haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՋԵՐԱՐԴ ԼԵՎՈՆԻ ԳԱՖԵՍՃՅԱՆ

Գործարար

Ծնվել է՝ 07/08/1925 - Մահացել է՝ 15/09/2013

Կենսագրությունը

«Հայաստանը դատապարտված է հաջողության, և մեր յուրաքանչյուր հայրենակից իր բաժին աշխատանքն ունի այս կարևոր գործում»: /Ջ. Գաֆեսճյան/ 

Քանակապես զիջելով շատ ու շատ ազգերի հայ ժողովուրդը աշխարհին տալիս է բազմաթիվ տաղանդավոր արվեստագետներ, գիտնականներ, հաջողակ ձեռներեցներ և այլն: Շատերը ծնված լինելով կամ ապրելով հայրենիքի սահմաններից դուրս՝ ոչ միայն չեն մոռանում, այլև նյութական միջոցներով փորձում են նպաստել Հայաստանի հզորացմանն ու բարգավաճմանը: Նրանց թվին է պատկանում Ջերարդ Գաֆեսճյանը, ով ծնվել է 1925 թվականին՝ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում՝ հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ ներգաղթած Լևոն և Նորա Գաֆեսճյանների ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ջերարդը ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու Յորքի Hunter քոլեջը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Ապա ուսանել է իրավագիտություն և պաշտպանելով թեզը՝ ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան: 1952 թվականին Գաֆեսճյանը սկսել է իր կարիերան՝ որպես իրավաբանական խմբագիր՝ համաշխարհային ճանաչում ունեցող West Publishing հրատարակչությունում: 1960 թվականին տեղափոխվել է Մինեսոտա նահանգ, որպեսզի շարունակի իր աշխատանքը West Publishing-ի գլխավոր գրասենյակում: Բարձրանալով կարիերայի աստիճաններով՝ նա զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են՝ գովազդի տնօրեն, մարքեթինգի և վաճառքի փոխնախագահ, կառավարության հետ կապերի տնօրեն, և, վերջապես, տնօրենների խորհրդի անդամ և գործադիր փոխտնօրեն: Ջերարդ Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ West Publishing-ում, քառասունհինգ տարի աշխատանքի ընթացքում, ընկերությունը լավ դիրք է զբաղեցրել շուկայում: Նրա աշխատակիցների թիվը 2000-ից հասել է 6500 մարդու: 1996 թվականի հունիսին Գաֆեսճյանը վաճառել է West Publishing-ի իր բաժնետոմսերը: Կարճ ժամանակ անց նա հեռացել է West Publishing-ից: Ջերարդ Գաֆեսճյանը մահացել է 2013 թվականին՝ 88 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ որ ապրում էր բարերարը: Գաֆեսճյանը ամուսնացած էր Կլեոյի հետ, ում հանդիպել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Գաֆեսճյաններն ունեն երկու զավակ, մեկ թոռ և երկու ծոռ:

Գործունեությունը

Ողջ կյանքում Գաֆեսճյանը ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Նա եղել է այնպիսի հայտնի ռեստորանների ցանցի բաժնետեր, ինչպիսիք են՝ երեք հսկա իտալական Campiello ռեստորանները, ոճային իտալական D’Amico & Sons ռեստորանների ցանցը, որը բաղկացացծ է 13 փոքր ռեստորաններից և D’Amico Catering-ը, որը Մինեսոտայում ֆուրշետների կազմակերպման առաջատար ընկերություն է: Գաֆեսճյանը եղել է աշխարհի խոշորագույն “Jamba Juice Company” ընկերության, Իտալիայում և Հունգարիայում գինեգործական գործարանների համասեփականատեր, ինչպես նաև՝ կարևոր պաշտոն է զբաղեցրել Ֆլորիդայի և Մինեսոտայի անշարժ գույքի շուկայում: Ջերարդ Գաֆեսճյանը եղել է նաև էներգետիկայի ոլորտի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի առևտրի, ծրագրային ապահովման և հեռահաղորդակցության մի քանի խոշոր ընկերությունների համասեփականատեր: Գաֆեսճյանը, զբաղվելով իր կապիտալի կառավարմամբ, մեծ ուշադրություն է հատկացրել բարեգործական գործունեությանը, որը ուղղված է եղել ազգային հարցերի լուծմանը: Գաֆեսճյանի բարեգործական ջանքերը հիմնականում ուղղված էին հայկական հարցի աջակցմանը: Ցեղասպանությունը խոր ազդեցություն է թողել Գաֆեսճյանի և իր ընտանիքի վրա: Դեռ երեխա, նա մտածում էր, թե ինչու բարեկամներ չունի: Նրա հայրը կորցրել էր ծնողներին և բոլոր հարազատներին ցեղասպանության ժամանակ: 1996 թվականին Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամ»-ը: Հիմնադրամի նպատակն էր ապահովել հայերի բարեկեցությունը: Նա միլիոնավոր դոլարներ է ներդրել «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամ»՝ նպատակ ունենալով աջակցել հայերին ու հայկական հարցին: Հիմանդրումից ի վեր հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել մի շարք հայկական կազմակերպությունների: Նրանց շարքում են Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և մի շարք այլ նախագծեր: Հիմնադրամը նախաձեռնել է նաև ծրագրեր, որոնց նպատակն է խթանել աշխատաշուկայի ընդլայնումը և պահպանել տնտեսական ակտիվությունը: Ջերարդ Գաֆեսճյանի բարեգործական ձեռնարկումների թերևս ամենամնայուն արտահայտությունը 2002 թվականին Հայաստանի կառավարության հետ փոխհամաձայնությամբ Երևանի ճարտարապետական գլխավոր կառույցներից մեկի՝ Կասկադ համալիրի և նրա դիմացի Թամանյան պուրակի տարածքում ժամանակակից արվեստի կենտրոնի ստեղծումն էր, ինչի համար Գաֆեսճյանը տրամադրել է 25 միլիոն դոլար: Ջերարդ Գաֆեսճյանը հանդիսանում էր Նյու Յորքի Իրավաբանների միության, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի իրավաբանների միության, Սամոայի Գերագույն դատարանի անդամ: Նա նաև Վաշինգտոնի հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Գաֆեսճյանի հիմնադրամը մեծ նվիրատվություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար: Ջերարդ Գաֆեսճյանը իր կարողությունը հեշտ չի ձեռք բերել և մանավանդ՝ զուտ անձնական հաճույքների համար չի գործադրել, այլ՝ հանրային բարօրության, հատկապես հանուն հայության ու Հայաստանի բարօրության:

Տեսանյութերը

Ռոբերտ Քոչարյան, Ջերարդ Գաֆեսճյա...

Տարվա մեկենաս Ջերարդ Գաֆեսճյան...

Ջերարդ Գաֆեսճյանը և Գաֆեսճյան ար...

Հայաստանի ճամփեքով. Գաֆեսճյան ար...

Վախճանվել է գործարար և բարերար Ջ...

Օգտագործող Գաղտնաբառ