haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԱՐԾՐՈՒՆ ԱՐՄԵՆԱԿԻ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Արծաթագործ

Ծնվել է՝ 22/12/1925 - Մահացել է՝ 01/01/1994

Կենսագրությունը

«Արծրուն Բերբերյան, վանեցի, վաստակս է 40 տարի, դուռս թող միշտ բաց լինի հայ ժողովրդին և բյուր ազգերին»:

Արծրուն Բերբերյանը հայ արհեստավորի պարզ կենսագրություն ունի: Պատմական Հայաստանի Վասպուրական աշխարհի Վան քաղաքից Բերբերյանների ընտանիքը դեռևս 1914 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան, ապա բնակություն հաստատել Կովկասի Հայաշատ կենտրոն Թիֆլիսում: Այստեղ էլ 1925 թվականին ծնվել է Արծրունը: Շուտով, սակայն, Բերբերյանները տեղափոխվում են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով կիսատ է մնում փոքրիկ տղայի ուսումը: Արծրունին, հորեղբայրների օրինակով, որոնք Վանի արծաթագործներից էին, ատաղծագործ հայրը տալիս է արհեստ սովորելու՝ Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ: Այնտեղ ժամանակին հայտնի արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին երկար տարիներ աշակերտելուց հետո Արծրունը 1946 թվականին մեկնում է Թեհրան, որպես վարպետ աշխատում Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում: 1936 թվականին վերջապես իրականանում է հայրենիք վերադառնալու նրա վաղեմի երազանքը: Պարսկաստանից ներգաղթելով Հայաստան, նվիրվում է Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմանը: Նրա կարգախոսն էր «ազատ հայրենիք՝ նվիրված ծառայություն»: Երևանում Արծրուն Բերբերյանը հնարավորություն է ստանում զբաղվելու սիրած արհեստով, ընդգրկվում է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տալիս Երևանի ուսումնարաններից մեկում, աշխատում «Էրեբունի» նորաստեղծ թանգարանում որպես վերականգնող: Հայրենիքում վարպետ արհեստավորը դարձավ ճանաչված արծաթագործ-ստեղծագործ: Արծրուն Բերբերյանը մահավել է 1994 թվականին՝ Երևանում: Ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Գործունեությունը

Արծրուն Բերբերյանը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է մետաղի գեղարվեստական մշակման 10 լավագույն մասնագետների ցուցակում: Դեռ խորհրդային տարիներին Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 31 հասցեում, նրան հատկացվել է մոտ 150 քմ տարածք: Ժողովրդական վարպետն այն վերածել է արվեստանոց-թանգարանի, որը պաշտոնապես դարձել է ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը և գործել մոտ 30 տարի: Ամեն օր աշխարհի բոլոր երկրներից հյուրեր էին գալիս, ինչի վկայությունն են հինգ հատորանոց կարծիքի գրքերը տարբեր լեզուներով: Արվեստի օջախը ձգում էր նրանով, որ այնտեղ միավորվել էին հինն ու նորը, հաշտվել էին քրիստոնյա և հեթանոս կրոնները, հեքիաթն ու իրականությունը: Այստեղ հայի մեջ արթնանում էր Վանի Արարատյան թագավորության նախնիների ռազմատենչ ոգին, բայց նաև ականատես էին լինում ամենօրյա խոնարհ աշխատանքի: Վարպետի գործն ու սեփականաշնորհված արվեստանոցը ժառանգել են նրա զավակները: Ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանի անունն ու գործը հայտնի են ոչ միայն մեր հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Նա արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոնների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975,1977): Նրա աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի և այլ քաղաքների արվեստասերները: Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում: Բերբերյանի ստեղծագործություններում արհեստի խոր իմացությամբ և նուրբ արվեստով օգտագործված են մետաղի (արծաթ, արույր, անագապղինձ, մելքիոր, պղինձ, ոսկի) հալոցքի կաղապարային հորինվածքներ (ձուլում), սղոցված նախշաձևեր, մետաղե զուգաթելերի հյուսվածքներ, հյուսածո զարդերի ցանցապատումներ (անկախ կամ զոդված որևէ հենքի վրա. ֆիլիգրան), մետաղի մանր հատվածների, գնդիկների, թելերի զոդումներ, լարահյուսքի, ցանցկենի, մանրարուրքի եռակցումներ, նախապես պատրաստված զարդերի՝ գեղարվեստական որևէ առարկայի հարթ մակերեսի վրա հարվածի միջոցով փոխանցումներ (դրոշմում), թանկարժեք քարերի ներդրումներ, մետաղի վրա սուր գործիքներով արված պատկերներ, արձանագրություններ և այլն: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհը մետաղամշակման ամենահին կենտրոններից է: Մեր հեռավոր նախնիները մետաղի մշակմամբ զբաղվել են դեռևս մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում: Այժմ աշխարհի տարբեր թանգարաններում պահվում են մետաղի գեղարվեստական մշակման հայկական օրինակներ, որոնց պատրաստման ժամանակաշրջանն ընդգրկում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակներից մինչև մեր օրերը: Ուսումնասիրելով, կրկնօրինակելով այդ անընդգրկելի օվկիանից իրեն մատչելի առանձին օրինակներ, Բերբերյանն աշխատել է խորանալով մե՛կ արհեստի դարավոր գաղտնարաններում, մե՛կ այսօրն արտահայտող իր ստեղծագործական մտորումներում: Հենց այս երկուսի համադրումն էլ կարևորում է մետաղագործ վարպետի ստեղծագործությունը: Արծրուն Բերբերյանի գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Ս. Էջմիածնի վեհարանում և այլուր:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ա. Բերբերյանի մասին.

«Արծրուն, սիրելիս Քեզ, քո գործը տեսնելիս, նորից հասկանում ես, թե ինչումն է կայանում մեր ազգի գոյությունը: Իհարկե, միայն ստեղծագործ միտքը և հավատը լավին, գեղեցիկին: Կեցցե՛ս, հայի զավակ: Քեզ արվեստի մեծ հաղթանակ, մեծ ճանապարհ դեպի Վան»: /Ֆրունզիկ Մկրտչյան/

«Ուրախ եմ... դուռը բացել ոսկեձեռ արծաթագործ վասպուրականցի հայրենակցիս: Հրաշագործի, վաղեմի հեքիաթս վերակենդանացնողիս հեքիաթի դուռը բացեցի...Թատրոն եմ հրավիրում, Վանում հանդիպել եմ ցանկանում»: /Արմեն Խոստիկյան/

«Երբ նայում ես Արծրուն Բերբերյանի աշխատանքներին, սիրտդ լցվում է հպարտությամբ հայրենիքիդ համար: Նրա շատ աշխատանքներ կարող են իրավամբ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթի գլուծգործոցների կողքին: Խոնարհվում և բարեմաղթում եմ քեզ քո վեհ գործում»: /Ալբերտ Ստեփանյան. Նախարար, որի շնորհիվ հատկացվեց արվեստանոցը/

«Շատ ուրախ եմ, որ իմ հայրենակից և ազգական Արծրուն Բերբերյանը հասել է այսպիսի բարձունքների: Հասել է իր ուժերով, իր գործը սիրելու և նրան նվիրվելու տոկունությամբ: Այս հարկի տակ, Նոր Երևանի կենտրոնում հառնել-վերածնվել է Վան-Վասպուրականի ոգին, ավելի ճիշտ՝ ուրարտական Տուշպա-Տոսպի ոգին, որը երևի նույնպես փոքրիկ մի ապացույց է այն մեծ իրողության, որ վասպուրականցիները իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները»: /Սիլվա Կապուտիկյան/

Օգտագործող Գաղտնաբառ