haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐՄԵՆ ՄԻՍԱՔԻ ԽՈՍՏԻԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 22/05/1929 - Մահացել է՝ 22/07/2003

Կենսագրությունը

Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասան Արմեն Միսաքի Խոստիկյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 22-ին՝ Երևանում: Ավարտել է մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից և 1947 թվականին ընդունվել իր նախասիրած՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի կուրս): Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ավազակները» և շատ այլ դերերում: Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո՝ 1951 թվականին, Խոստիկյանն աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, որին և հավատարիմ մնացել մինչև իր կյանքի վերջը: Թատրոնում մինչև 1990-ականները Արմեն Խոստիկյանը ստեղծել է բազմաթիվ մեծ ու փոքր դերեր: Նա եղել է լուրջ կատակերգակ դերասան: Այդ թվականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս: Խոստիկյանն իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին: Փոխադարձ սիրով կապված լինելով հանդիսատեսի հետ՝ մեծ բարեխղճությամբ ընդառաջ էր գնում իր հայրենակիցներին, և Հայաստանում չկա մի գյուղ կամ դպրոց, որտեղ նա խաղացած կամ հանդիպան մասնակցած չլինի: Արմեն Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը՝ «Ոսկե ցլիկում»՝ հորթապահ, «Նվագախմբի տղաներում»՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր: Թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում և էստրադայում շուրջ 50 տարի եղավ ինքնատիպ կատակերգակ և ընդմիշտ մնաց հայ թատերարվեստի պատմության մեջ: Արմեն Միսաքի Խոստիկյանը մահացել է 2003 թվականի հուլիսի 22-ին՝ Երևանում:

Գործունեությունը

Տաղանդավոր դերասան Արմեն Խոստիկյանն իր ամբողջ կյանքում այդպես էլ գլխավոր դերեր չխաղաց, նա էպիզոդների մեծ վարպետ էր, նա փոքր դերերի մեծ վարպետն էր: Խոստիկյանը մեծատառով դերասան էր, հրաշալի անձնավորություն, կիրթ, մարդկային արժանապատվությունների լավագույն հատկանիշները մարմնավորած անձնավորություն: Խաղընկերների համար նրա հետ աշխատելը պարզապես հաճույք էր: Արմեն Խոստիկյանը անչափ սիրել է գրել, գրել է պիեսներ ու պատմվածքներ: Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981 թվականին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ տան աշխատասենյակում սիրում էր մտերիմներին պատմել իր գրածների մասին: Երեխայի պես ուրախանում էր ուրիշների հաջողությունների վրա ու միշտ սիրում էր երիտասարդներով շրջապատված լինել: 1984 թվականին Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1987 թվականին ստեղծել «Փյունիկ» թատերական ստուդիան, իսկ 2000 թվականին պարգևատրվել ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Տաղանդավոր դերասանն իր դերերով սերունդների մեջ դաստիարակեց հայրենիքի հանդեպ մեծ սեր և դժվարությունները ծիծաղով հաղթահարելու լավատեսություն: 

Մեծանուն մարդկանց կարծիքները Ա. Խոստիկյանի մասին.

«Հաճախ Արմեն Խոստիկյանի մասնակցությամբ ներկայացումները երբ ավարտվում էին, մարդիկ դուրս էին գալիս և խոսում ոչ այնքան գլխավոր հերոսի, որքան Խոստիկյանի մասին, մեջբերում էին նրա արտահայտությունները, փորձում էին բեմում նրա կեցվածքը նկարագրել: Հրաշալի դերեր է խաղացել, յուրաքանչյուր ներկայացմանն իրեն բնորոշ համ ու հոտ էր տալիս: Թեև ամբողջ կյանքում այդպես էլ մեծ դերեր չխաղաց, բայց անգամ նրա փոքր դերերը շատ մեծ դերերի էին հավասարազոր: Այդ փոքր դերերով այնքան մեծ բան էր ասում, այնքան գույներ էր լցնում ներկայացման մեջ: Բայց փոքր դերեր չկան, կան փոքր դերասաններ: Արմեն Խոստիկյանը մեծ դերասան էր»: /Աշոտ Ղազարյան/ 

«Շատ լավ մարդ էր, արտակարգ լավ, բանիմաց, կյանքում չեմ լսել, որ որևէ մեկին վատ բան աներ կամ ասեր, կամեցող էր, մաքուր ու ազնիվ, ու որքան կյանքում էր մաքուր, ազնիվ, այնքան էլ բեմում: Բեմն էլ է սիրում, երբ արվեստագետն ազնիվ է, ժողովուրդն էլ է դա զգում: Արմեն Խոստիկյանն ամենասիրված դերասաններից մեկն էր, մարդ, որ վաստակեց այդ ամենաբարձր կոչումը: Պատահել է, որ ներկայացումից հետո մոտեցել և հարցրել են, թե Խոստիկյանն ուր է, երբ ասել եմ, որ հիվանդ է, չկարողացավ գալ, մարդիկ վրդովվել են, թե՝ իրենց պետք չէ այդ դեպքում ներկայացումը, որում Խոստիկյանը բացակայելու է»: /Աշոտ Ղազարյան/

 «Կյանքում բացարձակ չէր մտածում հումորի մասին, իր համար հանգիստ ապրում էր, հումորն իր հետևից էր գալիս, Աստված այդ հումորն այնպես էր շռայլել, որ բեմում նա ճիգ չէր գործադրում այդ հումորի համար: Այնքան հանգիստ էր խաղում, երևի այդ հանգստության մեջ էր այդ հումորը: Ուրիշների հանդեպ շատ խստապահանջ էր, պահանջում էր, որ ամեն ինչ ճիշտ ժամանակին լինի, որ ոչ ոք չուշանա, բայց ինքը հայտնի ուշացող էր: Կարող էր փողոցում ժամերով անցորդների հետ զրույցի բռնվել ու մոռանալ, որ փորձի է: Դրանք հանճարեղ մարդկանց բնորոշ արարքներ են, նա հանճար էր»: /Արմեն Մարուքյան/

 «Արմեն Խոստիկյանն այն դերասանն է, որի շուրջ 4 մետր շառավղով հմայք կա»: /Վարդան Աճեմյան/

Տեսանյութերը

Արմեն Խոստիկյան, Աշոտ Ղազարյան...

Հայկ Նահապետից հետո-Արմեն Խոստիկ...

Արմեն Խոստիկյան «Ժպիտով ասել ճշմ...

Արմեն Խոստիկյան «Ժպիտով ասել ճշմ...

Արմեն Խոստիկյան «Ժպիտով ասել ճշմ...

Արմեն Խոստիկյան «Ժպիտով ասել ճշմ...

Շրթներկ համար 4

Օգտագործող Գաղտնաբառ