haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐԹՈՒՐ ՀԱՅԿԱՐԱՄԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 04/01/1948

Կենսագրությունը

«Եթե մտել ես թատրոն, ուրեմն մինչև վերջին կաթիլը քամիր քեզ: Թե չէ ի՞նչ համարձակություն ունես ամեն օր բեմում 400 հոգու հետ խոսել: Գործիք ես. դու մաշում ես քեզ, քո արյունը, քո սիրտը, քո նյարդերը, ամբողջ օրգանիզմդ: Եթե սիրտդ չես մաշում, բեմ դուրս գալու իրավունք չունես»: /Արթուր Ութմազյան/

Հայրը՝ Հայկարամ Ութմազյանը, 1915 թվականին գաղթել է Սեբաստիայից: 16 տարեկանում միայն դարձել տառաճանաչ, իսկ 52 տարեկանում նա արդեն պատմության գիտությունների դոկտոր է եղել, պրոֆեսոր և ԵՊՀ պրոռեկտոր, Հայաստանի մամուլի կոմիտեի նախագահ: Մայրը՝ Հրաչուհի Ջինանյանը, գաղթել է Պոլսից: Նա է հայտարարել Հայրենական պատերազմի հաղթանակի լուրը, հենց նրա ձայնով է հայկական ռադիոն լսելի դարձել սփյուռքին, իր «Երևանն է խոսում»-ը դեռ լսելի է սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ականջներում: ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհու, պրոֆեսորի, Երևանի պատվավոր քաղաքացու որդին է Արթուր Ութմազյանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանի դափնեկիր: Արթուր Հայկարամի Ութմազյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 4-ին՝ Խորհրդային Հայաստանի Երևան քաղաքում: 1966 թվականին ընդունվել՝ 1971-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Իսկ ահա դերասանական արվեստի դասերը առել է մորից և Հրաչյա Ղափլանյանից: Հետո արդեն, համագործակցելով Արմեն Խանդիկյանի հետ՝ նաև նրանից: 1968 թվականից Արթուր Ութմազյանը աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որպես դերասան: Ստեղծագործական համագործակցությունը նրանց ընտանիքում ժառանգական իրողություն է դարձել: Արթուրն ասմունքի առաջին դասերն առել է մորից: Այժմ ինչ-որ չափով դարձել է դստեր՝ Հրաչուհի Ութմազյանի ուսուցիչը՝ կարծես շարունակելով մանկավարժության ընտանեկան ավանդույթները: ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը հայ թատրոնի դերասանական այն սերնդի ներկայացուցիչներից է, որը ձևավորվեց 1960-ականների վերջերին և դառնալով օրինական ժառանգորդը մեր մեծերի ձևավորած ավանդույթների՝ վստահաբար գնաց դեպի թատերարվեստում նոր ձևերի և նոր մտածողության հաստատումը:

Գործունեությունը

Հայկական ռադիոթատրոնի և ասմունքի ազգային դպրոցի հիմնասյուներից մեկը դարձած Հրաչուհի Ջինանյանի և պատմագիտության դոկտոր Հայկարամ Ութմազյանի որդին, գիր ու գրականության պաշտամունքով առանձնահատուկ ընտանեկան միջավայրում հասակ առնելով, նախ և առաջ պիտի բացահայտեր գեղարվեստական ասմունքի գենետիկ ունակությունները՝ դպրոցական գրական ցերեկույթներից մինչև համալսարանական: Ռուս գրականության ու լեզվի բաժնի ուսանողը գուցեև դերասանական արվեստի փշոտ ճանապարհը չընտրեր որպես կյանքի ուղի, եթե բանաստեղծություն մատուցելու նրա յուրահատուկ արտահայտչականությամբ հիացած Լևոն Թուխիկյանն ու Աննա Պետրոսյանը չխանդավառեին նոր թատրոն ձևավորող Հրաչյա Ղափլանյանին: Պրոֆեսիոնալ բեմում առաջին լուրջ քայլը թատերագիտական ուշադրության արժանացած Մարեկի դերակատարումն էր: Համադրելով ստուդիական աշխատանքը համալսարանական ուսումնառության հետ՝ Արթուր Ութմազյանը դերից դեր հղկում է կերպավորման կարողությունները Ղափլանյանի համագործակցությամբ: Արտաքուստ չմերձենալով բեմական հերոսի կաղապարված պահանջներին՝ ինքնատիպ իր տեսակն է հաստատում: Հոգեբանական ենթաշերտերի տրամաբանորեն բացահայտումը, լռության բեմական պատկերումը, մեղմ կիսատոներից ցայտուն հնարքներին անցումը, դերի սեփական դրամատուրգիայի մշակումը դառնում են նրա դերասանական նկարագրի հիմնորոշ գծերը: Իր սերնդի խտացված գույներով, հասարակության և անհատի միջև կոնֆլիկտի առաջմղիչ շեշտադրությամբ՝ Ութմազյանի Մանչուկը (Ա. Մակայոնոկ, «Հալածված առաքյալը») առաջին խոշոր նվաճումն է դառնում արտիստական ինքնահաստատման: ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված փառատոնում «Հալածված առաքյալը» ճանաչվում է լավագույն ներկայացումը, Ութմազյանն արժանանում է գլխավոր պարգևին: Նրա առջև բացվում են հեռուստաթատրոնի դռները: Մի շարք բեմադրություններում հանդես գալով որպես հեղինակի դերակատար՝ Ութմազյանը դառնում է ոչ միայն դրամատուրգի ու բեմադրիչի համահեղինակը, այլև ապրումների ու տրամադրությունների ճշմարիտ թարգմանն ու ներկայացման դիրիժորը: Ներքին պաթոսով, խոհական խոսքով, ռիթմական ու տոնային կերպափոխումներով: 80-ականներից, Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»-ից միահյուսվում է Խանդիկյանի և Ութմազյանի ստեղծագործական ուղին: Լակոնիկ, ճշգրիտ արտահայտչամիջոցներով դերասանը ստեղծել էր կյանքի ու բեմի ճշմարտությունների կենտրոնում կանգնած բարդ ու հակասական մի կերպար՝ հայտնագործելով վտիտ մարդու մեջ պարփակված հսկայական կենսուժը: Գրական աշխարհի մի շարք երևելիների բեմատիպարներ մարմնավորեց Արթուր Ութմազյանը՝ համահեղինակության աստիճան մերձենալով նրանց ստեղծագործական ընդհանուր նկարագրին, պատկերավոր վերապրելով մարդկային ճակատագրերը: Իր գտած նրբերանգներն առավելագույնս խտացնելով ժամանակի խեղումների դեմ համարձակ ընդվզող Բանաստեղծի կերպարում՝ Պարույր Սևակի կյանքի ու գործի հավաքական հիմքով: Սուրեն Հարությունյանի գրած «Անվերջ վերադարձ» դրամատիկական ֆանտազիան, բախտորոշ 88-ից մինչ օրս, հաստատվեց Դրամատիկի խաղացանկում: Արտիստական հարուստ կենսափորձով ու երանգապնակի բոլոր նրբին գույներով Ութմազյանը հանդես եկավ Հուդայի դերում: Սատանայականն ու աստվածայինն օրգանապես միահյուսված էին նրա Հուդայի մեջ: Արթուր Ութմազյան արվեստագետի գլխավոր արժանիքը որդեգրած հավատամքին հավատարիմ մնալն է: Թատրոնի անմնացորդ նվիրյալն ամենայն պատասխանատվությամբ է ստանձնում յուրաքանչյուր նոր դերակատարումը: Ինքնակիզմամբ տրվում կերպարի տրամաբանությունից բխող բեմական դրսևորումների որոնումներին՝ բացառելով միագծությունը, կասկածելով կարծրացած ստերեոտիպերի անհերքելիությանը: Այս մեկնակետով էլ ներկայացրեց Դրամատիկի դեմում իր շեքսպիրյան դերացանկի զրնգուն անունը՝ Մակբեթ: Փառամոլության արյունոտ որոգայթներում կապանքված երբեմնի հայրենանվեր հմուտ զորավարի անփառունակ վախճանը վերապրելով ինքնահատուկ համոզչականությամբ, մարդկային ամենժամանակյա ընդհանրական հատկանիշերի անձնավորմամբ: 1998 թվականին Արթուր Ութմազյանը պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2000 թվականին Հուդայի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերասան», իսկ 2001 թվականին Բարդուղիմեոսի դերակատարման համար՝ ՀԹԳՄ Տիգրան Լևոնյանի անվան մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերակատարում»: 2001 թվականին նաև արժանացել է ՀՀ Պետական մրցանակի՝ «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Բրուտոսի դերակատարման համար: Արթուր Հայկարամի Ութմազյանը 1987 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր, իսկ 2003-ին՝ ժողովրդական արտիստի կոչման:

Տեսանյութերը

Արթուր Ութմազյան-Ծերանում ենք Պա...

Արթուր Ութմազյան- Միջակետի կարիք...

Մակբեթ

Արթուր Ութմազյան-Պարույր Սևակ...

Արթուր և Հրաչուհի Ութմազյանները՝...

Արթուր և Հրաչուհի Ութմազյաններ...

Օգտագործող Գաղտնաբառ