Կենսագրությունը
«Ով կոպեկը գետնից չի բարձրացնում, նա ինքը կոպեկ չարժի»: /Ա. Մանթաշով/
Ալեքսանդր Մանթաշյանցը (Մանթաշով) ծնվել է 1842 թվականի մարտի 3-ին: Իրականում Լոռին է այս մեծ հայորդու ծննդավայրը, թե ոչ, դժվար է ասել. Կենսագիրները նրա ծնունդը կապում են Թիֆլիսի հետ, չնայած ոմանք նրա արմատները հասցնում են հեռավոր Պարսկաստան: Ալեքսանդրին Թավրիզ էր բերել հայրը՝ թիֆլիսահայ վաճառական Հովհաննես Մանթաշյանցը, որ որդու մեջ տեսնելով ապագա վաճառականին ու գործարարին՝ ամեն կերպ հագուրդ էր տալիս նրա ձգտումներին: Տակավին պատանի՝ Ալեքսանդրը հոր ուղեկցությամբ եղավ Եվրոպայի մեծ քաղաքներում: Հաղորդակից դարձավ ժամանակի եվրոպական բարքերին, նիստուկացին և վերադարձավ արևելք՝ այդտեղից նվաճելու Եվրոպան, որ այդքան սիրում էր: Նա հայտնվեց Թավրիզի հայ առևտրականների պարագլխի՝ Թաջիբ բաշու՝ նույն ինքը Ալեքսանդր բեկի մոտ: Վերջինս սիրահոժար աջակցում էր երիտասարդի խիզախ ձեռնարկումներին և երբեք չէր թաքցնում իր հիացմունքը նրա նկատմամբ: Մանթաշյանցը կանոնավոր կրթություն չստացավ, սակայն կյանքից վերցրեց ավելին, քան կարող էր սովորական մահկանացուն. Պատանեկության տարիներին առևտրական գործերն ուսումնասիրելիս հմտորեն տիրապետեց մաթեմատիկային և հաշվապահությանը: Առևտրական գործերով շրջագայելիս լեզուների ասպարեզում հմտացավ. Ազատ կարդում ու գրում էր հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Արվեստի մեծ սիրահար էր ու գեղեցիկի երկրպագու: Ալեքսանդր Մանթաշյանցը երջանիկ ծնող էր ու երջանիկ ամուսին: Բախտը նրան ամենուր ժպտում էր. Գործում, հասարակության մեջ, ընտանիքում... նա ճակատագրի սիրելին էր: Կինը՝ Դարյա Թամամշյանը, Թիֆլիսի հայտնի գերդաստաններից էր, նա ամուսնուն պարգևեց ութ զավակ և անժամանակ մահացավ 1910 թվականին: Կնոջ մահից մեկ տարի անց վախճանվեց նաև 20-րդ դարի հայ վաճառականության ռահվիրան, նավթի արքան՝ Ալեքսանդր Մանթաշյանցը: Նա երիկամների հիվանդություն ուներ, և վիրահատության էր ենթարկվել Փարիզում: Սակայն դա չօգնեց մեծ բարեգործին, և վաղաժամ մահը վրա հասավ 1911 թվականի ապրիլի 19-ին՝ Պետերբուգում: Հայ ազգային կառույցները երկու անգամ հոգեհանգիստ կազմակերպեցին: Տասնյակ հազարավոր անձինք, անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական դրությունից, գալիս էին մեծ հային հրաժեշտ տալու: Թիֆլիսը երբեք նման թաղում չէր տեսել: Մանթաշյանցի մարմինն ամփոփվեց Թիֆլիսի հայոց Վանքի եկեղեցու գավթում (այժմ՝ կործանված): 1915 թվականին Մարտիրոս Սարյանը Պետերբուրգում կերտել է Ալեքսանդր Մանթաշյանցի որդու՝ Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը: Ինչպես նշել է իր հուշերում մեծ նկարիչը, աշխատանքի ժամանակ նա հանդիմանել է Հովսեփին, որ փոխանակ հոր մահից հետո եղբայրներով նրա կարողությունը բազմապատկելու և ազգի շահերին ծառայեցնելու, վատնում են մոլախաղերի մեջ: Արդարանալով մեծ բարեգործի որդին ասել է. «Մենք եղբայրներով որոշել ենք մեր ծննդավայր Ախթալայում և նրա շրջակա գյուղերում դպրոցներ բացել, բարեգործություններ կատարել...»: 1920-ական թթ. Մարտիրոս Սարյանը Փարիզում իր ցուցահանդեսն էր կազմակերպել և նկատել, որ մի երիտասարդ թշվառական ամեն օր գալիս է ու երկար, ժամերով կանգնում, նայում Հովսեփ Մանթաշյանցի նկարին ու արտասվում: Երբ մի օր չհամբերելով նկարիչը հարցնում է նրա վարմունքի պատճառը, ասում է. «Ինձ չե՞ս հիշում, վարպե՜տ, այս նկարում ես եմ պատկերված...»: Ահա ինչ էր մնացել Մանթաշյանցի 25 միլիոն կարողությունից...
Գործունեությունը
Տակավին 20 տարեկան՝ Ալեքսանդրն իր ձեռքն է վերցնում հոր առևտրական գործերն ու 20 հազար ռուբլի կապիտալով առաջին խանութն է բացում Թիֆլիսում: Շուտով նա ավելի է ընդլայնում իր գործն ու բազմապատկում հարստությունը: Մի երեկո ապագա միլիոնատերը, հաշվելով իր կարողությունը, զարմանքով հայտնաբերում է, որ կարճ ժամանակում այն տասնապատիկ ավելացել է և կազմում է 200 հազար ռուբլի: Սակայն այդ 200 հազարը, որ շատերի համար երազ էր, ամենևին էլ Մանթաշյանցի հնարավորությունների սահմանը չէր: Շուտով նա ողջ աշխարհում հռչակվեց որպես «նավթի արքա», և նրա «Գառն աստծո» ապրանքանիշը տիրապետող դարձավ համառուսաստանյան առևտրում... Մանթաշյանցը հայ առևտրական կապիտալի մեջ առաջիններից էր, որ անցավ բանկային բիզնեսի: Իր ապրանքաշրջանառության ծավալների և դրամական միջոցների աճի հետ մեկտեղ նա մեծացնում էր գործունեության ոլորտը: Առաջին մեծ քայլը չուշացավ: Նա, աստիճանաբար գնելով Թիֆլիսի առևտրային բանկի բաժնեթղթերը, շուտով տեր դարձավ ողջ բանկին՝ ընդլայնելով նրա գործունեությունը և բացելով նոր մասնաճյուղեր Բաթումում ու Բաքվում: Բանկային աշխարհում Մանթաշյանցը չբավարարվեց ձեռք բերածով, և նա դարձավ նաև ռուսական երկու խոշորագույն բանկերի բաժնետեր և խորհրդի անդամ: Սակայն Մանթաշովի փառքն ու հարստությունը բազմապատկվեց Բաքվի նավթաշխարհի շնորհիվ: 1880-ական թթ. Բաքվում իսկական նավթային եռուզեռ էր: Համաշխարհային կապիտալը, սև ոսկու տենդի մեջ, այստեղ էր հոսում, ուր վաղուց էին հաստատվել նավթարդյունահանման շահավետությունը զգացած հայ կապիտալիստները և սկսել նավթի շահագործումը: Մանթաշյանցի Բաքու գնալու պատճառը իր վաղեմի ընկերն էր՝ Միքայել Արամյանը, որ երեք արցախցիների՝ Առաֆելյանի, Ծատուրյանի և Թումանյանի հետ հիմնել էր «Բալախանյան ընկերությունը» և զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Միքայել Արամյանցի հեռուն գնացող, պրպտող միտքը շարունակ ելք էր որոնում իր գործն ընդլայնելու համար: Նա նոր նավթահորեր էր գնել, սակայն լուրջ դժվարություններ կային նավթի արդյունահանման գործում, քանզի ճիշտ է, նավթի ստացումը հեշտ էր և էժան, սակայն դժվար էր տեղափոխման, շուկա հասցնելու գործը: Ստացվում էր այնպես, որ բեռնափոխադրումները ավելի թանկ էին, քան բուն նյութի արդյունահանումը: Եվ Միքայել Արամյանցը միտք հղացավ՝ ստեղծել սեփական գործարան, որը նավթային ցիստեռներ կարտադրեր: Նա դրամական օժանդակության հարցով դիմեց Մանթաշյանցին, ով վաղուց էր նավթաշխարհ թափանցելու առիթ որոնում: Եվ ահա Արամյանցի գրավիչ առաջարկը՝ 50 հազար ռուբլով մաս կազմել իր նավթային ընկերությանը: Եվ ապագա «նավթային արքան» իր ընկերոջ հրավերով ժամանեց Բաքու: Շատ չանցած՝ Մանթաշյանցն արդեն վայելում էր իր ձեռնարկի պտուղները: Նա արագ կողմնորոշվեց, կարողացավ ճիշտ գնահատել Բաքվի նավթաշխարհի հեռանկարները և գործի անցավ: Շուտով նա 45 հազար ռուբլով գնեց Առաֆելյանի մասնաբաժինը, ապա 70 հազար ռուբլով՝ Թումանյանի, 620 հազար ռուբլով՝ Ծատուրյանի մասնաբաժինները՝ դուրս մղելով նրանց գործից: Տարիներ անց ընդամենը 200 հազար դրամագլխով հիմնված ընկերության բաժնեթղթերի 1/3 մասը Մանթաշյանցն ու Արամյանցը վաճառեցին 20 միլիոն ռուբլով: Նոր կազմավորված «Ալեքսանդր Մանթաշյանց և ընկերներ» ընկերության մեջ բաժնեթղթերի 1/4 –ը Արամյանցինն էր: Նոր ընկերությունը ավելի ընդլայնեց իր գործունեությունը: Մանթաշյանցի ապրանքանիշը՝ «Գառն աստծո», ներկայացուցչություններ բացեց եվրոպական մեծ երկրներում՝ Լոնդոնում, Փարիզում, Պոլսում, անգամ Աֆրիկայում՝ Ալեքսանդրիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում: Նա մրցակցության մեջ մտավ եվրոպական կապիտալի հետ: Ալեքսանդր Մանթաշյանցը բացառիկ երևույթ էր ոչ միայն որպես գործարար, այլև որպես բարեգործ: Նրա համար անուրանալի արժեքներ էին ազգը և եկեղեցին, և իր բարեգործությունները նա ծառայեցրեց ազգի և եկեղեցու միասնության գաղափարին: Մանթաշյանցը ՀՅԴ դրամահավաք «Փոթորիկ» ծրագրին հատկացրեց մեկ միլիոն ռուբլի: 1901թվականին նա իր ծախսով ամբողջովին վերանորոգեց Թիֆլիսի Հայոց Մայր եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Վանքի եկեղեցի անվաբ: Ամբողջովին հիմնանորոգեց Էջմիածնի Մայր տաճարը և Վեհարանը՝ դրանց վրա ծախսելով մոտ 300 հազար ռուբլի: Առհասարակ, հայ եկեղեցին մշտապես օգտվել է Մանթաշյանցի առատաձեռնությունից: Նա միշտ ուշադրության կենտրոնում էր պահում և հոգում Պոլսի պատրիարքության կարիքները: Մանթաշյանցը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր մասնաշենքը կառուցեց հիմքից՝ դրա վրա ծախսելով ավելի քան 300 հազար: 1904 թվականին կառուցեց Փարիզի հայկական եկեղեցին և կից առաջնորդարանի շենքը՝ ծախսելով 1մլն. 100 հազար ֆրանկ: Նյութական օժանդակություն ցուցաբերեց Հայկական դրամատիկական ընկերությանը, թուրքահայ սովյալներին, Թիֆլիսի հայոց մշակութային միությանը, երկրագործական ուսումնարանի կառուցմանը: Իր ծախսերով արտասահմանում հարյուրավոր հայ ուսանողներ կրթեց ու պահեց: Նրա առատաձեռնությունից օգտվեցին Նիկողայոս Ադոնցը, Կոմիտասը՝ ում շքեղ դաշնամուր նվիրեց, Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Երիցյանը, Հովհաննես Թումանյանը, Մուրացանը, Մինաս Չերազը, Արշակ Չոպանյանը, Պերճ Պռոշյանը, Աբգար Հովհաննիսյանը և շատ ու շատ ուրիշներ: Նա նյութապես աջակցում էր Կովկասի հայոց բարեգործական միության ձեռնարկումներին: Մանթաշյանցի բարեգործությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2500000 ռուբլի: Բայց անկատար մնաց մեծ բարեգործի երազանքը՝ Թիֆլիսում ունենալ հայկական ճարտարագիտական մեծ համալսարան...
Մեծանուն մարդկանց կարծիքները Ա.Մանթաշյանցի մասին.
«Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռքը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր: Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ...»: /Ալեքսանդր Շիրվանզադե/
«Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երևանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երևանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը»: /Տարոն Մարգարյան/
Տեսանյութերը
Մանթաշյանցի արձանը Երևանում...
Հանդիպում Մանթաշովի ժառանգների հ...
Հայկական Թիֆլիս. Ալեքսանդր Մանթա...
Մանթաշյանների ընտանիքը...
Ալեքսանդր Մանթաշով...
Հայորդիներ. Ալեքսանդր Մանթաշյանց...