haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՀՐԱՉՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՋԻՆԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 25/11/1919 - Մահացել է՝ 19/09/2012

Կենսագրությունը

«Հայերենը մեր հայրն է, մեր մայրն է, մեր զավակն է, մեզանից հետո գալիք հայությունն է»: /Հրաչուհի Ջինանյան/

Հրաչուհի Հարությունի Ջինանյանը պոլսեցի է: Ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին այդ նշանավոր քաղաքում, որի մասին պատմում էր ծնողներից փոխանցված հիշողություններով: 1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Երևանում: 1936 թվականից մինչև 1941 թվականը Հրաչուհին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական գրականության և լեզվի բաժինը: Այնուհետև՝ 1941 թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ որպես հաղորդավար, ապա՝ խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը: 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: Հրաչուհի Ջինանյանն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: Ամուսնացել է պատմության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պրոռեկտոր, Հայաստանի մամուլի կոմիտեի նախագահ Հայկարամ Ութմազյանի հետ: Նրանց որդին է ասմունքող, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արթուր Ութմազյանը: Հրաչուհի Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը: Անվանի դերասանուհի, ասմունքող, մանկավարժ, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հրաչուհի Հարությունի Ջինանյանը երկարատև հիվանդությունից հետո մահացավ կյանքի 91-րդ տարում: Վերջին հրաժեշտը արտիստուհուն տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը, իսկ հուղարկավորությունը Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

Գործունեությունը

Հայ մշակույթը, գեղարվեստական կյանքն ու բարձրագույն կրթությունն իրապես ծանր կորուստ կրեցին, որովհետև կյանքից հեռացավ այն եզակի ու բացառիկ արվեստագետներից մեկը, ով կամրջում էր 20-րդ դարի երկրորդ կեսը մեր օրերին, ով իր ներկայությամբ հիշեցնում էր հայ գրականության ու թատրոնի այն մեծերի մասին, ովքեր մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշները դարձան: Հրաչուհի Ջինանյանը ստեղծագործական մտերմություն էր ունեցել Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Ավետ Ավետիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի և ուրիշների հետ, որպես ասմունքող՝ բեմ էր բարձրացել մեր գեղարվեստական խոսքի բոլոր նշանավոր անհատականությունների հետ՝ նրանց հետ միասին ամբողջացնելով ասմունքի ասպարեզում մեր ձեռքբերումներն ու կուտակումները, համակուրսեցին էր Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի... Երկրորդ աշխարհամարտը սկսվելու առաջին պահից աշխատել է հանրապետական ռադիոյում որպես հաղորդավար, հետո նշանակվել գրական հաղորդումների խմբագիր, 1951 թվականից՝ գլխավոր խմբագիր, 1953 թվականից՝ ռադիոհաղորդումների բեմադրիչ, իսկ 1956-ից՝ մենակատար: 1971 թվականից ռեժիսորական և հաղորդավարական խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Հայրենական պատերազմի ծանր օրերին մարդիկ սպասում էին ռադիոյից հնչող Հրաչուհի Ջինանյանի խոսքին, անգամ նահանջների ու պարտությունների մասին հաղորդագրություններն այնպես էր նա կարդում, որպեսզի հուսալքություն չլիներ, որպեսզի թիկունքում գտնվողները չկորցնեին իրենց հույսը, լավատեսությունը չլքեր մարդկանց: Մեծ Հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի լուրն էլ Հրաչուհի Ջինանյանը մատուցեց բոլորին՝ խինդով և ուրախությամբ: Բացի այդ՝ հենց նրա ձայնով է հայկական ռադիոն լսելի դարձել սփյուռքին: Իր «Երևանն է խոսում»-ը դեռ լսելի է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ականջներում: Հրաչուհի Ջինանյանը բեմականացրել և բեմադրել է Ա. Շիրվանզադեի «Արտիստը», Նար-Դոսի «Ես և նա», «Նեղ օրերից մեկը», Հ. Թումանյանի «Անուշ», «Ոսկե քաղաք», Հ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» ու բազմաթիվ այլ ստեղծագործություններ՝ շատ հաճախ ինքն էլ կարդալով հաղորդավարական տեքստերը՝ այսպես նաև յուրովի բացահայտելով իր դերասանական անսքող ու ինքնահատուկ շնորհները: Ազգային գրականության լավագույն նմուշների ռադիոբեմադրումները ոչ միայն ռադիոթատրոնի առաջին քայլերն էին, այլև դրանք կամուրջ էին նետում ունկնդրի և գրական երկի միջև, այսպես նաև հանրահռչակում ստեղծագործությունը, այսպես գրական երկին տալիս նոր կյանք: Մինչ այսօր էլ ռադիոյի ձայնադարանում պահվող այդ ստեղծագործությունները զարմացնում են նյութի ինքնատիպ մատուցմամբ, գրական երկի տարբեր շերտերի ինքնահատուկ մատուցումներով: Լինելով հրաշալի ասմունքող, բեմական խոսքի վարպետ ու գիտակ՝ Հրաչուհի Ջինանյանը 1944 թվականից աշխատել է գեղարվեստաթատերական, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, տասնամյակներ շարունակ գլխավորել բեմական խոսքի ամբիոնը՝ փոխարինելով ականավոր Լևոն Քալանթարին: Հրաչուհի Ջինանյանը մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի կրկնօրինակումների, հանդես եկել գեղարվեստական ասմունքով, հյուրախաղեր ունեցել աշխարհի քսանից ավելի երկրներում: Նա կարդում էր Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի քնարական ստեղծագործությունները, զարմանալի ներշնչվածությամբ մատուցում բանաստեղծներին պատած հույզերը, ընտրում ստեղծագործության մատուցման մեղմ ձևերը: Մինչ օրս անկրկնելի են Ավետիք Իսահակյանի, Չարենցի, Կապուտիկյանի՝ մայրական թեմայի ստեղծագործությունների ջինանյանական մեկնաբանություններն ու մատուցումները: Ասմունքի հմտությունները նա փոխանցեց որդուն՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, թոռնուհուն՝ Հրաչուհի Ութմազյանին: Թատերական ինստիտուտում շատերին Ջինանյանը ծանոթացրեց բեմական խոսքի առանձնահատկություններին, շատերի մեջ սերմանեց սեր հայրենի գրականության հանդեպ: Հրաչուհի Ջինանյանի հեռանալով՝ հեռացավ 20-րդ դարի մեր գեղարվեստական իրականության ամենավերջին մոհիկանը, ամենավերջին նշանավորներից մեկը... Ազգային արվեստին մատուցած ծառայությունների համար Հրաչուհին 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1984 թվականին՝ պրոֆեսորի: 2001 թվականին նա պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, իսկ 2003 թվականին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Սակայն պարգևներից ամենագլխավորը համաժողովրդական սերն էր, որին վաղուց էր արժանացել:

Տեսանյութերը

Հայկ նահապետից հետո. Հրաչուհի Ջի...

Մեր արթմնի երազը. Հրաչուհի Ջինան...

Հովհաննես Շիրազ. Բանաստեղծությու...

Ավետիք Իսահակյան. «Ալագյազի Մանի...

Օգտագործող Գաղտնաբառ