haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՆԱՀԻՏ ԱՐԱՄԻ ՍԱՀԻՆՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 20/06/1917 - Մահացել է՝ 07/01/2010

Կենսագրությունը

«Իր հազարամյակների գոյության ընթացքում շատ անգամ է Հայաստանն ու հայությունը հայտնվել անդունդի եզրին: Հիշենք թեկուզ մեկը՝ Եղեռնը, հայության բնաջնջումը Արևմտյան Հայաստանից, գաղթականներով ու որբերով լի Արևելահայաստանը, որ ապաքինվեց մի երկու տասնամյակի ընթացքում, և բռնեց վերելքի ճանապարհը, հասավ ի՜նչ բարգավաճման. Մատենադարան, Գիտությունների ակադեմիա, Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Պարույր Սևակ և իրեն համազոր իր սերնդակիցների աստղաբույլը... Բարձրացող Երևան, ծաղկող Հայաստան: Նոր հրաշք լինելու՞ է: Սպասենք: Նստենք ու սպասենք»: Անահիտ Սահինյան

Գրող, հրապարակախոս Անահիտ Սահինյանը ծնվել է 1917 թվականի հունվարի 20-ին՝ Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ): Քսանական թվականներին Սահինյանների ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք: Անահիտը 1936 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը,իսկ 1941-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Սահինյանն ասում էր, որ եթե նկարելու լիներ իր մանկությունը, Լոռվա չքնաղ պատկերների կողքին կլինեին Երևանի քաղաքամերձ այգիները, գլգլան առուները, թուրքի բազարը, պարսկական թաղամասը՝ տարածված Գետառի ափերին, Ղանթար կոչվող ընդարձակ շուկան, որտեղ վխտում էին գաղթի ճամփաներին ծնողներին կորցրած անապաստան, բոբիկ որբ երեխաները, ռուսական եկեղեցին, որի պատերի տակ գիշերում էին անտուն, ջլուտ գաղթականները: Նրա առաջին վեպն արտացոլում է հենց այդ ժամանակահատվածը, այն, ինչ տեսել է, զգացել ու ապրել: Նրա արձակի հերոսները հայրենիք կառուցող ազնիվ, աշխատասեր, հայրենապաշտ հայ մարդիկ էին՝ բանվոր, քարտաշ, շինարար ու նրանց կողքին բարձր գաղափարներից զուրկ, իրապաշտ, անհայրենիք եսամոլները, ովքեր եղել են բոլոր ժամանակներում:

Անահիտ Սահինյանը 2010 թվականի հունվարի 10-ին՝ 93 տարեկան հասակում մահացել է Երևանում: Վերջին հրաժեշտը տրվել է գրողների միության մեծ դահլիճում, որից հետո սգո թափորը ուղղություն է վերցրել Երևանի քաղաքային գերեզմանատուն, որտեղ և կայացել է հուղարկավորությունը: 

Գործունեությունը

Անահիտ Սահինյանը 1942 թվականից մինչև 1958 թվականը աշխատել է ՀայՊետհրատում՝ որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ:
Հեղինակի ամենածավալուն վեպից մինչև ամենափոքր հոդվածն ունի խիստ ինքնատիպ կնիք ու ձեռագիր, դա սահինյանական ձեռագիրն է: Հեղինակել է «Խաչուղիներ», «Ծարավ», «Թախիծ» վեպերը, «Վայելք», «Նունուֆար», «Սեփական հետքերով» պատմվածքները, ինչպես նաև պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» գիրքը: Սահինյանը երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Հացն անխղճորեն շռայլելու մասին երկրի ղեկավար այրերին ուղղված նրա արձագանքը ժամանակին արժանացել էր Անտոն Քոչինյանի ուշադրությանն ու շնորհակալական հեռախոսազանգին: Անահիտի ստեղծագործություները թարգմանվել են ռուսերեն:
Անահիտ Սահինյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1981 թվականին արժանացել ՀԽՍՀ պետական մրցանակի:


Մեծանուն մարդկաց կարծիքները Պ. Սևակի մասին.
Գրականագետ Ազատ Եղիազարյանը Անահիտ Սահինյանին անվանել է «20-րդ դարի հայ վիպասանության վարպետ»: Ըստ նրա, Սահինյանի կյանքի երկարուձիգ տարիները հագեցած էին խորը մարդկային և հասարակական բովանդակությամբ, իսկ վեպերն ու հրապարակախոսությունները՝ ուղղված Հայաստանի ամենացավոտ խնդիրներին, խորապես մտահոգված՝ երկրի, ժողովրդի շահերով:

«Անահիտ Սահինյանը ուրույն տեղ ունի անցյալ դարի հայ գրականության, հատկապես արձակի և հրապարակագրության ասպարեզում: Նա նաև փայլուն հրապարակախոս էր՝ անհաշտ ու ճշմարտացի, մշտապես գրելով հասարակության շահերի համար»: /ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ