haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՎԱԳ ԳԵՂԱՄԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 16/03/1912 - Մահացել է՝ 05/11/2000

Կենսագրությունը

Ավագ Պետրոսյանը ծնվել է 1912 թվականի մարտի 16-ին՝ Գյամրեզում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ): Արևմտյան Հայաստանից՝ Ակոռիից ներգաղթած վաճառականի ընտանիքում ծնված մանուկը 2 տարեկանում որբացել է, իսկ ընտանիքը մատնվել ծանրագույն վիճակի: Ավագը ծանր ու դաժան մանկություն է ունեցել: Ապագա երգչի միակ սփոփանքը Էջմիածնում երգող հորից ժառանգած ձայնն էր: Ավագ Պետրոսյանին բախտը, սակայն, ժպտում է երիտասարդ տարիքում, երբ նա հանդիպում է իր կյանքում ամենակարևոր մարդկանց՝ ուսուցիչներին՝ մոսկովյան և պետերբուրգյան երաժշտական շրջանակներում ամենահայտնի պրոֆեսորներին՝ Նադեժդա Կարդյանին, ապա, Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու շրջանում՝ Քսենյա Դորլիակին: Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին հայ երիտասարդ երգիչը գերել էր բոլորին իր ձայնով: Ընդ որում՝ ապշեցնում էր ոչ միայն ձայնով, այլև տեքստի պարզ ու հասկանալի արտաբերմամբ, առոգանությամբ: Ուսանող Ավագ Պետրոսյանը մոսկովյան բեմահարթակներում հանդես էր գալիս ժամանակի մշակույթի այլ ոլորտների ամենահզոր անունների հետ՝ Իվան Կոզլովսկի, Ռուբեն Սիմոնով, Էմիլ Գիլելս, Սուրեն Քոչարյան, Վահրամ Փափազյան և այլն: 1941 թվականին Ավագ Պետրոսյանը դեռ ուսանող էր, երբ նրա անունն առաջին անգամ երևաց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ազդագրերում: Նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, նշանավոր պրոֆեսոր Քսենյա Դորլիակի դասարանում: Երբ սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը, նա ստիպված վերադառնում է հայրենիք: 1942 թվականին ավարտում է Երևանի կոնսերվատորիան՝ վոկալի անվանի պրոֆեսոր Նադեժդա Կարդյանի մոտ: Դորլիակի և Կարդյանի սանը մասնագիտական հրաշալի կրթություն է ստանում: Ավագ Պետրոսյանը, որ բնությունից օժտված էր գեղեցիկ ու հզոր ձայնով և վառ երաժշտականությամբ, շատ արագ տիրապետում է վոկալ արվեստի վարպետության գաղտնիքներին: Նրա ձայնի յուրահատուկ թավշյա երանգը, որ առլեցուն էր զգայական ջերմությամբ, լավագույնս էր արտահայտում ազգային երգարվեստի նրբերանգները: Դեռևս Մոսկվայում ուսանելու տարիներին Ավագ Պետրոսյանը ոչ միայն մենահամերգներ է ունեցել երկրի մայրաքաղաքի ամենանշանավոր դահլիճներում, այլև ելույթներ Խորհրդային Միության մշակույթի ականավոր վարպետների հետ միասին: Ի թիվս արևմտաեվրոպական և ռուսական դասականների ստեղծագործությունների, նա մշտապես կատարել է հայ կոմպոզիտորների երգեր, այսպիսով հիմք դնելով ազգային հարուստ իր երգացանկին: Ավագ Պետրոսյանն անկրկնելի երևույթ է վոկալ արվեստում: Նրա արտիստական կյանքը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի պատմության մեջ: Այդ ասպարեզում նա հայ մշակույթի հսկաներից է:

Գործունեությունը

Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական ողջ կյանքը կապված է օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած հայկական օպերային որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ և բեմական նկարագիրն ընկալվում է նախևառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: 1939 թվականին Ավագ Պետրոսյանը, որպես Հայաստանի պետական կապելլայի մենակատար, մեծ հաջողությամբ մասնակցել է Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակին: 1941 թվականից ի վեր Ավագ Պետրոսյանի կենսագրությունն անքակտելիորեն կապվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ: 1947 թվականին նրան շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1949-1950թթ. վերապատրաստման է գործուղվել Մոսկվա՝ Մեծ թատրոն: Արդեն 1951 թվականին Ավագ Պետրոսյանը դարձել է Խորհրդային Միության պետական մրցանակի դափնեկիր: 1956 թվականին Մոսկվայում, Հայ արվեստի և գրականության տասնօրյակին, Երևանի օպերային թատրոնի առաջնակարգ մենակատար Ավագ Պետրոսյանը մեծ հաջողություն է արձանագրել՝ հանդես գալով Սարոյի, Սանթուրի և Տիրիթի դերերգերում և պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանացել Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Երևանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում նա ստեղծել է անմոռանալի կերպարների մի ամբողջ համաստեղություն՝ Սարո և Սանթուր (Ա. Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ»), Աշուղ և Շեյխ (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Քյոռ-օղլի (Ու. Հաջիբեկովի «Քյոռ-օղլի»), Կարո (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Ռադամես և Մանրիկո (Վերդիի «Աիդա» և «Տրուբադուր») օպերաներում և այլն: Այս դերերգերին հատուկ են եղել իրական պրոֆեսիոնալիզմն ու պետրոսյանական ինքնատիպ արտիստիզմը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն, որտեղ ի հայտ են եկել նրա վոկալ-մասնագիտական ու դերասանական լավագույն առանձնահատկությունները: Ավելին՝ Ավագ Պետրոսյանի Սարոն կերպարի հետ այնպիսի խորությամբ ու ինքնատիպությամբ է սերտաճել, որ օպերային հերոսն ու այն մարմնավորողը մեկտեղվել, անբաժանելի են դարձել:

Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում և ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում և բազմակողմանի էր դառնում՝ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Այսպիսին է եղել նաև Քյոռ-օղլու դերերգը Ու. Հաջիբեկովի համանուն օպերայում: Այս առթիվ նույնիսկ ժամանակի ադրբեջանական մամուլը գրեց, որ «Քյոռ-օղլու դերերգն ամենաբարդ, երգչից հզոր ձայն, դրամատիզմ և ազգային բնորոշ նրբերանգների կատարում պահանջող կերպար է» և որ «Ավագ Պետրոսյանի բազմակողմանի տաղանդը թույլ տվեց կերտելու ազգային հերոսի առավելագույնս համոզիչ ու փայլուն կերպար»: Այս դերերգերի կատարման համար (որ միշտ հայերենով է հնչել), 1962 թվականին Ավագ Պետրոսյանին շնորհվել է Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչում: Ոչ պակաս փայլուն է Ավագ Պետրոսյան կամերային երգիչը՝ որպես դասական, ազգային և մասնավորապես հայ ժողովրդական երգերի անզուգական կատարող: Ավագ Պետրոսյանի համերգային երգացանկի ավելի քան 300 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեմշահի, Շերամի և այլոց բազմաթիվ երգերն ու ռոմանսները: Նրա երգացանկի կարևոր մաս են կազմել հայկական ժողովրդական երգերի հրաշալի մշակումները, արևմտաեվրոպական և ռուս կոմպոզիտորների՝ Բախի, Հենդելի, Գլյուկի, Մոցարտի, Պուչինիի, Ռախմանինովի, Չայկովսկու և ուրիշների ստեղծագործությունները: Ավագ Պետրոսյանի՝ ազգային երգարվեստի նվիրյալի ու խանդավառ տարածողի անունը հավերժ կմնա հայ կատարողական արվեստի պատմության մեջ: Հրաշալի երգչի համար ամենամեծ պարգևը եղել է իր ժողովրդի անսահման սերը, ճանաչումն ու անկաշառ մեծարանքը: 

Մեծանուն մարդկանց կարծիքները Ա. Պետրոսյանի մասին. «Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը»: /ԽՍՀՄ ժող. Արտիստ Բորիս Պոկրովսկի/ 

«Ավագ Պետրոսյանի Սարոն կերպարի հետ այնպիսի խորությամբ և ինքնատիպությամբ է սերտաճել, որ օպերային հերոսն ու մարմնավորողը մեկտեղվել են ու ունկնդիրների մոտ անբաժանելի դարձել»: /Արվեստաբան Մարտիրոս Տեր-Սիմոնյան/ 

«Ավագ Պետրոսյանը իր ժամանակին (սկսած 1940-ականների կեսերից) բեմ բարձրացավ հայկական օպերային արվեստի մեր մյուս երևելիների հետ: Երգչի ստեղծագործական գործունեությունը չէր սահմանափակվում միայն թատրոնով, նա մշտապես հանդես էր գալիս նաև կամերային համերգներով՝ պրոպագանդելով նաև հայ դասական ու իր ժամանակի կոմպոզիտորների ստեղծագործությունները»: /Կամո Հովհաննիսյան/

Տեսանյութերը

Ավագ Պետրոսյան. Սարո. Բարձր Սարե...

Ավագ Պետրոսյան և Գոհար Գասպարյան...

Ավագ Պետրոսյան. Վայ գիդի բլբուլս...

Ավագ Պետրոսյան. Լորիկ...

Ավագ Պետրոսյան. Երգ Ալագյազի մաս...

Ավագ Պետրոսյանի 100 ամյակին նվիր...

Երևանում բացվեց Ավագ Պետրոսյանի ...

Օգտագործող Գաղտնաբառ