haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱԼԲԵՐՏ ՎԱՂԱՐՇԱԿԻ ԱԶԱՐՅԱՆ

Մարմնամարզիկ

Ծնվել է՝ 11/02/1929

Կենսագրությունը

«2 դարբնի մուրճ էի խփում: Չնայած աշխատանքն անտանելի ծանր էր, բայց ես մեծ բավականություն էի ստանում: Ֆիզիկապես շատ կոփվեցի, այդ աշխատանքին եմ շնորհակալ սպորտային հաջողություններիս համար: Հիմա երբ հարցնում են, ինչպես կատարել ազարյանական խաչը, ասում եմ՝ դարբնի աշակերտ դարձեք»: /Ալբերտ Ազարյան/

Ալբերտ Վաղարշի Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին՝ Գանձակ քաղաքում: Ազարյանը վաղ տարիքում կորցրել է հորը, և ընտանեկան հանգամանքները ստիպել են, որ թողնի ուսումն ու աշխատանքի անցնի: Ամբողջ օրվա ընթացքում աշխատել է դարբնոցում, ինչից հետո հաճախել երեկոյան դպրոց: Ալբերտ Ազարյանը սպորտային ուղին պատահաբար է ընտրել: Ազարյանն ու իր ընկերները ցանկացել են միջբակային պայքարում առաջինը լինել ու որոշել են մարզադահլիճ գնալ: Կիրովականում գտնվող փոքր դահլիճում պարապել են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, ու եղել է մարմնամարզության ընդամենը մեկ գործիք՝ զուգափայտ: Սկզբում Ազարյանը զբաղվել է ծանրամարտով, ըմբշամարտով, բռնցքամարտով, ինչպես իր մյուս ընկերները, ու անգամ ուշադրություն չի էլ դարձրել մարմնամարզությանը: Սերգո Համբարձումյանը Կիրովականում տեսնելով, թե ինչպես է Ազարյանը ծանրաձող բարձրացնում, փորձել է նրան համոզել զբաղվել ծանրամարտով, սակայն Ազարյանը մեջքի ցավի պատճառով մերժել է, պատկերացում անգամ չունենալով, որ հետագայում մարմնամարզիկ է դառնալու ու ստիպված լինելու շատ ծանրություններ հաղթահարել: Այնուհետև Ալբերտ Ազարյանը տեղափոխվել է Երևան, որպեսզի սովորի տեխնիկումում: Հենց այդ ժամանակ էլ մարզիչ Սիմոն Ղարագյոզյանը նկատել է նրա սպորտային տաղանդն ու խորհուրդ տվել սպորտով զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով: Այդ տարիներին Ազարյանի կյանքում մի շատ կարևոր ծանոթություն է կայացել, որը ճակատագրական է դարձել ու նրան ողջ կյանքի ուղեկից շնորհել: Տեխնիկումում սովորելու ժամանակ նա հանդիպել է իր ողջ կյանքի սիրուն: Գեղեցիկ կազմվածք, բնատուր ֆիզիկական տվյալներ, բարձր հասակ՝ Ազարյանը հիանալի արտաքին է ունեցել ու շատերին կարող էր գերել, բայց նրա ընտրյալը դարձավ Ախալցխայից Երևան տեղափոխված 19-ամյա Ելիզավետան: Այդ ժամանակ 24-ամյա Ազարյանն արդեն Սովետական միության չեմպիոն էր ու տեխնիկումի երկրորդ կուրսում էր սովորում, իսկ Լիզան մեկ կուրս նրանից ցածր էր: Նա Երևան էր եկել Ախալցխայից, որ մարմնամարզությամբ զբաղվեր: Օլիմպիական չեմպիոնի հարսանյաց արարողությունը շատ համեստ է եղել: Այն չի ուղեկցվել ճոխ խնջույքով, նրանք պարզապես հավաքվել են Լիզայի բարեկամներից մեկի տանն ու նշել: Հարսանիքի օրը նորապսակներն անգամ իրար մատանիներ չեն նվիրել: Ազարյանը պարզապես խոստացել է, որ հետո նրա համար ամեն ինչ կանի ու կատարել է իր խոստումը: Այդ ժամանակ նորաստեղծ ընտանիքն ապրում էր հանրակացարանում, ու շուտով Կիրովականից նրանց մոտ տեխափոխվում է նաև Ազարյանի մայրիկը: Ավելի ուշ Ալբերտին բնակարան է հատկացվում, որտեղ էլ մինչ օրս ապրում է կնոջ հետ:

Գործունեությունը

Մինչ օլիմպիական բարձունքին հասնելը Ազարյանն իր հաստատուն ու կարևոր խոսքն ասաց մարմնամարզությունում: 1953 թվականին Սովետական միության Լենինգրադում անցկացված առաջնության ժամանակ էր, որ նա կատարեց իր հայտնի ազարյանական խաչն ու ամրագրեց իր տեղը ԽՍՀՄ հավաքականում, ինչի շնորհիվ բացվեց ճանապարհը դեպի Աշխարհի առաջնություն ու օլիմպիական խաղեր: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէր, որքան կարող էր թվալ առաջին հայացքից: Նրան որակազրկում էր սպառնում օղակների վրա վարժությունը կատարելիս մրցավարների հետ խոսելու համար: Սակայն այդ հնարքը, որը պատահական էր կատարվել, Ազարյանի ուղեցույցը դարձավ սպորտում ու հետագայում էլ կոչվեց իր անունով, բայց մինչ այդ նրան որակազրկում էր սպառնում ու թվում էր՝ դրանից խուսափելն անհնար է: Իրավիճակը փրկել է Ազարյանի ելույթը դիտած մրցավարներից մեկը, ով բարձրաձայնել է հայ մարմնամարզիկի կատարած նոր տարրի մասին ու գովասանքի խոսքեր ասել: Այդ ժամանակ էլ որոշվել է Ազարյանին հրավիրել ԽՍՀՄ հավաքական: Աշխարհի առաջնությունում նա կրկին կատարեց այդ հնարքը, ու վարժության սկիզբն էլ, խաչերն էլ անվանակոչեցին իր անունով՝ «Ազարյանական թեք խաչ» ու «Ազարյանական սկիզբ»: Արդեն ժամանակն էր, որ նա գրավեր նաև Օլիմպոսը: 1956 թվականին նա մեկնեց Մելբուռն, իր առաջին իսկ օլիմպիական խաղերում 2 ոսկե մեդալ նվաճեց՝ օղակների վրա ու թիմային հաշվարկով: Այդ հաջողությունը նա կարողացավ կրկնել նաև 4 տարի անց Հռոմում կայացած օլիմպիադայում ու դարձավ միակ հայ մարզիկը, ում հաջողվել է 3 անգամ նվաճել օլիմպիական խաղերի ոսկե մեդալ: Ցավոք հիմա մարզիկը այդ մեդալներից ոչ մեկը չունի: Հայաստանում ցուցահանդես պետք է լիներ, Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Շահինյանը իրենց օլիմպիական մեդալները տրամադրել էին, ու բոլորն էլ գողացան... Մարզիկի կարիերան ավարտելուց հետո էլ նա չդադարեց ապրել սպորտով ու իր ողջ ուժն ու էներգիան նվիրեց այդ գործին: Նա մարզիչ աշխատեց և՛ Հայաստանում, և՛ դրա սահմաններից դուրս, զբաղվեց մրցավարական գործունեությամբ, գլխավորեց իր անունով կոչվող մարմնամարզության դպրոցը: Իր կյանքում ամենամեծ նվաճումը, չնայած սպորտային հաղթանակներին, համարում է ընտանիքը, որը շատ համերաշխ է ու ներդաշնակ: Նա 4 երեխա, 7 թոռ ու 4 ծոռ ունի: Հիմա էլ Ազարյանը երկրպագուների ուշադրության կենտրոնում է, նրան ամենուր ճանաչում են, ժպտում ու արտահայտում իրենց սերը: Իսկ ինքը՝ օղակների արքան, պարզապես զարմանում է, որ 86 տարեկանում էլ չեն մոռանում իրեն: Նա հիանալի տեսք ու կառուցվածք ունի, կենսախինդ է ու աշխատելու եռանդով լեցուն. «Ես ուրախ եմ, որ ամեն օր արթնանում եմ ու գնում աշխատանքի: Պետք է անչափ սիրել կատարած գործն ու նվիրված լինել դրան, ու ամեն ինչ լավ կլինի»: Ալբերտ Ազարյանն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա): 1960 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային պայքարում: Աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն: Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ: Ազարյանի բոլոր մեդալները միասին կշռելու դեպքում մի քանի տասնյակ կիլոգրամանոց ավար կստացվի: Նա մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Տեսանյութերը

Ալբերտ Ազարյան

Երկրի հարցը Ալբերտ Ազարյան ...

Վերադարձ կամ նորից բարև - Ալբերտ...

Ալբերտ Ազարյան

Մեծարման երեկո՝ Ալբերտ Ազարյանի ...

Օգտագործող Գաղտնաբառ