haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ

Գործարար

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ անհայտ է

Կենսագրությունը

Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուններ, ովքեր իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը: Միջնադարից եկող այնպիսի մեծահարուստներ, ինչպիսիք էին առևտրականներ Տիգրան Հոնենցը, Ումեկը և մյուսները, եկեղեցաշինության միջոցով կղերից ստանում էին նախ «ինդուլգենցիա», իսկ ապա նաև՝ հանրության վրա Աստծո կամոք իշխելու իրավունքը: Այդուհետ եկեղեցու համար հարկ էր միայն ամրագրել մեծահարուստ առևտրականների ազնվական ծագումը: Այդ նպատակով, հատկապես 11-13-րդ դարերում, նախ հենց եկեղեցին էր ճանաչում ու հոգևոր վարդապետների միջոցով տարբեր գրավոր երկերում սկսում շրջանառել նոր ազնվականության տոհմիկ լինելու փաստը՝ կապելով նրանց անցյալի այս կամ այն նախարարական տան հետ: Եվ քանի որ մինչ այդ շատ մեծահարուստներ սնանկացող ազնվականության հետ, ելնելով փոխադարձ շահերից, կարողացել էին խնամիական կապեր հաստատել (արդյունքում ազնվականը ինչ-որ նյութական միջոցներ էր ստանում մեծահարուստից, իսկ մեծահարուստը՝ դիրք, հեղինակություն), հոգևոր իշխանությանը դժվար չէր լինում ապացուցել մեծահարուստի ազնվական ծագումը: Սակայն, հայոց պատմության մեջ բավական մեծ թիվ են կազմում նաև այն դեպքերը, երբ նոր ձևավորված ազնվականության տոհմիկության մասին միայն առանձին վկայություններ են շրջանառվել՝ առանց պատմությանը թողնելու որևէ հստակ սերնդաբանություն (այսինքն՝ կեղծ տոհմածառեր չեն էլ կազմվել, կղերը սահմանափակվել է անցյալի որևէ նախարարական տան հետ մեծահարուստի ձևական կապ տալով միայն): Ահա նման մեծատուններից մեկն էլ Տիգրան Հոնենցն է: Հոնենցի մասին տեղեկությունները պահպանվել են նրա իսկ կարուցած եկեղեցու հարավային պատին: Վիմագիրն արվել է 1215 թվականին՝ վիմագրիչ Իսրայելի ձեռքով: Վիմագիր տեքստը նախ ներկայացնում է Հոնենցի ծագումնաբանությունը, այնուհետև պատմում նրա գործունեության մասին: Տիգրան Հոնենցն ինքն իրեն անվանում էր ամիրսպալասար Զաքարեի և նրա որդի Շահնշահի ծառա: «664թ. (ՄԹ. 1215թ.), երբ Աստծո ողորմածությամբ Անի քաղաքի Բեյը հզոր և զորեղ Զաքարիան էր... Ես՝ Հոնենց ընտանիքից Սուլեմ Սմբատորենցի որդի, Աստծո ծառա Տիգրանս, իմ տերերին և երեխաներին երկար կյանք պարգևելու համար քարափի եզրին և մացառուտներով անանցանելի այս վայրում կառուցեցի այս վանքը՝ նվիրելով Սուրբ Գրիգորին և այն իմ տերերից իմ արդար ունեցվածքով գնեցի և մեծ նեղությամբ և ծախսերով ամեն կողմից ապահովեցի նրա պաշտպանությունը: Այս եկեղեցին կառուցել տվեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունից և այն գեղեցկացրեցի բազմաթիվ նախշերով...»: Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և գործել է իշխանապետության մայրաքաղաք Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից 1199 թվականին Անին գրավելուց անմիջապես հետո՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր, հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր: Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում, Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատունն էր, ամենահայտնի անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ էր: Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական, հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական գործին:

Գործունեությունը

Տիգրան Հոնենցի անունն առաջին անգամ հիշատակվում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝ երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թմբուկի նիստերից մեկի վրա ագուցված է դիմահայաց արծվի հարթաքանդակ, որտեղ թռչունը հզոր պոչի վրա մագիլներով պահում է գառան մարմինը: Այս պատկերը, սակայն, Զաքարյան տան զինանշանն է, և Տիգրան Հոնենցը այն իր կառուցած հոգևոր շինության վրա փորագրել է՝ հավաստելու համար իր անվերապահ ենթակայությունը Զաքարյան տանը: Սակայն Հոնենցը ևս ունեցել է զինանշան: Նրա զինանշանին պատկերված են եղել արու և էգ առյուծներ: Այդ պարզվում է Հոնենց տոհմի դամբարանից հայտնաբերված ու Հայաստանի պատմության պետական թանգարանում պահվող դրոշի վրա եղած պատկերից: Ցավոք պատմական գրականության մեջ դրոշը ներկայացվել է շղարշ: Այն սև գույնի կտորից է: Սևի վրա ոսկեզօծ, նուրբ հյուսվածքով պատկերված են դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներ: Առյուծների մարմնական եզրագծերը, ինչպես նաև արուի բաշը գործած են ոսկե թելերով, իսկ մարմինները՝ մետաքսաթելով: Փաստորեն, ինչպես և Վաչուտյանների զինանշանին, որտեղ պատկերված են արու և էգ արծիվներ, Տիգրան Հոնենցի դրոշին պատկերված են արու և էգ առյուծներ, որոնք խորհրդանշում են սիրո, ընտանիքի, հավերժության ուխտը: Դրոշի սև գույնը և դամբարանում գտնվելը, ամենայն հավանականությամբ, սգո խորհրդանշան է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում կառուցվել են նաև վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել են հզոր պարիսպներով: Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցին կառուցել է Հոնենց տոհմի ճարտարապետ Եղբայրիկը: Պատվիրատուն նորակառույց եկեղեցուն նվիրել է 8 գյուղ, 6 այգի, հյուրանոցներ, Հոտեցոնց փողոցի տները, կրպակներ, երկուական բաղնիք, պանդոկ, երկակն ձիթհանք, 3 ջրաղացների հատվածներ, մի քանի ախոռ ու մարագ, բանջարանոցներ, տարբեր հողակտորներ: Տիգրան Հոնենցի միջոցներով կառուցվել են նաև Բեխենց վանքը և Կուսանաց անապատի եկեղեցին: 1222 թվականին Հոնենցի հովանավորությամբ ճարտարապետ Եղբայրիկը կառուցել է քաղաքային պարսպի բուրգերից մեկը, որ պատմական գրականության մեջ ստացել է «Եղբայրիկի բուրգ» անունը: Պարսպի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում արձանագրված է. «Ես՝ Եղբայրիկս, ծառայ տեառն իմոյ Տիգրանայ, նորին ողորմութեամբն շինեցի զարձանս»: Տիգրան Հոնենցի կառուցողական զարդերից մեկն էլ Ծաղկաձորի Այրային թաղամասի Հոնենց տոհմի պանթեոն-դամբարանն է, որի պատերը ծածկված են եղել տարբեր բովանդակությամբ որմնանկարներով: Դամբարանը պեղվել է 1910-ական թվականների սկզբին: Հայաստանի պատմության թանգարանի «Անի քաղաքը» ցուցասրահում, պատերից մեկի վրա ցուցադրվում են նրբահյուս մետաքսից կարված փոքրիկ աղջնակի հագուստ: Այդ հագուստները գտնվել են հենց Տիգրան Հոնենցի դամբարանում: Դրանք եղել են 4-5 տարեկան մի աղջնակի հագին: Նրա մարմինը զմռսված է եղել և լավ պահպանվել է՝ հագուստով հանդերձ: Իր չափերով Տիգրան Հենենցի նվիրատվությունը կարող էր համեմատվել միայն Տայքի վանքի օծման առթիվ, 906 թվականին Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Սյունյաց իշխանների ընծայած նվերների հետ:

Տեսանյութերը

Տեր ողորմեա. Անիի Տիգրան Հոնենց...

Անի. Տիգրան Հոնենց եկեղեցի...

Պատարագ Տիգրան Հոնենցի եկեղեցում...

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի...

Օգտագործող Գաղտնաբառ