Կենսագրությունը
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 8-ին՝ Գյումրիում: Նա ծառայել է խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ՝ 1964 թվականից մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Նա տպավորիչ հաղթանակներ է տարել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում:
1980թվականին Միլիտոսյանը դադարեցրել է կարիերան և անցել մարզչական գործունեության: Նա երկար տարիներ մարզիչ է եղել Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում:
Կյանքի վերջին տասնամյակում, սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, աշխատանքին զուգահեռ Վարդան Միլիտոսյանը կատարել է ուղևորափոխադրումներ՝ Գյումրիից Ռուսաստանի դաշնություն:
Գործունեությունը
Գյումրիում ծանրամարտը յուրահատուկ մարզաձև է: Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու օլիմպիական խաղերում գյումրեցի ծանրորդները միշտ փայլել են լավագույն ցուցանիշներով՝ այդ թվում նաև Վարդան Միլիտոսյանը:
ԽՍՀՄ հավաքականի 75կգ քաշային կարգի առաջատարը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976թ.), աշխարհի հնգակի ռեկորդակիր է:
Վարդան Միլիտոսյանը տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային մրցաշարերում: Նրա շնորհիվ Հայաստանում դարձյալ վերսկսվել է ծանրամարտի վերելքը:
Սպորտին հրաժեշտ տալուց հետո Միլիտոսյանը համալրել է հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը, իսկ 1996 թվականին դարձել է տնօրեն:
Նա իր հետքերով է տարել նաև հորեղբոր որդուն՝ Իսրայել Միլիտոսյանին, ով դարձել է աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե և արծաթե մեդալակիր:
Վարդան Միլիտոսյանի մահը խոր վիշտ էր ամբողջ Գյումրու և բոլոր մարզասերների համար:
Մեծանուն բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանն ընկերոջ մասին ասել է.
«Նա Գյումրի քաղաքի առաջին ծիծեռնակն էր, ով կարողացավ օլիմպիական բարձունքի հասնել: Նա հասարակ մարդ չէր, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ էր, ում սանը՝ Իսրայել Միլիտոսյանը օլիմպիական յոթ մեդալ բերեց»: