haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՊԱՐՈՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1905 - Մահացել է՝ 1981

Կենսագրությունը

1905 թվականին Մելիք-Օհանյանների գերդաստանն ավելացավ մեկ ծնունդով: Նորածնին կնքեցին Գուրգեն անունով, որին հետագայում պիտի անվանեին Գուրոս: Վերջինս մեծացել է շքեղ առանձնատան մեջ, որի դռները միշտ բաց են եղել մտավորական հայերի ու Թիֆլիսից, Շուշիից, Երևանից ժամանած տարբեր թատերախմբերի առաջ: Ցավոք, դեռ երկու տարին չբոլորած, Գուրոսը կորցնում է իր ծնողներին և մնում հորաքրոջ խնամքին: Գուրոսը բավականին լավ տիրապետել է զենքին, նա նաև լավ որսորդ է եղել: Ապագա նկարիչը տասներկու տարեկան է եղել, երբ երիտթուրքերը գրավել են Զանգեզուրը: Մի օր էլ մտնելով իրենց նկուղ, Գուրոսը տեսնում է, որ այնտեղ երեք թուրք են դարանակալել: Նա առանց երկմտելու վերցրել է հոր զենքն ու կրակել: Տարիներ հետո խոստովանել է, որ այդ հոր վրեժն է մնացել իր մեջ, որն իրեն խանգարել է ապրելուն: Գուրգեն Պարոնյանը՝ Գուրոսը, առաջին քայլերը որպես արվեստագետ արել է լուսանկարչության ասպարեզում: Լուսանկարչություն Գուրոսը սովորել է հոր թողած գրքերից ու գրառումներից, օգտվել նրա թողած ժառանգությունից: 22 տարեկանից Գուրոսը տասը տարի շարունակ եղել է լուսանկարչության աշխարհում: Շրջել է հայրենի լեռնաշխարհի ամենադժվար հաղթահարելի ու գողտրիկ վայրերում, մագլցել ժայռեր, իջել անդնախոր ձորեր՝ բնության ամենահետաքրքրական պատկերները լուսանկարելու համար: Գուրոսը սիրում էր լուսանկարել պատկերներ: Նա նաև հորիզոններ լուսանկարելու մեծ վարպետ է եղել: Նկարիչը գեղարվեստական լուսանկարչական սքանչելի գործեր ստեղծեց, սակայն 30-ական թվականներին, եկավ այն համոզման, որ իր լեռնաշխարհի և նրա մարդկանց այդպիսի պատահական պատկերների ստեղծումը իր ներքին աշխարհի ապրումն ու ցանկությունը լիարժեք չեն արտահայտում ու որոշեց, որ այլևս աշխատելու է վրձինով ու ներկով: Գուրոսի կյանքում շրջադարձային է լինում Թերլեմեզյանի հետ հանդիպումը: Նա հանդիպում է Թերլեմեզյանի հետ և միասին գնում են էտյուդի, որտեղ և երկար ուսումնասիրում է վարպետի աշխատանքը: Մի օր էլ նա զգալով Գուրոսի խանդավատանքը՝ նրան տալիս է մի կտոր կտավ ու ներկեր, որից հետո էլ Գուրոսը վարակվում է այդ աշխարհով:

Գործունեությունը

Թերլեմեզյանը, տեսնելով Գուրգենի աստվածատուր շնորհը, նրան խորհուրդ է տալիս վերցնել ընտանիքը, գնալ Երևան և շարունակել սովորել: Հենց վարպետի միջնորդությամբ էլ, Խանջյանը նրան Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա ուսման է ուղարկում: Սակայն 6 ամիս անց Խանջյանը սպանվում է և Գուրոսը ստիպված վերադառնում է Երևան: Ու այդպես հայ կերպարվեստի աշխարհ մուտք է գործում նոր անուն՝ ինքնատիպ ու Գորիսի լեռների նման առնական: Նրա անունն էլ Գորիսի մի քիչ հնչյունափոխված ձևն է՝ Գուրոս: Նա պատկանում է նկարիչների այն թվին, որոնց համար էականը բնության գեղեցկությունն է, տեսարանի տրամադրությունը՝ օրվա այս կամ այն պահերին: Չնայած Գուրոսն անցել է կյանքի դժվարին ճանապարհ՝ սակայն այդ բարդ ճանապարհին ավելի է խորացել նրա սերն առ արվեստը: Նրա առաջին իսկ ցուցահանդեսները նկարիչների միության սրահում աննկատ չանցան՝ դիտողին չթողնելով անտարբեր: Գուրոսի կտավները հաղորդում են այն ռոմանտիկ հույզերը, որ ապրել է նկարիչը բնության տեսարանների առջև: Նրա ստեղծագործություններում զգացվում է իր առանձնահատուկ սերն ու նվիրվածությունը ծննդավայրին ու բնությանը: Գուրոսյան նկարները կարծես բնությունից պոկված ու շրջանակի մեջ առնված տեսարաններ են: Տաղանդաշատ նկարչի արվեստում մի առանձին աշխարհ ու ճյուղ են հայկական հուշակոթողները: Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Առաջինը հատուկ շնորհակալություն է հայտնել գեղանկարչին՝ հայկական եկեղեցիներն անմահացնելու համար: Գուրոսը նաև շատ հետաքրքիր գրել է՝ համեմված Սյունաց աշխարհին հատուկ խոսք ու զրույցով: Նրա ստեղծագործությունների մի կարևոր բնագավառ է կազմում նատյուրմորտը, որոնք ունեն ամուր կառուցվածք, առարկաների կոմպակտ դասավորվածություն և կոմպոզիցիայի հստակություն: 1965 թվականին Գուրոսին շնորհվում է Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում: Գուրգեն Պարոնյանը մահացել է 1981 թվականին: Հետմահու կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ