haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԺԱՆ ԺԱՆՍԵՄ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 09/09/1920 - Մահացել է՝ 27/08/2013

Կենսագրությունը

«Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք: Այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում»: /Ժան Ժանսեմ/ 

Ժանսեմը (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան) ծագումով Կոստանդինոպոլսի մոտ գտնվող Սելեզ գյուղից է, որտեղ ծնվել է նաև հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, երբ թուրքերը պարտություն կրեցին, հույները՝ հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին համարյա մինչև գյուղերը: Մարդիկ իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցին, սակայն շուտով վիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ 1922-23թթ., թուրքերը անցան հակահարձակման՝ նոսրացնելով հայերի և հույների շարքերը: Փախուստի ճանապարհին շատերը իրենց նետում էին ջուրը: Մնացածը նավակներով փորձում էին փախչել դեպի Սալոնիկ: Այդ ժամանակ Ժանսեմը 3 տարեկան էր: Սալոնիկում հաստատվելուց յոթ տարի անց նրա մայրը՝ ամուսնու մահից հետո տեղափոխվում է Ֆրանսիա, որպեսզի կարողանա բուժել որդու կոտրված ոտքը, և նրանք հաստատվում են ապրելու Փարիզի արվարձաններից մեկում՝ Իլի լե Մուլինոյում: Ֆրանսիացի մի շատ հմուտ բժշկի գործողության արդյունքում նրա ոտքը փրկվում է, բայց բավականին կարճ է մնում մյուսից: Ժանսեմը Եղեռնը չի տեսել, սակայն դրա մասին շատ է պատմել մայրը: Եզակի մարդկանց հաջողվել է հասնել Դեր-Զոր և կենդանի մնալ: Այդ թվում նաև նրա մայրը: Մանկական տարիքում, այդ պատմությունները լուրջ ազդեցություն են ունեցել Ժանսեմի հոգեկանի վրա: Հետագայում նրա բոլոր ստեղծագործություններում նկատվում էր Եղեռնից փրկվածի հոգեբանությունը: Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից: Ապագա նկարչի առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938 թվականին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Ստեղծագործության առաջին շրջանում Ժանսեմը հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում: Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ: Ժանսեմը կյանքի վերջին տարիներին չէր կարողանում նկարել՝ տեսողության կորստի պատճառով, տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ, և ձեռքերի դողը թույլ չէր տալիս վրձին վերցնել: Շատ էր սիրում շախմատ խաղալ, իսկ երաժշտական գործիքներից ջութակի մեղեդին էր նախընտրում: Չափազանց բարի մարդ էր և սիրում էր նաև իր գործերից շատ նվիրել: Ժանսեմն ապրում էր Ֆրանսիայի Սեն Տանիե արվարձանում: Նա ունի երկու դուստր, մեկ զավակ և վերջին երեք տարիների ընթացքում ապրում էր իր նկարչության երկրպագու՝ Քրիստին անունով մի կնոջ հետ: Նրանց կապը 30 տարվա պատմություն ունի: Նրանց մեջ ինչ-որ փիլիսոփայական, հոգեկան կապ կար: Քրիստինը բավական հոգատար էր և նրա խնամակալությունը մեծ սիրով էր ստանձնել: Ժանսեմը Սեն Տանիեի իր տունը ժառանգել է Քրիստինին: Ծագումով հայ աշխարհահռչակ նկարիչը մահացել է 93 տարեկան հասակում: Նրա հոգեհանգիստը տեղի է ունեցել Փարիզի Սբ. Հովհաննես Հայ առաքելական եկեղեցում:

Գործունեությունը

Ժանսեմը բազմաթիվ արհեստավարժ պարգևների դափնեկիր է, որոնցից առաջինը դարձել է «Պրի պոպուլիստը»: Նա ամենասկզբից, որպես իր ոգեշնչման առարկա ընտրել է թշվառներին, անկում ապրած և դժբախտ մարդկանց, Եղեռնի զոհերին և հայ փախստականներին: Հայտնի իմաստով, Ժանսեմը, ազգային պատմական հիշողության կրողն էր, ինչը նա տարիներ շարունակ վերարտադրել է պատկերավոր շարքով: Որպես գունանկարիչ և գծանկարիչ նա փայլուն է: Նրա ստեղծագործությունների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել: Նրա պերսոնաժների աչքերում թախիծ և հոգեկան տանջանքներ են: Բացի այս ամենից, նա հաճույքով նկարում էր դիմակահանդեսներ, թատերական գործողություններ, արտիստներ և հաճախ այդ ամենը տեղակայվում էր վենետիկյան միջավայրում: Սակայն նույնիսկ այդ աշխատանքներում, ամենուր առկա է կյանքի դրաման, ինչը ժամանակ առ ժամանակ հասնում է իրական տրագեդիայի մակարդակի: 2005 թվականին, Մեծ Եղեռնի 90-ամյակի կապակցությամբ, Ժանսեմը Երևան բերեց և թանգարանին նվիրեց այդ առօրեական թեմային նվիրված նկարների շարք: Հայկական արվեստում ցավի և սարսափի այդպիսի կոնցենտրացիա գոյություն չունի: Այս խնդիրը միշտ եղել է նրա մեջ, սակայն երբեք չի խիզախել սկսել նկարել: Նրա համար չափազանց դժվար է եղել համազգային տրագեդիան արտահայտել գեղարվեստի միջոցով: Մոր պատմությունները նա անցկացրել է իր միջով, տարիներ շարունակ վերաիմաստավորել և հետո միայն իրեն թույլ տվել սկսել աշխատել «Մորթը» շարքի վրա: Այդ ընթացքում ուրիշ ոչնչով չի զբաղվել: Ժանսեմի ութսուն ամյակը արդեն լրացել էր, երբ նրա մեջ քնած հրաբուխը բացեց իր աչքերը: Հզոր լավայի հոսքերով, մեկը մյուսի հետևից սկսեցին ժայթքել քնած կրակի բազմաթիվ արտահայտումներով «Երկնագույն Եղեռն», «Մորթի էպիզոդ», «Փախստականները», «Տրտմություն», «Բռնություն», «Կարմիր արև»... Ընդհանուր առմամբ՝ 34 կտավ: Ժանսեմը նաև հոյակապ ձևավորումներ է տվել տասնյակ գրքերի, մասնավորապես Կամյուի, Բոդլերի, Լորկայի, Սերվանտեսի և այլ մեծանուն գրողների գրքեր: Նկարչի աշխատանքները զարդարում են աշխարհի բազմաթիվ թանգարանները: Եվ այս ամենը սկսվել է 1951 թվականին, երբ Ժանսեմը իրար ետևից չորս հեղինակավոր մրցանակ է ստացել: Նրա առջև բացվել են պատկերասրահների դռներն ու աշխատանքները սկսել են ակտիվ գնել և արդեն 37 տարեկան հասակում նա անուն է ձեռք բերել ու հարստացել: 1956 թվականին, Ժանսեմը ընտրվել է Երիտասարդ Նկարիչների Սալոնի Պրեզիդենտ, իսկ 1958 թվականին, Մեքսիկայում ստացել է «Կամպարեզո» մրցանակը: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու-Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլ քաղաքներում: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի շրջանակներում, նրա կտավները ցուցադրվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրված են Լուվրում, Ճապոնիայի ժամանակակից արվեստների թանգարաններում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անձնական հավաքածուներում: Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ Ճապոնիայում:

Տեսանյութերը

Ժանսեմ

Ժան Ժանսեմ

Ժանսեմ

Ժանսեմ. Ցուցահանդես Արամե պատկեր...

Օգտագործող Գաղտնաբառ