haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԻԿՈԼԱՅԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Բռնցքամարտիկ

Ծնվել է՝ 24/04/1932 - Մահացել է՝ 01/02/2013

Կենսագրությունը

«Բռնցքամարտը սովորեցնում է ոչ թե կռվել, այլ մտածել, այն մտքի ու ուժի միասնությունն է»: /Վ. Ենգիբարյան/

1932 թվականի ապրիլի 24-ին Իջևանի շրջանի Թալ գյուղում Նիկոլայ և Արուսյակ Ենգիբարյանների ընտանիքում ծնվեց չորրորդ երեխան՝ ում անվանեցին Վլադիմիր՝ մեծ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին: Այն ժամանակ ծնողները չէին կարող ենթադրել, որ նա տարիներ անց աշխարհով մեկ կփառավորի Ենգիբարյան ազգանունը, հարազատ գյուղը և ամբողջ հայ ժողովրդին: Որ լրագրողները նրան կհամեմատեն հայոց առասպելական արքա Վարազդատի հետ, ով 385 թվականին հաղթող է ճանաչվել Օլիմպիական խաղերի կռփամարտ (բռնցքամարտ) մարզաձևում: 1946 թվականին, երբ 2-րդ համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել և մարդիկ խաղաղ կյանքի էին վերադառնում՝ Վլադիմիր Ենգիբարյանն ամառային արձակուրդների օրերին Ալավերդի քաղաքում էր՝ ավագ քրոջ տանը և որոշեց իր հասակակիցների օրինակով զբաղվել ըմբշամարտով, որն այն տարիներին ավելի տարածված էր, քան բռնցքամարտը: Բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց՝ երբ նա եկավ գրանցվելու ընբշամարտի խմբակում, պատահաբար հայտնվեց այն դահլիճում, որտեղ բռնցքամարտով էին զբաղվում: Մարզիչ Արտեմ Հարությունովը նկատելով միայնակ կանգնած Ենգիբարյանին, մի զույգ ձեռնոց է նետում՝ այդպիսով առաջարկում մենամարտել: Տղան ընդունում է մարզչի մարտահրավերն ու մի քանի պարապմունքները բավարար էին, որպեսզի բռնցքամարտը բառացիորեն կախարդեր նրան: Այսպես է սկսվել հայկական բռնցքամարտի լեգենդար մարզիկներից մեկի ուղին, որը որքան էլ որ դժվար, բայց միևնույն է առատ է եղել սպորտային ամենամեծ նվաճումերով: Երևան տեղափոխվելուց հետո Ենգիբարյանը շարունակեց բռնցքամարտ պարապել մարզիչ Վլադիմիր Եդիգարյանի խմբում՝ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունում: Հետագայում ճակատագրի կամոք Ենգիբարյանը հանդիպեց մեկ այլ տաղանդավոր մարզչի, մեծանուն մանկավարժի՝ Էդվարդ Հովհաննեսի Արիստակեսյանին: Ենգիբարյանը բոլորի պես չէր ու հետևաբար ոչ ստանդարտ կերպով էլ մենամարտում էր, բռնցքամարտիկն իր ժամանակից առաջ էր ընկել, այդ պատճառով էլ ոչ բոլորը կարող էին հասկանալ նրան: Դրա համար էլ որոշ մասնագետներ ու ղեկավարներ համարում էին, որ Ենգիբարյանը չի կարող հանդես գալ միջազգային ասպարեզում ու ամեն կերպ խոչընդոտներ էին ստեղծում նրա համար: Այդ պատճառով էլ մեծ քայլերով առաջադիմող ու հեռանկարային Ենգիբարյանին չընդգրկեցին 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ցանկում: Բայց ահա 1953 թվական, Վարշավա... Ի զարմանս շատ հանրահայտ մասնագետների՝ 20-ամյա Ենգիբարյանը գրավեց պատվո աստիճանավանդակի բարձրագույն տեղը: Նա խորհրդային առաջին բռնցքամարտիկն էր, ում հանձնվեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը: Հաղթեցին նրա ոճը, այն նոր տարրերը, որոնք նա ներմուծել էր բռնցքամարտ՝ ֆիլիգրանային տեխնիկայի և կշռադատված մարտավարության, զարմանալի խուսանավման և անխոցելի պաշտպանության համադրությունը: Վլադիմիր Ենգիբարյանը իր մարզիչ Արիստակեսյանի հետ հաղթահարելով ԽՍՀՄ հավաքականի մարզչական խորհրդի դիմադրությունը՝ բռնցքամարտում հեղափոխություն արեց՝ դարձավ առաջին խորհրդային բռնցքամարտիկը, ով բացահայտ ճնշմանը հակադրեց իր առանձնահատուկ՝ բարձր տեխնիկայով աչքի ընկնող ոճը, որն ի դեպ ամենևին էլ չէր բացառում նաև ուժեղ ու ճշգրիտ հարվածները: Աշխարհի շատ ուժեղագույն բռնցքամարտիկներ են սեփական մաշկի վրա զգացել նրա՝ «խոյ» կոչվող յուրօրինակ հարվածի ուժը: Իսկ սրընթաց հաղթանակներ ապահովող՝ ցատկով շեշտակի հարվածը կտրուկության ու դիպուկության առումով համեմատում էին բարձրակարգ բիլիարդ խաղացողի հարվածի հետ՝ այդ հնարքը միջազգային բռնցքամարտի բառապաշար է մտել որպես «կիով հարված»: Հայ բռնցքամարտիկը բոլորի ուշադրության կենտրոնում էր ոչ միայն իր նվաճումներով, այլ նաև արտաքին տեսքով՝ միշտ նորաոճ ու կոկիկ: Նա հետևում էր նորաձևությանը ու հագնվում էր ինչպես հարկն էր: Մրցաշարերից վերադառնալիս էլ պարտադիր արտասահմանյան նվերներ էր բերում ընկերների ու հարազատների համար: Սակայն մի բանի հարցում պահպանողական էր. նա ճանապարհորդում էր հին ճամպրուկով, ու որքան էլ խորհուրդ էին տալիս այն դեն նետել ու նորը գնել, չէր լսում: «Ես շարունակելու եմ պահպանել իմ անցյալը»,- պատասխանում էր նա: Վլադիմիր Ենգիբարյանը մահացել է 2013 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելես քաղաքում՝ 81 տարեկան հասակում:

Գործունեությունը

Մելբուռնում անցկացվելիք Օլիմպիադայի նախօրեին Բեռլինում, Եվրոպայի առաջնության օրերին Ենգիբարյանը պարտություն է կրում տաղանդավոր լեհ բռնցքամարտիկ Լեշեկ Դրոգոշից: Մելբուռնում՝ 16-րդ Օլիմպիական խաղերում ճակատագիրն ասես որոշեց փորձել Ենգիբարյանի վճռականությունը: Առաջին իսկ մարտում նա նորից հանդիպեց Դրոգոշի հետ: Վլադիմիրն այդ մարտն անցկացրեց խաղային փայլուն ոճով՝ մրցակցին ոչ մի հնարավորություն չտալով: Ռևանշն ապահովված էր: Եվ վերջապես՝ երկար սպասված ավարտը և համոզիչ հաղթանակը՝ իտալացի Նենչիի հանդեպ: Երբ Ենգիբարյանի հոյակապ հաղթանակի պատվին հնչող հիմնից հետո լրագրողները հարցրեցին նրան, թե ինչու էր նա հիմնը լսելիս անընդհատ աջ նայում, նա պատասխանեց. «Ես նայում էի, թե Անգլիայի թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքսն ինչքան երկար է ստպված հոտնկայս լսել մեր հիմնը, որը հնչում էր ի պատիվ Թալ գյուղի մի հայի»: Մեկ տարի անց Ենգիբարյանը կրկին Եվրոպայի չեմպիոն է դառնում: Որպես պարգևատրում իր մարտավարությանը հավատարիմ մնալուն՝ նրան նաև հանձնվեց Չեխոսլովակիայի նախագահ Վիլյամ Շիրոկովի գավաթը, որը նախատեսված էր ամենահմուտ բռնցքամարտիկի համար: 1960 թվականին Հռոմում անցկացվող Օլիմպիական խաղերում Ենգիբարյանը կիսաեզրափակիչ դուրս գալով՝ հանդիպեց լեհական բռնցքամարտի ծագող աստղ Մաիրան Կասպիշեկի հետ: Այդ ժամանակ առավել, քան երբևէ նրան անհրաժեշտ էր իր անձնական մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի օգնությունը, սակայն նրան նույնիսկ որպես զբոսաշրջիկի թույլ չէին տվել Հռոմ մեկնել: Ենգիբարյանը մարտն սկսեց նախորդ մարտում վնասված աջ ձեռքով: Միավորներով հաղթեց լեհ բռնցքամարտիկը: Դրանք ամենածանր օրերն էին Ենգիբարյանի մարզական կյանքում: Այդ պարտությունն էր պատճառը, որ որոշեց ավարտել սպորտային կարիերան: Բայց Ենգիբարյանը չէր կարող հենց այնպես վերցնել ու հեռանալ բռնցքամարտից և 28 տարեկանում իր պարտքը համարեց ուրիշներին սովորեցնել այն, ինչը ժամանակին իրեն էին սովորեցրել: Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը Երևանում հիմնադրեց ԽՍՀՄ-ում բռնցքամարտի առաջին հանրապետական մանկապատանեկան մասնագիտացված դպրոցը, որը ղեկավարեց ավելի քան 30 տարի: Խորհրդային կառավարությունը բարձր գնահատեց Վլադիմիր Ենգիբարյանի վաստակը՝ նրան պարգևատրելով «Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով» և կառավարական այլ պարգևներով: Ենգիբարյանը 14 տարի շարունակ ԽՍՀՄ ներկայացուցիչն էր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի դատավորական հանձնաժողովում: 2009 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց Վլադիմիր Ենգիբարյանի ներդրումը հայրենական սպորտում՝ նրան պարգևատրելով «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» առաջին աստիճանի մեդալով: Իսկ 2011 թվականի ապրիլի 21-ը երկար կպահպանվի բռնցքամարտի բոլոր երկրպագուների հիշողության մեջ: Հենց այդ օրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ մեր երկրի կառավարությունը որոշում ընդունեց պատանի բռնցքամարտիկների դպրոցը կոչել նրա հիմնադիր Վլադիմիր Ենգիբարյանի անունով: Այդ օրը Ենգիբարյանը պարգևատրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգևով՝ «Ոսկե շքանշանով»: Ենգիբարյանը իր հիմնադրած դպրոցի անփոփոխ տնօրենն էր մինչև 1991 թվականը, երբ ընտանիքով բնակության տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ մարզչական գործունեությամբ էր զբաղվում,սակայն չէր ուզում այնտեղ մնալ և ամեն անգամ նշում էր, որ կարոտում է Հայաստանը ու ցանկանում է վերադառնալ: Նա հասկանում էր, որ որպես մարդ ու բռնցքամարտիկ ավելի շատ գնահատվում է իր հայրենիքում: Սակայն, ցավոք, չհասցրեց այդ երազանքն իրագործել: Վլադիմիր Ենգիբարյանը 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի հաղթող է: Միակ հայ բռնցքամարտիկն է, որ Օլիմպիադայի ոսկե մեդալակիր է դարձել: Երեք անգամ՝ 1953, 1957 ու 1959 թթ., դարձել է Եվրոպայի չեպիոն, մեկ անգամ էլ նվաճել Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի ոսկե մեդալ: Երկար տարիներ ընդգրկվել է սիրողական բռնցքամարտի լավագույն մարզիկների ցանկում: Իսկ Աշխարհի առաջնության ոսկե մեդալ Ենգիբարյանն իր ակտիվում չունի, քանի որ այն սկսել են անցկացնել 1974 թվականից, երբ հայ բռնցքամարտիկն արդեն ավարտել էր մարզական կարիերան:

Տեսանյութերը

Հայ մարզիկներ. Վլադիմիր Ենգիբարյ...

Բռնցքամարտի մանկապատանեկան դպրոց...

ՀԱՕԿ նախագահը հյուրընկալել է օլի...

Նշվել է օլիմպիական չեմպիոն Վլադի...

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ ...

Օգտագործող Գաղտնաբառ