haymard

Շաբաթ, 21 Դեկտեմբերի
www.HayMard.am

ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ՀԵԹԱՆՈՍ ԳԱԳՈ)

Զինծառայող

Ծնվել է՝ 13/03/1965 - Մահացել է՝ 16/03/1994

Կենսագրությունը

«Ես իմ հայրենիքի զինվորն եմ և ամեն օր պարտք ունեմ հայրենիքիս առաջ: Դա ինձ համար պատիվ է, մեծագույն պատիվ...»: /Արցախյան ազատամարտի հերոս, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի միլիցիոներ, միլիցիայի ավագ Գագիկ Ստեփանյան/ 

Գագիկ Ստեփանյանը (Հեթանոս Գագո) ծնվել է 1965 թվականի փետրվարի 13-ին Երևանում՝ Սուրմալու գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում: Ընտանիքի վեցերորդ զավակն էր, որ լույս աշխարհ եկավ այն օրը, երբ տոնվում էր վաղ հեթանոսական տոներից մեկը՝ տրնդեզը՝ զորանալու Վահագն աստծո ուժով և քաջությամբ: Հետագայում Գագիկի կյանքում մեծ դեր պիտի ունենար հեթանոսությունը՝ իբրև արիության ճանապարհ ու նա պիտի խորապես տարվեր նրանով: Նա հավատում էր նախաքրիստոնեական հայկական հավատքին, որի համար էլ ինքն իրեն կնքում է «Հեթանոս» մականվամբ: Հեթանոսի մկրտությունն էլ ստացել է Գառնու տաճարում: Երբ տաճար էր մտնում, կարծես այլ աշխարհում լիներ, չնայած, որ քրիստոնյաների հանդեպ բացարձակ վատ կարծիք չուներ: Խիզախությունն ու ազատատենչությունը բնորոշ էր նրա տոհմին: Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ամբողջ գերդաստանը (ընդհանուր թվով 27 ընտանիք), տեղափոխվում էԱպարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը: Գագիկի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ նրա մյուս պապը, մասնակցելով Երկրորդ Համաշխարհային Պատերազմին, հասել է մինչև Բեռլին ու Ռեյխստագի պատին թողել իր ստորագրությունը: Շարունակելով ընտանիքի այս «ավանդույթը», դեռ երիտասարդ տարիներից քաջության ու արիության առաջին քայլերն էր անում Գագիկը: Նա զբաղվում էր բռնցքամարտով Պատանի բռնցքամարտիկների դպրոցում՝ ռինգ մտնում միայն հաղթելու համար: Այնուհետև տեղափոխվում Դինամո մարզական ընկերություն: Գագիկը ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող: Չափահաս դառնալուն պես՝ 1984 թվականին ծառայության է անցել խորհրդային բանակում: Ծառայությունից հետո վերադարձել է Հայաստան և անմիջապես միացել եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը: Պատերազմական տարիներին էլ Գագիկն ամուսնացել է ու 1993 թվականին լույս աշխարհ է եկել նրա միակ զավակը: Նա երբեք չգրկեց իր երեխային, որպեսզի չկապվի նրա հետ ու էլ չկարողանա մարտի դաշտ մեկնել: Հայրենիքի անվախ նվիրյալը վերջին անգամ դստերը տեսավ 1994 թվականի փետրվարի 19-ին:

Գործունեությունը

1990 թվականի ապրիլին Արայիկն՝ իր ընկերների հետ միասին, տիրանում են Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին: Խորհրդային զորքերը հետախուզություն են սկսում և շրջափակում են Արայիկին ու նրա ընկերներին, ովքեր փակվում են Խուստուփի ծերպերում: Գագիկը՝ շտապ օգնության մեքենայով ներխուժում է շրջան, շրջափակումից ազատում եղբորը, ընկերներին և զենքը: Գագիկն ու իր եղբայրները մասնակցում են հայ-ադրբեջանական ճակատում ընթացող պարտիզանական պատերազմին: 1992 թվականին Գագիկն ընդգրկվում է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցում Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցում է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհին, Ղուբաթլուի և Ֆիզուլիի (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մոտ մղված մարտերին, հասնում մինչև Քարվաճառ: 1994 թվականի մարտի 13-ին, իր ծննդյան օրը, Գագիկը տուն է գնում: Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը, սակայն չի կարողանում հեռու մնալ մարտական գործողություններից և հաջորդ օրն իսկ վերադառնում է ճակատ: Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի դիրքերից մեկը: Նույն թվականի մարտի 13-ին ադրբեջանցիները զանգվածային գրոհ են սկսում, սակայն չեն կարողանում ճեղքել պաշտպանությունը և ծանր կորուստներ կրելով մարտի 14-ի առավոտյան հետ են քաշվում: Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիները նոր հարձակում են նախաձեռնում: Թեժ կռիվներում նրանց հաջողվում է գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր: Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Հեթանոս Գագոն՝ վիրավոր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայում է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից, իսկ ինքը՝ վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում են, սակայն Գագոն շարունակում է պաշտպանվել: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները՝ նա տեղից տեղ է անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Չդիմանալով, թշնամին դադար է առնում: Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում է մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները գործի են դնում իրենց բոլոր ուծերը: Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվում է ու թողնում գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկում է հանձնվել, սակայն Գագիկը շարունակում է կռիվը, բայց դա երկար չէր կարող շարունակվել: Նա չափից շատ արյուն էր կորցրել: Ուժասպառ ընկնում է և դիմադրությունը դադարում է: Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտենում են խրամատներին: Չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ: Հակառակորդի հրամանատարը որոշում է տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել: Նա շրջում է ընկած Գագոյին: Ընդամենը մեկ ակնթարթ Գագոն բացում է աչքերը և քաշում նռնակի օղը: Հեթանոս Գագոն զոհվում է՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի: Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ են գրավում երեք դիրքերը: Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած գտնում են նաև Գագիկին: Հարգելով Գագոյի խիզախությունը՝ թշնամին նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա: Ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը: Գագիկ Ստեփանյանը հերոսաբար զոհվել է 1994 թվականի մարտի 16-ին: Հայորդու աճյունն ամփոփված է Եռաբլուրի բարձունքում: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի և ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով: 1999 թվականի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անվամբ: Դպրոցի ներսում կառուցվել է արիասիրտ հրամանատարի փառքի սրահը, իսկ դպրոցից ոչ շատ հեռու կանգնեցվել է Գագիկ Ստեփանյանի կիսանդրին: ՀՀՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում պահվում են նրա ձեռնոցները, որոնց վրա պատկերված է արիության նշանը:

Մեծանուն մարդկանց կարծիքները Գ. Ստեփանյանի մասին.

«Հեթանոս Գագոն մեկն էր, որ ձեռնոց նետեց մահին և ապացուցեց, որ լավ է մեռնել պատվով, քան ապրել ծնկաչոք»: /«Հեթանոս Գագո» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյան/ 

«Եղբայրս անվախ էր: Ես հիշում եմ, թե ինչպես էր արժևորում և պատմում այն մրցաշարը, որտեղ նա երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ադրբեջանցի Աբդուլաևին: Մինչև կիսաեզրափակիչ հասնելը ադրբեջանցին բոլոր մարտերը ավարտել էր նոկաուտով: Եղբայրս պատմում էր. «Բռնցքամարտիկ չէր, քոթուկ լակոտ էր, խուժան կռիվ անող էր, բայց կարողանում էր լավ հարվածել: Կարճ ժամանակում դարձել էր դահլիճի սիրելին: Երբ Աբդուլաևը դահլիճ մտավ, կարծես ցնծության հրաբուխ ժայթքեց»: Նման վերաբերմունքից ադրբեջանցին այնքան էր ոգևորվել, որ ռինգ մտավ ոչ թե պարանի տակից, այլ թռավ վրայով: Գագոն հասցրեց մինչև մենամարտի մեկնարկը Աբդուլաևին ասել. «Դու պետք է բարձրացատկ պարապեիր, այլ ոչ թե բռնցքամարտ»: Երրորդ ռաունդում դահլիճի հրաբխային ժայթքումը վերածվել էր լռության: Աբդուլաևն արյունլվա, արցունքն աչքերին, պարտված մնացել էր ռինգի կենտրոնում: Մեկ դրվագով, մեկ արարքով հնարավոր չէ հերոս դառնալ, դա մի ամբողջ կյանքի հանրագումար է»: /Բագրատ Ստեփանյան՝ Գագիկի ավագ եղբայրը/

Տեսանյութերը

Ճանաչենք մեր հերոսներին. Գագիկ Ս...

Գագիկ Ստեփանյան-Հեթանոս Գագո...

Միլիցիայի ավագ Գագիկ Ստեփանյան. ...

Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո). ...

Օգտագործող Գաղտնաբառ