haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՆՆԱ ԼԵՈՆԻԴԻ ՄԱՅԻԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 23/10/1970

Կենսագրությունը

«Մենք բեմից ձեզ փոխանցում ենք հաճելի էմոցիաներ, ինչպես Գոհար Գասպարյանն էր ասում. «կուկլա ջան, բերանդ բաց, երգի», մենք հենց այդպես էլ փորձում ենք անել: Բեմ դուրս գալը ես համարում եմ օդապարիկով թռիչք, պիտի վայելես...»: /Աննա Մայիլյան/ 

Մայիլյանների տոհմածառի պատմությունն սկսվում է 17-րդ դարի երկրորդ կեսից: Մայիլյաններն իշխանական ծագում ունեն, եղել են պաշտոնյաներ, քահանաներ, երևելի դիրք են ունեցել նաև կանայք: Նրանց ընտանիքում դեռևս խորհրդային տարիներից յուրատեսակ հարգանք ու պատասխանատվություն կար սեփական ազգանվան հանդեպ: Աննայի ծնողներն հաճախ են կրկնել. «Եթե Մայիլյան ես, պիտի ազնիվ լինես: Մայիլյանը պիտի ամեն ինչով օրինակելի լինի, Մայիլյանն իրավունք չունի վատ արարք անելու...»: Ահա թե ինչպիսի դաստիարակություն է ստացել երգչուհին: Նրա հայրական կողմն Արցախից է՝ Շուշիից, իսկ մորական պապերը՝ Էրզրումից: Երկու պապերն ել եղել են կապուտաչյա ու հաղթանդամ, տատիկները՝ սևուկ ու փոքրամարմին, որոնց էլ նմանվել է Աննան: Աննա Լեոնիդի Մայիլյանը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Երևանում: Եղել է շատ երկչոտ ու մեկուսի երեխա, ով միշտ մենակ է խաղացել: Դեռ մանկուց շատ է սիրել նկարել, սակայն մայրը որոշել է, որ աղջիկը պիտի դաշնակահար դառնա ու նրան տարել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ Աննան քննությանը չի նվագել ու չի անցել մատիկների կարճության պատճառով, բայց հակառակ դրան՝ հոյակապ երգել է արդիական էստրադայի երգերից մեկը և զարմացրել հանձնաժողովականներին, որոնք որոշել են, որ նա, ավելի լավ է, ջութակահար դառնա: Բայց աղջնակը երգել էր սիրում, ոչ թե նվագել: Ընդամենը հինգ տարեկան է եղել այդ ժամանակ և բնականաբար չի գնացել ջութակի ու իր ամբողջ ներուժը նվիրել է նկարչությանը: Սկսել է հաճախել նկարչական դպրոց, սակայն մի քանի պարապմունքից հետո որոշել է, որ դա իրեն հարկավոր չէ: Ուսուցիչն ասում էր, որ գիծը ծուռ է քաշում, իսկ նա գտնում էր, որ իր գիծն ավելի գեղեցիկ է ու ճիշտ: Դպրոցական տարիներին Աննան բակային շոուներ է կազմակերպել, զանազան միջոցառումներ ու մտածել, որ մի օր նկարչուհի կամ դերասանուհի է դառնալու: Արդեն պատանեկության տարիներին Աննան՝ կրկին մոր ցանկությամբ, դիմել է բժշկական ինստիտուտ: Ու, ինչպես և սպասվում էր, չի ընդունվել: Մայրը վշտի մեջ էր, իսկ Աննան ու հայրը ուրախ էին: Այս ամենից հետո Աննա Մայիլյանը հայտնվել է «Գարուն» արտադրական միավորումում՝ որպես կարող բանվորուհի: Ընդ որում՝ աշխատել է երկու հերթով և եղել է առաջավոր բանվորուհիների շարքում: Հետագայում իր առաջին բեմական հագուստներն էլ ինքն է կարել:

Գործունեությունը

Ի վերջո Աննա Մայիլյանն ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին, ուսանել հրաշալի մասնագետ ու մակավարժ Թամարա Հանբարձումյանի դասարանում, առաջին կուրսի տարեվերջին ստացել իր՝ չարչարանքով, տքնանքով վաստակած հինգը: Ազգային զարթոնքի դժվար տարիներին կոնսերվատորիայի ուսանողուհի էր՝ լի ապագայի հավատով, պայքարի եռանդով, դժվարությունները հաղթահարելու կամքով: Նա ուսանողական ընկերների հետ համերգներ էր կազմակերպում չտաքացվող, ցրտաշունչ դահլիճներում, հանդիսատեսը, վերարկուների մեջ փաթաթված, գալիս էր ունկնդրելու գեղեցիկ երաժշտություն: Աննան կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Նրան գնահատել են Գոհար Գասպարյանն ու Տաթևիկ Սազանդարյանը: Ավարտել է նաև ասպիրանտուրան, Լեհաստանի «Մոցարտ» ակադեմիան, որտեղ սովորելու տարիներին ցուցադրել է իր աշխատանքներից 50 նկար՝ ուսանողների ու դասախոսների կարիկատուրաները՝ ինչն էլ ապացուցում է, որ նկարելու մղումը նրանում չի մարել: Այնուհետև սովորել է Ֆրանսիայի «Վիլլեկրոզ» ակադեմիայում, Ռումինիայում մասնագիտական դասեր է առել հանրահռչակ Մարիանա Նիկոլեսկուից՝ սովորել «Հարիկլեա Դարկլե» ակադեմիայում: Վարպետաց դասեր է ստացել Շվեդիայում, Գերմանիայում, Չեխիայում ու Շվեյցարիայում: Աննա Լեոնիդի Մայիլյանը մասնակցել է միջազգային երկու մրցույթի՝ Հունաստանում և Իտալիայում, մրցանակներ ստացել գերմանական երաժշտության և հայ հոգևոր երաժշտության կատարման համար: Ի դեպ, դրանք շատ հեղինակավոր ու մեծամասշտաբ մրցույթներ էին: Մասնակիցներից շատերը արդեն աշխարհում հայտնի անուններ էին: Այդ մրցույթներում Աննայի շնորհիվ հայ հոգևոր երաժշտությունը շահել է բարձրագույն մրցանակներից մեկը: Պատանեկան տարիքում գրել է բանաստեղծություններ, հետո համերգներին երգվող գերմաներեն կամ այլ լեզվով երգերի տեքստերը թարգմանել է հայերեն ու տպագրել, որպեսզի հանդիսատեսը լավ հասկանա, թե ինչի մասին է երգվում: Հետո էլ սկսել է գրել փոքրիկ հոդվածներ տարբեր թեմաներով: Դրան խթանել է ռադիոհաղորդումը, որը վարել է «Իմպուլս» ռադիոկայանում: 1995 թվականին Աննա Մայիլյանը մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում: 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում՝ 2000 թվականից դոցենտ է: Երևանում 2000 թվականին Աննան հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը և «Վարպետներ» վոկալ անսամբլը, որի գործունեությունը տևել է մոտ 7 տարի: Պատկերավոր ասած՝ տարին 12 ամիս անսամբլը համերգային շրջագայությունների է մեկնել արևմտյան երկրներ: Ընդ որում՝ ոչ թե Սփյուռքի, այլ հեղինակավոր համերգային կազմակերպությունների հրավերով, ներկայացնելով հիմնականում հոգևոր երաժշտություն, կոմիտասյան մշակումներ, ժողովրդական ու գուսանական արվեստ, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Վարպետներ»-ը նախագիծ էր, որը, բնականաբար, ունեցավ սկիզբ և ավարտ, որից հետո Աննա Մայիլյանը հիմնեց «Էթնո» վոկալ տրիոն, որի առաքելությունը նույնն է՝ Հայաստանում և արտերկրում երգարվեստի տարբեր ժանրերի հայ հեղինակների երգերի տարածումը: Աննա Մայիլյանի անունը գրանցված է արտերկրյա տարբեր գործակալություններում, թվով 15 CD-ներն էլ իրենց գործն անում են, ինչի շնորհիվ եռյակը հաճախ հյուրախաղերի է մեկնում արտասահման: Իր արվեստով էժանագին երաժշտության, օտարածին անճաշակությունների դեմ պայքարող առաջամարտիկ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Լեոնիդի Մայիլյանը իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել և նվիրում է հայ ազգային երաժշտության անաղարտ մատուցմանը, պահպանմանն ու տարածմանը:

Տեսանյութերը

Արվեստանոց. Աննա Մայիլյան...

Մեր մեջ ասած. Աննա Մայիլյան...

Ճակատագրով՝ կին. Աննա Մայիլյան...

Չակերտներ. Աննա Մայիլյան...

Աննա Մայիլյան. Յամենայն ժամ...

Աննա Մայիլյան. Պճինկո...

Օգտագործող Գաղտնաբառ