15-ը քշել Կոմիտասի այգի՝ դրանք հայկական շտաբի տրամադրության տակ դնելով, իսկ մյուս երկու տանկերը Արտաշատ են տանում՝ Արտաշատի անկախության բանակի հրամանատար Սամվել Մարգարյանն ու նրա ընկերները: Այդ օրերին կամավորականների շտաբը պաշտպանում էին Շանթ Հարությունյանի ջոկատը և Մուշ ջոկատի հրամանատար Մուշեղ Մխոյանը (Վոժդ Միշիկը): Տանկերը հետ ստանալու պատրվակով բանակցությունների է գալիս գեներալ Պիսչևը: Բանակցությունները վարում էին Շանթն ու Մուշեղ Մխոյանը, ովքեր ընթացքում հասկանում են, որ Պիսչևը ժամանակ է ձգում՝ սպասելով օժանդակ ուժերի: Շանթը իջնում է բակ՝ տղաներին զգուշացնելու ենթադրվող հարձակմանը պատրաստ լինելու համար: Մի քանի րոպե անց զրահամեքենաներով զինված սովետական զորքը շրջապատում է տարածքը, և մի գնդապետ իր զինվորների հետ անձամբ կրակելով փորձում է ներխուժել շտաբի տարածք: Շանթն ու իր ընկերները պատասխան կրակ են բացում նրանց գլխավերևում՝ կանգնեցնելով գրոհող գնդապետին: Այդ լարված իրավիճակում Մուշեղ Մխոյանը, լսելով կրակոցները, դուրս գալով շտաբից, ակնթարթային վազում է մի քանի մետր՝ ընթացքից հանելով նռնակի վրայի օղակը, որը միշտ կախված էր նրա պարանոցից: Գնդապետը Միշիկի քայլից անակնկալի է գալիս, քանի որ ոչինչ չի կաչող անել. Կրակելու դեպքում ինքն էլ էր պայթելու Միշիկի հետ: Այս քայլով Վոժդը փրկում է իր, Շանթի և ընկերների կյանքը, իսկ սովետական զորքերը չեն կարողանում գրավել շտաբը և հետ խլել զենքերը: Ճիշտ է, Վազգեն Սարգսյանի գալուց հետո նորից բանակցություններ եղան, որի արդյունքում տանկերը վերադարձվեցին, սակայն պայմանով, որ դրանք մնալու են Հայաստանում:

Ցավոք վաղաժամ ընդհատվեց Մուշեղ Մխոյանի երկրային կյանքը, բայց այն, ինչ սերմանել էր Վոժդը, պատվով շարունակեցին նրա զինակիցները: Մուշեղ Մխոյանը հետմահու պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: 1996 թվականին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թիվ 68 հիմնական դպրոցը անվանակոչվեց նույն դպրոցի շրջանավարտ Մուշեղ Մխոյանի անունով: Արցախյան հերոսամարտում իր կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվորի անունն այսօր, ասես, հրամայական ուղերձ է հարազատ դպրոցում սովորողներին՝ պահանջելով լինել խիզախ, համարձակ և ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Նկարները
Տեսանյութերը

Մուշեղ Մխոյան. Մաս 1...

Վոժդ. Մուշեղ Մխոյան. Մաս 2...

Վոժդ. Մուշեղ Մխոյան. Մաս 3...

Ճանաչենք մեր հերոսներին. Մուշող...

Մուշեղ Մխոյան. Վոժդ...

Օգտագործող Գաղտնաբառ