ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ: «ԲՆՈՒԹՅԱՆ ՈՐԴԻՆ»
-
Գոյություն ունի ռուսերեն այսպիսի բառ` самородок (բնածին տաղանդի տեր). այսինքն` մարդը ծնվում է, ոնց որ բնությունում է մի բան ծնվում` բնականորեն: Կառլոսն էդպիսի երևույթ էր: Նկարչական կրթություն չէր ստացել` ավելորդ էր: Իսկ մարդիկ ինչպե՞ս են նկարչական կրթություն ստանում. սկսում են 5-6 տարեկանից` գնում են նկարչական դպրոց, հետո` ուսումնարան, հետո` ինստիտուտ, կան նաև` ասպիրանտուրա էլ են գնում, և էդ ճանապարհին հաճախ կորցնում են իրենց ունեցած ամենայն բնականը` իրենց ես-ը: Կառլոսի մոտ էդ բոլորն անաղարտ էր, գեղանկարչի իր մտածելակերպի մեջ որևէ արհեստականություն չկար, ինքը լրիվ ինքնուրույն երևույթ էր, իսկ դա շատ կարևոր է` լինել ինքնուրույն:
Մարդը, որ շատ սիրում ու նվիրված է իր գործին, ու հատկապես եթե էդ մարդը արվեստագետ էլ է, ուրեմն նրան ո'չ պաշտոն է պետք, ո'չ կոչում, ո'չ հարստություն, որովհետև դրանք այլևս անկարևոր են:
Կառլոսի ոճը… Այո, Կառլոսը տարբերվում է բոլոր հայ նկարիչներից, տարբերվում է ոչ միայն ոճով կամ ձեռագրով: Դե, ձեռագիր բոլորն ունեն, նույնիսկ` ամենաանտաղանդները (անտաղանդների ձեռագիրը հենց ձեռագիր չունենալն է): Իսկ յուրահատուկ մտածելակերպով օժտված են միայն բնածին տաղանդի տեր արվեստագետները, ինչպիսին Կառլոսն էր: Նրա նկարչությունը պինդ էր, ոնց որ հայոց էս քարոտ, ժայռեղեն երկիրը, ինքը կարծես քանդակագործ էր` ոնց որ քարի հետ աշխատելիս լիներ, ոչ թե կտավի: Եվ ի'նչն էր կարևոր. Կառլոսն ուժեղ էր և' բնանկարի, և' դիմանկարի ժանրերում (ասացի` դիմանկար, և աչքիս առաջ են գալիս նրա պորտրեները…):
ԿԱԼՕ կամ ներաշխահը բացայայտող վարպետը
-
Այս անուամբ էր մակագրում իր նկարները Կարլոս Աբովեանը: Աւարտուն նկարի ներքեւի աջ անկիւնում գրում էր այդ չորս տառը, որոնց միութեամբ իրեն կոչում էին մանկական տարիներին: Իսկ նկարները շա˜տ-շատ էին, որոնք բոյլերով դրուած էին տան ներսոյթի պատերի տակ: Մեծաքանակ նկարների մի մասը շրջանակուած էին, որոնց այլեւս ձեռք չէր տալիս: Շրջանակները պատրաստում էր ինքը` արուեստագործը, իր հետ առնչուող որեւէ բան չթողնելով ուրիշի կամքին:
Աշխարհը նրա համար արուեստանոց է: Ամեն առաւօտ վերցնում է վրձինը եւ սկսում նկարել: Նկարում է մինչեւ ուշ երեկոյ: Այդպէս նկարում է շաբաթներ, ամիսներ, տարիներ շարունակ: Նկարում է իր սիրելիների դէմքերը կամ ինչ արժանաւոր է համարում: Ո'չ կինօ է գնում, ո'չ թատրոն: Ո'չ շատ ընկերներ ունի, ո'չ երկրպագուներ: Ո'չ արուեստանոց ունի, ո'չ փառք: Ո'չ էլ ձգտում ունի ունենալու: Նոյնիսկ կանանց նկատմամբ «ազատ» արուեստագործի յակումներ չունի, մերկ կին չի նկարում: Ասում է, թէ մէկ անգամ հարսանիք է գնացել, մէկ անգամ` թաղում: Սնւում է անկանոն եւ քիչ: Ճգնաւորի կատարեալ օրինակ չէ, քանզի մեքենայ ունի: «Ժիգուլի» մեքենայ, որին ռետինէ պահպանիչ «պոզեր» հագցրեց, որ խփուելու պարագային ցնցումները մեծ չլինեն, վնաս չլինէր: Մեքենայով դուրս էր գալիս բնութիւն տեսնելու:
– Ռոբերտ,– այն օրերին ինձ այդ անունով էլ դիմում էին,– մեքենան ինձ նման մարդու համար շռայլութիւն չէ: Ես պիտի Հայաստանում շատ տեղ լինեմ, շատ բան տեսնեմ:
Կարլոսը բնապաշտ էր եւ կարողանում էր գնալ իր ուզած տեղը եւ ամեն ինչ տեսնել իր աչքով: Նրա դիտողականութիւնը շատ էր զարգացած, եւ մի անգամ ես էլ զգացի այդ: Ստեփանաւանի կողմից թունելի մուտքի մօտ էինք: Իջանք մեքենայից: Վաղ գարուն էր կամ փետրուարի վերջը: Ինձ համար տիեզերքը լեցուն գործեր էին, իսկ ինքը ինձ ցոյց տուեց ծառերի կատարները, ուր ոստերը կարմրել էին, եւ ես այդ նկատեցի միայն իր ասելուց յետոյ.
– Տեսնո՞ւմ ես, գոյները տարբերո՞ւմ ես:
Ես նկատեցի, որ ծառերի բարակ ոստերը մի քիչ կարմրագոյն են, եւ մի քանի օր յետոյ երեւի բողբոջներ բուսնեն:
– Գարուն է գալիս,– ասաց ընկերս:
Նա գարնանն իրեն շատ լաւ էր զգում եւ շատ նրբօրէն էր զգում գարնան մօտենալը: Նա գարունը զգում էր դեռեւս ձմեռուայ գրկում: Իր ասելով` ձմեռ չէր սիրում, վատ է տանում ձմեռը:
Զարմացայ եւ զգացի նրա` նկարիչի աչքի զօրութիւնը: Իսկ Կարլոսի աչքը շատ բան էր տեսնում, ոչ միայն իրականութեան գունագեղութիւնը, ուրիշների համար աննկատելի գունաերանգները, այլեւ միանգամից մարդու հոգին:
Այո, նա անդադրում էր նկարում եւ լաւ էր նկարում: Մի շարք հանգրուաններ էր անցել եւ նմոյշներ էր պահում բոլոր այդ շրջաններից: Շատ իւրայատուկ ոճ ունէր: Իր իրապաշտական (ռեալիստական) գործերն անգամ իւրօրինակ էին: Իբրեւ նկարիչ` նա հասել է իր ինքնաճանաչմանը եւ յայտնագործել իր ոճը: Նրա իսկ խօսքերով` Վարդգէս Սուրէնեանցն էր իր սիրելի գեղանկարիչը: Եւ նրա դիմանկարները յարազատութիւն ունէին Սուրէնեանցի դիմանկարների հետ. երկուսինն էլ պատկերում էին բարձր անհատականութիւն եւ արժանապատւութիւն ունեցող մարդկանց:
Ուրեմն` պաշտամունքի պէս զգացմունք էր տածում Սուրէնեանցի նկատմամբ եւ ոչ հայերից` Ռեմբրանդտի: Որոշ նկարների վրայ զգացւում էր Ռեմբրանդտի ազդեցութիւնը, սակայն դա սոսկ ազդեցութիւն չէր, սոսկական նմանութիւն չէր: Նմանութիւնը ներքին է, որ գալիս է եւրոպական հանճարի եւ մեր ընկերոջ հոգեւոր աշխարհների մերձութիւնից, մարդասիրութիւնից եւ ինչպէս վերջերս եմ հասկացել` հաւատքից ու Աստուածասիրութիւնից: Մարմնով փոքր էր եւ գեղեցկութեան պլեբեյական ըմբռման տեսակէտից` մի փոքր աններդաշնակ: Սակայն այդ աններդաշնակութիւնը Սոկրատեսեան էր, այսինքն` թուացեալ. անձամբ ունէր իմաստունի միտք եւ արուեստագործի հանճար:
Կարլոս Աբովեանը լուրջ մարդ էր, այնքան լուրջ, որ փառքի նման զիզի բաներ չէր սիրում: Շատ տեղերից էին հրաւիրում կազմակերպել պատկերահանդէս, սակայն չէր համաձայնում` համարելով այդ ժամանակի եւ ուժերի անյարկի կորուստ: Նա գիտէր, որ երկար չի ապրելու, եւ րոպէ չէր կորցնում: Համեստաբար մտածում էր, որ իր արածը քիչ է եւ ա'յն չէ: Սակայն խօսքը եթէ քանակի մասին լինէր, այնքան նկարներ ունի, որ կը բաւարարէր նաեւ տարեց նկարիչի եւ պատիւ կը բերէր շատերի:
Չէր սիրում անազնիւ եւ գռփող մարդկանց եւ գիտէր, որ նրանք չարիք են: Կատարելապէս գիտէր մեր ազգային խնդիրները եւ ունէր իր անշեղ դիրքորոշումները: Նրանից շատ բան սովորեցի գործնական գեղեցկագիտութիւնից, եւ ճաշակս, կարծում եմ, գոնէ մի քիչ ազնուացաւ: Առաջխաղացք եղաւ նաեւ ազգային գաղափարաբանութեան ասպարէզում: Նրա տունը Վանաձորի այն լուսաւոր կէտերից էր, որտեղ գնում էի ոչ միայն զմայլուելու իր աննման գեղանկարչութեամբ, ոչ միայն անջատւում էի գաւառական քաղաքի խորհրդային առօրեայից, այլեւ հաղորդւում էի հանրային կեցութեան եւ հոգեբանութեան Աբովեանական աշխարհին, խօսում էինք հոգու եւ ազգի խնդիրներից: Այն ժամանակ էլ նա միանգամայն անկախ էր եւ այնպիսի կեցութեամբ էր ապրում, որին մենք նոր-նոր ենք հասնում: Նկարիչի ոգին ազատութեան էր ձգտում, եւ քաղաքական կախեալ վիճակը եւ խորհրդային կրեմլաձիգութիւնը նրան խորթ եւ հակադիր էին: Այն ժամանակ էլ նա ունէր Ազատ եւ Անկախ Հայաստանի դրական տեսլականը եւ բնաւ չէր սիրում այն ամենը, ինչ խաթարում էր մարդու ազատութիւնը եւ բռնանում նրա ազատ ոգու վրայ:
Պաշտում էր Լոռուայ բնութիւնը, փարթամ գեղութեան ոգին, Թումանեանին, Անուշին եւ Անուշ պոեմը:
Նրա նկարիչի աչքը տեսնում էր ոչ միայն արտաքին գեղեցկութիւնը, մակերեւոյթը, այլեւ տեղանքի պատմութիւնը, նրա առանձնայատկութիւնները: Էսքիզներ էր անում եւ փառաւորւում էր Արարչական բնապատկերներով, որոնք խորութեամբ էր ընկալում եւ խորհրդագիտօրէն: Վանաձորում իմ մնալու վերջին տարիներին յաճախ էր գնում Օձունից բարձր տեղաւորուած Արդուի գիւղը: Ես այն ժամանակ չգիտէի, չէի տեսել, որ Արդուիում է գտնւում Սուրբ Յովնան Օձնեցու աճիւնը: Եթէ իմանայի էլ, այն ժամանակ չէի զգայ դրա խորհուրդը: Իսկ այդ նշանաւոր Սրբավայրը անասելի ուժով դէպի իրեն էր ձգում Կարլոսին, ուր հիմա, Սուրբի աճիւնի մօտ զետեղուած է նաեւ իր սիրտը: Կարլոսը արժանի է այդպիսի մեծարման:
– Ռոբերտ, քեզ Արդուի եմ տանելու,– խոստանում էր Կարլոսը,– չես պատկերացնի` ի'նչ տեղ է, ինչէ'ր կան:
Այն ժամանակ ինձ բախտ չվիճակուեց Կարլոսի հետ Արդուի գնալու, մեծ երկրաշարժից մէկ-երկու տարի առաջ տեղափոխուեցի Երեւան: Եւ միայն վերջին տարիներս եմ ուխտի գնում Արդուի, որը նոյնքան նուիրական է ինձ համար, որքան Տաթեւը կամ Դիզափայտը:
Ֆանտաստիկ աշխատունակ էր, եւ չեմ ուզում ասել` աշխատասէր, քանզի նկարելը նրա համար աշխատանք չէր, այլ այն երջանկութիւնը, որ կոչւում է նախասիրութիւն: Աշխատելու մէջ չարչարանք կայ, տառապանք: Սակայն Կարլոսը, որքան յիշում եմ, երբեւէ պատուէրով կամ ինչ-ինչ հանգամանքից դրդուած չի նկարել, այլ անում էր այն, ինչ ուզում էր: Իր նախասիրութեան մէջ նա հասել էր բացարձակութեան, եւ իր կենցաղը, Աստուածատուր շնորհները, իր ընտանիքը ամեն ինչ ծառայում էին այդ նախասիրութեանը, քանզի այդ մարդու նախասիրութիւնը միաժամանակ Աստուածային առաքելութիւն էր, մեր ազգի արուեստն ու մշակոյթը հարստացնող, ազգը եւ մարդկանց աւելի բարձրացնող, ազնուացնող հարիւրաւոր արժէքներ:
Կարլոսը զարմանալիօրէն ամբողջական, կարելի է ասել` կատարեալ մարդ էր: Լինելով բարձրակարգ արուեստագործ` նա ո'չ էսթետ էր, ո'չ էլ բոհեմայի հակուած մի մոդայամոլ, որոնցից մեր աչքերը շատ էին տեսնում յատկապէս այդ տարիներին: Քիչ էր մարդկանց հետ շփւում, պարապ հանդիպումներ չունէր, սակայն մարդկանց հետ հաղորդուելիս կարողանում էր կարդալ նրանց հոգին, եւ շփումը ընդունում էր գործնական, երբեմն` պրագմատիկ բնոյթ: Ուտել-խմելու, խաղալու, իրեն ցոյց տալու կամ նկարները ցուցադրելու ցանկութեան դրսեւորում չունէր:
Նա լաւ գիտէր, թէ ինքն ով է եւ ինչ պիտի անի: Հաւանաբար գիտէր նաեւ, թէ երբ պիտի մահանայ: Այն ժամանակ ես Արեւելքի մշակոյթով եւ փիլիսոփայութեամբ էի հրապուրուած եւ մի անգամ, ելնելով հոգու անմահութեան գաղափարից, ասացի, թէ մահից չեմ վախենում, յաւիտենութեան մէջ մահը ի՞նչ է եւ այլն: Իմ այդ խօսքը կարծես նրան դուր չեկաւ, եւ ասաց. «Մահից ես շատ եմ վախենում: Մահը շատ մեծ բան է»: Կարլոսը սրտի հիւանդութիւն ունէր եւ մեր այդ զրոյցից մի քանի տարի անց խիստ ճգնաժամային օրերին վիրահատուեց Միքայէլեան հիւանդանոցում, հենց նշանաւոր բժշկապետի ձեռքով: Վիրահատութիւնը լաւ էր անցել: Կարլոսին հարցրի, թէ ինչ վերաբերմունք է ցուցաբերել բժշկին: Ասաց, որ մի նկար է նուիրել:
Նրա համար կային Արուեստ եւ Հայրենիք: Ողջախոհութեան մարմնացում էր, եւ ինչպէս նշել ենք, արտաքին ցուցադրական որեւէ բան` լաւ զգեստներ, մորուք, ճոխութիւն եւ այլն, դերասանութիւն չունէր, քանզի դրանք էական չեն արուեստագործի համար եւ մարդու համար առհասարակ: Այդ փոքրահասակ մարդուն Աստուած վարձատրել էր գեղարուեստական մեծագործ ձիրքերով: Նա, կարելի է ասել, հասել էր հայ գեղանկարչութեան գագաթներին եւ իր ոճը թատերականպարտադրել» էր աշխարհին: Նա իր մեթոդի տեսանկիւնից ե'ւ նորարար էր, ե'ւ շատ աւանդապահ:
Յաճախ էր իր նկարները ցոյց տալիս եւ լուսաբանումներ անում: Առ այսօր յիշողութեանս մէջ նրա գունագեղ նկարների պայծառ աշխարհն է: Ասացի, որ իր ոճն է ստեղծել, հիմնաւորել մեր գեղանկարչութեան ամբողջ զարգացմամբ եւ պարտադրել իր կենսաոճով: Նա բացարձակ ազատ ու անկախ էր երկրեղէն վայելքներից, եւ մարդիկ զգում էին նրա հոգու ազատութիւնը եւ չէին կարող չընդունել նրա ստեղծած արժէքները, որովհետեւ դրանց փոխարէն ոչ մի բան չէր ուզում, ո'չ փող, ո'չ այլ հաճոյքներ, ո'չ նույնիսկ փառք ու հռչակ, որ կարծես կենսականօրէն կարեւոր է արուեստագէտի համար: Յիշում եմ, բացարձակ անհրաժեշտ էր համարում այն, որպէսզի ամեն արուեստագործ իր զարգացման ընթացքին անցնի գեղանկարչութեան զարգացման պատմաշրջաններով` իւրացնելով պատմական ոճերը իրենց տիպական դրսեւորումներով (նատուրալիզմ, ռեալիզմ, կլասիցիզմ, ռոմանտիզմ եւ այլն), եւ դրանք իւրացնելուց յետոյ ուզում է, թո'ղ ստեղծի իր անհատականը, իր անկրկնելին եւ առանձնայատուկը: Եւ Կարլոսը չէր ընդունում նրանց, ովքեր գծանկարի վարպետութեանը դեռ չհասած` սկսում են ձեւապաշտական խաղեր անել:
Վանաձորի նկարիչներից նախ հռչակուել է Վիլիկ Գաբուզեանը, եւ նոյնիսկ մրցանակի եւ վաստակաւորի կոչման արժանացաւ, որն այն տարիներին շնորհւում էր քչերին: Երբ շնորհաւորեցի, ասաց. «Ի՞նչ օգուտ, քթիցս են բերելու»: Հարցրի, թէ ո՞վ: Ասաց` նախանձ մարդիկ: Նախանձութիւնը այն տարիներին էլ տարածուած էր յատկապէս արուեստագործների շրջանում, ասպարէզ, որում պատշաճ գնահատումները գրեթէ ճակատագրական դեր էին կատարում: Անհաւատութեան պայմաններում նախանձը անկաշկանդ ծաղկում էր ապրում: Երբ Վիլիկը Հայաստանի վաստակաւոր նկարիչ էր, Կարլոսը որեւէ կոչում չունէր եւ այդպէս էլ մնաց առանց պաշտօնական տիտղօսների եւ քրիստոնեայի իր խաչն էր կրում որպէս ամենամեծ պարգեւ: Սակայն Կարլոսն էլ չմնաց առանց ճանաչումի եւ մեծարման: Այդ տարի իմաստագէտ Գէորգ Խրլոպեանը Վանաձորի մանկավարժական բուհի տնօրէնն էր եւ Երեւանում որոշ բարձր շրջանակներում խօսել էր Կարլոսի գեղանկարչութեան մասին, գովաբանել: Արուեստաբան Հենրիկ Իգիթեանի փորձառու աչքն է նաեւ նկատել, որ Կիրովականում չտեսնուած նկարիչ կայ, եւ անկախ Աբովեանի կամքի` նրա մի քանի նկարներ շուտով ի յայտ եկան Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանում: Իգիթեանը մեծամեծ մարդկանց հետ սերտ շփումներ ունէր եւ Հայաստանի կոմկուսի քարտուղար Կարէն Դեմիրճեանը, խորհրդային պաշտօնեայի տիպարից բաւական հեռացած մի մարդ, ցանկութիւն է յայտնում տեսնել վանաձորցի նկարիչի գործերը: Եւ փոխանակ, ըստ պաշտօնական ընդունուած ձեւի, Հայաստանի թիւ մէկ ղեկավարը առաջին հերթին մտնի կոմկուսի քաղաքային կոմիտէ, ուղիղ գալիս է Կարլոսենց տուն: Ես այդ օրերին Մոսկուայում էի եւ Կարլոսի պատմածից իմացայ, որ Կարէն Դեմիրճեանը շատ է հաւանել նկարիչի ստեղծագործութիւնները, տպաւորուել է նկարիչի համեստ ապրելակերպով եւ հարցրել, թէ ինչ պայմաններ է ուզում իր համար ստեղծուի: Կարլոսը, առանց կեղծ համեստութեան, պարզապէս ասել է, թէ իրեն առանձնակի պայմաններ պէտք չեն, եւ ինքը ներկայ կացութիւնից գոհ է: «Եթէ իմ այս նեղ բնակարանի փոխարէն յատկացնեք ընդարձակ արուեստանոց, այլեւայլ արտօնութիւններ ընձեռնէք, ես չգիտեմ` դրանից իմ արուեստի որակը կը բարձրանա՞յ, թէ ոչ, սակայն մի բան հաստատ է, որ այդ ամեն փոփոխութիւնները իմ` արուեստի մարդուս համար առիթ կը դառնան յաւելեալ ունայնութեանց, եւ գուցէ խաթարուի իմ բնականոն կենսընթացքը, եւ չկարողանամ շարունակել ներկայիս նման աշխատել: Ցուցահանդէսի կարիք էլ չեմ զգում եւ դա էլ համարում եմ խանգարող պայման»: Այս եղանակով Կարլոսը խուսափել է նշանաւոր մարդու ընձեռնած, ուրիշների համար երազանք համարուող արտօնութիւններից, սակայն ոչ միայն որեւէ անպատշաճ ակնարկ կամ արտայայտութիւն թոյլ չի տուել, այլ ամեն կերպ զգացրել է իր անսահման գոհունակութիւնը եւ ուրախութիւնը, որ Հայաստանի «թագաւորը» եկել է իր տուն: Նա ինձ այդպէս էլ ասաց, որ «Ես համբուրեցի նրա աջը, որովհետեւ նրա մէջ տեսայ մեր թագաւորին: Նա իսկապէս էլ մեր թագաւորն է: Եւ ես շատ յուզուեցի, որ նա եկաւ իմ տուն, յատկապէս ինձ տեսնելու: Հետաքրքրասէր ժողովուրդը խմբուել էր մեր մայթերի վրայ»: Կարէն Դեմիրճեանը եկել էր իմ ճանաչած ամենաբարոյական հայերից մէկի` Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար Հայկ Աղասիի Օհանեանի հետ: Այո, Դեմիրճեանը մեր թագաւորն էր, եւ Կարլոսը համբուրել է նրա ձեռքը: Եւ որեւէ սխալ հնարաւոր չէ յայտնաբերել մի արուեստագործի վարքի մէջ, ով իր վարմունքով ցոյց է տուել իր պետականասիրութիւնը, որը բոլորիս համար քաղաքական-բարոյական առաքինութիւն է: Կարէն Դեմիրճեանը, ինչպէս ցոյց տուեց նրա հետագայ կենսընթացքը, իրօք, թագաւորի պէս մարդ էր, իր արժանապատւութիւնը բազմիցս հաստատած օտարների մօտ եւ նուիրեալը Հայաստանի եւ հայ ազգի, որ նա ապացուցեց իր նահատակութեամբ:
Դա այդպէս է, միայն չեմ կարող հասկանալ, թէ որտեղի՞ց այն տարիներին այդքան քաղաքացիական հասունութիւն փոքր քաղաքում ապրող այդ մարդու մէջ:
Կարլոս Աբովեանն իր արուեստով եւ իր ապրած կեանքով հաստատում էր ճշմարտութեան, բարու եւ գեղեցիկի անխախտելի կապը:
Ինչպէս նշել եմ, ցուցադրական բաներ չէր սիրում, թէեւ գեղանկարչութիւնն ինքնին գոյութիւն ունի ցուցադրման եղանակով: Պատկերահանդէսներին մասնակցելու առումով էլ ասում էր. «Հա, ցուցադրուեցիր, յետո՞յ… Դրանից յետոյ կարողանալո՞ւ ես մակարդակդ պահել, աւելի բարձրանալ: Թէ չէ` այսքան նկարները հաւաքիր, տար Երեւան, նորից ետ բեր…»:
Ունէր անբասիր ճաշակ, որը դրսեւորւում էր կեանքի այլեւայլ ասպարէզներում: Նշել եմ, որ ինքն էր պատրաստում իր կտաւների շրջանակները, եւ այդ շատ լաւ էր ստացւում: Սիրում էր իր նկարներին լաւ «հագցնել»:
– Ռոբերտ, նկարին շրջանակը շուք է տալիս, եւ այն հագնելուց յետոյ բոլորովին ուրիշ կերպ է նայւում: Ահա, փորձենք:
Մի քանի նկարներ շրջանակի մէջ էր առնում, եւ տպաւորութիւնը, իրօք, կտրուկ փոխւում էր: Ուրիշ նկարիչներ ծուլանում էին նոյն գործն անելուց եւ յաճախ գանգատւում էին, թէ փող չունեն շրջանակներ գնելու: Ընտիր շրջանակներ էր պատրաստում` նկարի բնոյթին համապատասխան եւ բարձր ճաշակով: Եւ ինչ անում էր, լաւ էր ստացւում, գեղեցիկ, կատարեալ: Մեքենան էլ որ գնեց, միշտ լաւ վիճակում էր, մաքուր եւ գեղեցիկ:
Ճոխ գոյներով եւ պայծառ էին նրա նկարները, յատկապէս յաջող էին կանացի կերպարները, որոնք արտացոլում են ազնուափայլութիւն. գեղեցիկ, հպարտ կանայք են, հարուստ ներաշխարհով եւ խորհրդաւոր: Հիանալի դիմանկարներ ունէր, որոնք կատարում էր իւրայատուկ տեխնիկայով եւ ստեղծել էր իր առանձնայատուկ ոճը, եւ նրա նկարները ամենուրէք կարող էիր ճանաչել: Յիշում եմ, ուրախացել էր, որ Հայաստանի արուեստը ներկայացնող հաւաքացանկ-ալբոմում տեղ էին գտել իր հինգ նկարները: Ես այդ կատալոգը բերել էի Մոսկուայից եւ իմ միակ օրինակը նուիրել իրեն:
Յատկապէս Կարէն Դեմիրճեանի այցելութիւնից յետոյ Վանաձորի արուեստը ներկայացնող թիւ մէկը ինքն էր: Եթէ առաջ ընդունում էին, բամբասում գուցէ եւ, տարբեր բաներ ասում, ապա ներկայումս անառարկելի հեղինակութիւն էր:
Կարլոսը այդպէս էլ մնաց իր համեստ բնակարանում: Տան մի մասում ինքն ու կինն էին` բժշկուհի Մարգոն: Միւս մասում մայրն էր` Դարինկան: Մօրը դիմում էր անունով, եւ ինձ թւում է, թէ մօր նկատմամբ մի քիչ կոպիտ է, բայց գուցէ դա արտաքին, երեւութական բան էր, որովհետեւ Դարինկայի վերաբերմունքից չէր զգացւում, թէ դժգոհ է որդուց: Նրա գործերի առաջին գնահատողը բնականաբար կինն էր, քանզի գործերը տան մէջ էին արւում, եւ նրա աչքի առաջին էր ամեն ինչ: Նա հաշուի առնում էր կնոջ դիտումները, սակայն իր տեսակէտները հոգու խորքից էին գալիս, եւ դրանք անբեկանելի էին:
Կարլոսը մեզնից շատ առաջ էր թէ' իր մտածելակերպով եւ թէ' Հայաստանի իր տեսլականով: Նա միանգամայն անկախ էր, շատ համարձակ, եւ իր այն ժամանակուայ մտածողութիւնը հենց համապատասխանում էր անկախ Հայրենիքի մակարդակին, եւ կարծես կանխել էր ժամանակների զարգացումը: Հիմա եթէ ինքը ողջ լինէր, պիտի իր երեսով էլ տային, թէ սա՞ չէր ձեր ուզած հասարակութիւնը: Կարլոսի նման մարդու ուզածը չէր կարող լինել սոցիալական բեւեռացումը, ոչ էլ անարդարութիւնն առհասարակ: Համենայն դէպս Կարլոսը առինքնող մեծ ուժ ունէր ոչ միայն իր արուեստով, այլեւ իր ներաշխարհով եւ իր խորը, անբասիր հայկականութեամբ:
Աւարտելով դասերս յաճախ էի գնում Կարլոսենց տուն: Նրա հետ ինձ ծանօթացրել էր Գագիկ Քոչարեանը, ով իր գործի բերումով գիտէր, թէ Վանաձորում ինչ կայ ուշադրութեան արժանի: Ես շնորհակալ եմ Գագիկին` մեզ ծանօթացնելու համար, որովհետեւ Վանաձորում ինձ համար ամենալուսաւոր կէտը հաւանաբար Կարլոսենց տունն էր: Մենք մտերիմներ էինք, հոգեհարազատ բան կար ինձ համար Կարլոսի մէջ, եւ մեր հաղորդակցումը անկեղծ էր: Ինչպէս Նժդեհը կասէր, նա Հայ էր եւ Մարդ եւ ինձ համար հոգեւոր ապաւէն: Այն ժամանակ էլ հասարակական վատ երեւոյթները գոյապայքարում մեծ տեղ էին գրաւում, եւ ես իմ հանգստութիւնը գտնում էի այդ օջախում, որտեղ կարող էի խօսել բոլոր թեմաներով: Կարլոսը շատ մաքուր էր բարոյապէս եւ չէր սիրում ծաւալուն բնոյթ ստացած այն կենսաձեւը, որ այսօրուայ վիճակի հիմքում է: Շատ բաների հակառակ լինելով` նա կռուասէր չէր եւ ճակատ առ ճակատ չէր հակադրւում մարդկանց, այլ ձգտում էր ամեն մարդու մէջ գտնել մարդկայինը: Եթէ ինքը այդպէս լայնախոհ չլինէր, հաւանաբար չհանդուրժէր նաեւ ինձ, քանզի իրականում չէր ընդունում այն աշխարհայեացքը, որով ես էի ապրում այն տարիներին` համարելով դա ոչ ազգային: ես հրապուրուած էի փիլիսոփայութեան Արեւելքի դպրոցներով, իսկ ինքը հանգիստ էր ինձ վերաբերվում` հաւանաբար կռահելով, որ ես մի օր պիտի դարձի գամ: Նրա կանխատեսելու շնորհը մեծ էր: Երբ պարզուեց, որ ես պիտի Երեւան տեղափոխուեմ, կարծես կարդում էր մեր ապագան. «Շուտ-շուտ արի, Ռոբերտ. ա'յ, կը գնաս Երեւան եւ մեզ կը մոռանաս, եւ այլեւս իրար չենք տեսնի»: Ցաւօք այդպէս էլ եղաւ: Իմ գնալուց շատ չանցած տեղի ունեցաւ երկրաշարժը, եւ ազատագրական շարժումը, բուռն ընթացք ստանալով, կլանեց մեզ բոլորիս: Երեւանն ինձ հափշտակեց, եւ այն տարիներին ես այլեւս չկարողացայ վերադառնալ Վանաձոր: Արդէն սկսուել էր պատերազմը, եւ այն աւարտին չհասած` մահացաւ մեր ժամանակաշրջանի լաւագոյն նկարիչներից մէկը:
Այն տարիներին արել եմ որոշ գրառումներ: Ահա' հատուածներ դրանցից:
Այսօր (ամսաթիւը չի նշուած) հանդիպեցի Կարլոսենց, գնացի իր տուն: Բացի գերազանց նկարիչ լինելուց` շատ է խելացի: Նրա խօսքը խորիմաստ է, դատողութիւնն` անկախ, համարձակ, զերծ կեղծ գիտականութիւնից, աւելորդ բառերից: Նա կարող է վերլուծել բարդ երեւոյթներ եւ ամենաանսպասելի եզրակացութիւնների յանգել:
Ես դիտեցի մի քանի նոր նկարներ:
Սւետայի դիմանկարը արտակարգ է, իր համար էլ ոչ սովորական, եւ հաւանաբար նոր շարքի սկիզբ կը լինի: Այն այլեւս չի կրկնում Կարլոսի նախկին դիմանկարների հանդարտ վեհութիւնը: Նրա մէջ միանգամայն յստակ կերպով արտայայտուած է մեր դարաշրջանի անհանգստութիւնը, լարուածութիւնը, այլեւ տագնապը:
Եթէ նրա նախկին հերոսներն իրենց հայեցողական հանդարտութեամբ արտայայտում են տեւականը, մնայունը, յաւիտենականը կեանքի եւ կարծես վերեւից են նայում աշխարհին, առօրեականութիւնից դուրս են, ապա նկարի կինը իր պատկերով արտայայտում է միաժամանակ և' մնայունը, և' փոփոխականը: Դինամիկ, լայն գծաշերտերով նկարիչը խաթարել է կերպարի ամբողջութիւնը, համաչափութիւնը, երկրաչափական կանոնաւորութիւնը: Իւրայատուկ շեշտուած է դեղնակապտադարչնագոյնը: Նկարը, անկասկած, մեծ արժէք է ներկայացնում:
Միւս նկարի մէջ պատկերել է Վովայի կնոջը: Շատ քաղցր նկար է, հմայիչ, դիւթիչ:
Այդ օրը Կարլոսը հետաքրքրական հնարքի դիմեց: Վերցրեց իր նկարներից մէկը եւ գլխիվար շրջեց: Տարօրինակ բան կատարուեց. նկարն աւելի գեղեցկացաւ, եւ պատկերուած կնոջ դէմքն ստացաւ հոգեւոր արտայայտութիւն, իսկ գոյների պարը աւելի հզօր էր, աւելի խորհրդաւոր: Այս եղանակով մեր գեղարուեստական իրականութիւնը սովորականից բարձրանում, վերաճում էր աբստրակցիայի, որի պայմաններում գունագեղութիւնն աւելի է ազդեցիկ դառնում: Նա շրջեց մէկ այլ նկար, որը շրջուած վիճակում ոչ միայն գեղեցիկ չէր, այլեւ անհեթեթ էր: Կարլոսը այդ մէկն էլ լուսաբանեց նրանով, որ այս վերջին նկարի պարագային կարեւորը գաղափարն է. նա այդ կտաւի վրայ պատկերել էր երեք խաչքար, որոնցից դուրս են եկել երեք մարդ եւ ստացել իրական մարդու կերպարանք: Նկարիչը ձգտել է հենց մարդու եւ խաչքարի նոյնութեան գաղափարն արտայայտել: Ինչպէս ասացի, նկարել է նաեւ Շողիկին` Վովայի կնոջը, եւ շատ լաւ է ստացուել: Կարլոսն ասաց, որ Մելս Սանթոյեանը առաջարկել է 1000 ռուբլով գնել, սակայն ինքը չի համաձայնել:
Ինչպէ՞ս հպանցիկ հայեացքով նայեմ Կարլոսի նկարներին, երբ նրանցից ամեն մէկը տառապանքի արդիւնք է եւ արտայայտում է քո տառապանքը: Ինչպէ՞ս ես նայեմ կեանքին հանգիստ ու հանդարտ, երբ քո ամեն պատկեր դէպի Աստուած տանող արահետ է: Յիշում եմ, սկզբնական շրջանում երկար էի նայում Կարլոսի կտաւներին եւ մի տեսակ խաղաղւում էի, կամ երեւակայութիւնս էր սկսում խաղալ: Գագիկը եւ այլք նկարներին շատ արագ հայեացք էին գցում եւ միանգամից ընկալում: Կարլոսն ասում էր, թէ Ռոբերտն էլ իր հոգեկան վիճակին համաձայն է ընկալում:
Այդ օրը նախ մեր զրոյցը «Կեանքի լաւագոյն կէսը» կինոնկարի մասին էր: Կարլոսը հարցրեց, թէ տեսե՞լ եմ արդեօք այդ նկարը: Դրական պատասխանիցս յետոյ նա արտայայտեց այն միտքը, թէ սցենարի հեղինակը մեծ յիմարութիւն է գործել գլխաւոր բացասական հերոսին դրական հերոսի անունից «տականք» անուանելով: Իր կարծիքով` կարող չէ տականք լինել մէկը, ով պայծառ վերյուշ ունի իր մանկութեան մասին: Եւ մի յուշ էլ պատմեց իր պատանեկութիւնից, երբ աշխատում էր իր ընկերոջ հետ, ում պարգեւատրութիւնից (պրեմիա) զրկում էին, եւ իրենք բաժանում էին իրենը երկու մասի: Անցնում են տարիներ, եւ Կարլոսը մի անգամ հանդիպում է այդ ընկերոջը եւ հարցնում. «Յիշո՞ւմ ես անցեալը»: «Յիշելու ի՞նչ կայ, որ յիշեմ, չէ՞ որ 70 ռուբլի էի ստանում»: Կարլոսը բարկութիւնից կարմրում է եւ թողնում, հեռանում:
Ինչի որ կպչում է Կարլոսի ձեռքը, վեհանում է: Վեհ է «Որսից հրաժարուածը» կտաւը: Նրա մէջ պատկերուած է որսորդը, որսորդի մայրը, նրա կինը, սպանուած թռչունը, զգացւում է որսորդի զղջումը, որ սպանել է: Վեհ է «Թաղման ծէսը», վեհ է «Ունայնութիւնից ազատուածը» կտաւի կինը, վեհ են բազմաթիւ կտաւներում պատկերուած հրաշագեղ կանայք, որ ուղիղ կեցուածքով, հպարտ եւ տխուր նայում են դէպի անհունութիւնը, եւ նրանց աչքերն էլ, թէեւ մանրամասնաբար նկարագրուած չեն, սակայն շատ խորն են եւ խաչաձեւ: Անբասիր ճաշակով հագնուած, շքեղ գոյներով օժտուած բոլոր այդ հերոսների` այդ կանանց եւ տղամարդկանց մէջ մի ինչ-որ տխրութիւն կայ, որն առանց խօսքերի նրանց ազգային պատկանելութիւնն է արտայայտում, նրանց կրած խորը վէրքերը, տառապանքը եւ դրա յաղթահարման մեծագոյն ճիգերը: Իսկական անհատ մարդը խտացնում է իր մէջ իր ազգը, իր արեան մէջ` մարդկութեան արիւնը. իսկական անհատը իր մէջ կրում է իր ազգի պատմութիւնը եւ պատմականութիւնը: Եւ այս ամենը Կարլոսի նկարներին տալիս են պատմական կոնկրետութիւն եւ փիլիսոփայական խորք:
Արչիլ Գորկու նման կարճահասակ է, հայեացքը` լուրջ եւ խորաթափանց, դէմքը` ինտելեկտուալ, խոր ընկած աչքերով, դուրս ընկած այտերով, ամուր սեղմուած շուրթերով, ուժեղ կզակով, որ ասես իր զօրաւոր կամքն է արտայայտում, կարճ վզով եւ փոքր մարմնով, ինչպէս ճապոնացիներն են: Իր բնական ձեւի մէջ արտիստօրէն մշակուած որեւէ բան չկայ, եւ նկարիչը իր բնական կերպարի վրայ բնաւ չի աշխատել: Ժամանակին միշտ սափրւում է եւ երբէք ջանք չի գործադրում տպաւորութիւն գործելու: Եթէ հնարաւոր լինէր համեմատել երկու նկարիչների, ոչ իրենց ստեղծագործութեամբ, այլ ներքին էութեամբ, թերեւս յիշեցնում է Վան Գոգին իր համակ կենտրոնացածութեամբ, զսպուածութեամբ, համեստութեամբ եւ լրջութեամբ, հաւատի հասնող կայուն, առողջ աշխարհայեացքով եւ ստերեոտիպ սովորութիւններով, որոնք նկարչին թոյլ են տալիս դրսեւորելու իր անսահման աշխատասիրութիւնը: Զարմանք է առաջացնում, թէ այդպիսի փոքր մարմնի մէջ որտեղի՞ց այդքան ստեղծարար ուժ, նոյնիսկ սրտի ծանր վիրահատութիւնից յետոյ:
Իր մէջ դերասանական ոչինչ կար, սակայն շատ էր սիրում դերասան Ժերար Ֆիլիպին, որի նկարը ունէր պատից կախ, հայեացքի առաջ: Նկարչի աչքով հաւանաբար տեսել է մարդու ներաշխարհը եւ սիրել: Ներկայ երգիչներից սիրում է Ռուբէն Մաթեւոսեանին, ով, իր ասելով, շատ զգացմունքային է:
Զրուցում ենք տարբեր թեմաներով, նախ իմ կարծիքներն է հարցնում: Ես մի քանի բան եմ ասում շինծու բանաձեւումներով, գրքային արտայայտութիւններով, եւ այնուհետեւ տեղի է ունենում իր մտքի բնական հեղումը` անսպասելի տեսակէտներով եւ եզրակացութիւններով, որոնք նշաններն էին կեանքի իր խորքային պատկերացումների եւ իբրեւ հետեւանք տեւական իր դիտարկումների եւ արդիւնք իր տառապալից կեանքի եւ իմացականութեան բնատուր շնորհի: Բարձրագոյն կրթութիւն չի ստացել, եւ միտքը մնացել է իր անարատ վիճակով, սխոլաստիկ աղաւաղումներից զերծ եւ խորքով` ազգային: Նա կռահում է ժամանակի ընթացքը եւ գիտէ, որ մենք ազգային անկախութեան ենք հասնելու, եւ դա լինելու է զինեալ պայքարի միջոցաւ: Որեւէ մէկից իր հիմնական ըմբռնումները չի թաքցնում, սակայն շրջահայեաց է եւ գիտէ` ում մօտ ինչ պիտի խօսի:
Եթէ մէկ խօսքով փորձենք արտայայտել իր գեղանկարչութեան իմաստը, պիտի չկարողանանք այդ անել, սակայն անկարելի է չտեսնել, որ այն իր խորքով նաեւ հոգեբանութիւն է բառի բուն իմաստով: Մարդու կերպարանքը թաքցնում է նրա էութիւնը, նրա ներաշխարհն ու հոգու անսահմանութիւնը, եւ հենց իրենից` անհատից էլ գաղտնի է մնում իր անհատականութիւնը, իր մեծութիւնը, քանզի նրա գոյութեան պայմանները նպաստաւոր չեն նրա ինքնաճանաչման համար: Կարլոսի մակարդակի նկարիչները բացայայտում են մարդու այդ ներքինը, էութիւնը: Կարլոս Աբովեանն իր արուեստով յաղթահարում է մարդու գոյութեան եւ էութեան այդ հակասութիւնը եւ մարդուն, իր բնորդին բացայայտում է նրա էութիւնը: Բնորդը հասկանում է, որ ինքն աւելին է, քան այն, ինչ որ մինչեւ այժմ իր մասին խորհել է, եւ արթնանում է նրա հոգին, եւ սկսում է կեանքին աւելի լուրջ հայեացքով նայել:
Այս է բոլոր մեծ նկարիչների ստեղծագործութեան իմաստը: Նա այդ բարձրութեանը հասել է կենաց հաճոյքներից իրեն զրկելով, այսինքն` ինքնազոհողութեան ճանապարհով:
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Արամ Համբարյան: «ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆ»
-
Բացառիկ անհատականությամբ և տաղանդի ինքնօրինակությամբ է դրսևորվում գեղանկարիչ Կառլոս Աբովյանը, որի արվեստը նույնքան անհատական և ուրույն է: Չնայած ակադեմիական կրթության բացակայությանը, նկարիչը հասել է կատարողական բարձր վարպետության: Վանաձորցի գեղանկարիչը մինչև կյանքի վերջը չլքեց հարազատ քաղաքը, քանի որ Լոռվա բնաշխարհում նա գտնում էր այն, ինչն ուրիշ տեղ չէր տեսնում: Ոգեշնչված մայր հողով, նրա դարավոր պատմական հուշարձաններով, ժողովրդի վարք ու բարքը վերծանող մեծ լոռեցու` Հովհ. Թումանյանի հոգեթով պոեզիայով, Կառլոսը փորձեց ինքն էլ նվիրվել այդ դրախտային աշխարհի գեղեցկության հավերժացման գործին: Եթե նկարում էր բնանկար, ապա դա Լոռվա ձորն էր, եթե նատյուրմորտ` Ջանգյուլումն էր, իսկ եթե դիմանկար`լոռեցի մարդն էր: Ահա այն հիմնական ժանրերը, որոնցում աշխատում էր նկարիչը:
Հնարավոր չէ Կառլոսի արվեստը դասել այս կամ այն գեղարվեստական ուղղությանը, կամ արդի «իզմեր»-ին, թեև այս նկարչությունն իր բնույթով ու ձևամտածողությամբ արդիական է ու նորարարական: Նրա ոճը բավականին հետաքրքիր է, լի միստիկ զգացողություններով: Ընդհանուր առմամբ Կ. Աբովյանի գեղանկարչությունը այնպիսին է, որը պահանջում է ուշադիր դիտող, այն կարելի է դիտել օրերով, ամիսներով և ամեն անգամ հայտնաբերել մի նոր չբացահայտված մանրամասն: Կառլոսը հաճախ էր անդրադառնում կնոջ կերպարին, փորձելով բացահայել նրա գեղեցկության գաղնտիքները: Նրա կտավների հերոսները պատկերված են ստատիկ, ոչ շարժուն և հիմնականում նսած դիրքով, աչքերի ու հայացքի խորը արտահայտչականությամբ: Կ. Աբովյանը կտավներում կարևորում է լույսը, որն օգտագործվում է չափավոր, ասես ճրագալույսի ցոլքերով, որի միջոցով ստեղծում է նուրբ ու մեղմ տրամադրություն: Կառլոսը մեծ մարդասեր էր, նրա ստեղծագործության գլխավոր հերոսը մարդն էր` իր առաքինի զգացմունքներով, գեղեցկությամբ ու կորովով:
Մելս Սանթոյան: «Էսսե Կարլոս Աբովյանին»
-
Որոշ արվեստագետներ, ապրելով կոնկրետ ժամանակի գրկի ափերում, դուրս են գալիս այդ ափերից: Դրանով նրանք ապօրինի չեն դառնում, այլ` ավելի հարազատ: Պարադոքս է: Գրկից դուրս ավելի հստակ է երևում այդ գիրկը, նրա գեղեցիկն ու անգեղը:
Թիկնեղ ու բարձրահասակ չէր: Հագնվում էր ճաշակով, գույների սև ու կարմիր զուգորդմամբ: Մազերի սանրվածքը ոչ մեկի նման չէր: Ինքն էր հեղինակը: Հայացքը սուր էր, թափանցող: Սակավախոս էր: Ապրում էր ավելի շատ հոգևորով: Ապրուստի փոփոխություններ չնկատվեցին, երբ նկարները վաճառվում էին բարձր գներով, և երբ այդ հնարավորությունը չկար: Մորն ու քույրերին շատ էր սիրում, հատկապես Մելանին: Ավագ եղբայրների նկատմամբ հարգանքով էր: Խաղում էր մոր` Դարինկայի հոգու հետ: Ամենալավ դիմանկարներից էին մոր դիմանկարները: Մայրը խտացնում էր դարերի հայ չարքաշ կնոջը` դրված ազնվական կեցվածքի մեջ:
Շատ չէին ընկերները: Հանրության բոլոր շերտերից ընկերներ ուներ: Չէր սիրում պաշտոնյաներին, հատկապես` տեր պաշտոնյաներին: Ազգանվեր էր: Ապրում էր արցախյան շարժումով: Արվեստանոցի պատին ամրացված քարտեզին նշում էր մեր ու հակառակորդի շարժումը: Տխրում, տառապում էր անհաջողություններից, հրճվում էր պատերազմի բեկումներով, հատկապես` Շուշիի ազատագրված փառքով: Առանց ճանաչելու` Կոմանդոսի երկրպագուն էր: Զրույցների, վեճերի ժամանակ գտնում էր ճշմարտությունը և կեղծիքը ոտնատակ էր տալիս: Եվ հին, և նոր կուռքերին նայում էր արգահատանքով: Եթե ազգանվեր գործ էին կատարում, ջերմ էր, եթե սովետում իշխող ազգի նկատմամբ քծնանք էին դրսևորում, արհամարհում էր: Ամեն ինչի չափանիշն ազգային շահն էր: Պաշտում էր ազգային մեծություններին, պաշտամունք ուներ նաև օտար մեծերի նկատմամբ` լինեին գեղանկարիչ, կոմպոզիտոր թե գրող: Շատ էր սիրում «Անուշ» օպերան: Թումանյանի աշխարհը նրա տիրույթներից էր: Երբ ավարտեց «Մարոյի տեսիլքը», ցանկություն հայտնեց նվիրելու Դսեղի տուն-թանգարանին: Այն օրերի տնօրեն Արմենուհի Թումանյանը` տիկին Արմիկը, այնպիսի գորովանքով ընդունեց Կարլոսի ընծան, որ նվիրողը հուզմունքից շիկնել էր:
Թումանյանի ստեղծագործական աշխարհը նրա սուրբ տարածքն էր: Մտնում էր այդ տարածքից ներս ու դուրս էր գալիս գեղանկարներով, նաև այնպիսի կոմպոզիցիաներով, որ զարմանք ու հիացմունք էին առաջացնում: Թումանյանի հերոսներին իդեա էր դարձնում` նաև այդ լեռնցի գեղջուկներին պարգևելով ազնվական կեցվածք: Ընդհանրապես նախասիրություն էր կանացի դիմանկար ստեղծելը: Բոլոր կանանց` անկախ տարիքից, վեհացնում էր, կտավներում նրանց հագցնում էր «թատերական» հագուստ և «թատերական» կեցվածք տալով` դարձնում էր կանացի կատարելության տիպար: Բոլորն ունեին քրիստոնեական աչքեր: Կկոցված խաչատիպ: Երկրային ձգողականության մեջ երկրային ճախր, որը կին-թռչունի սլացք էր:
Պաշտում էր Ժերար Ֆիլիպին: Չէր հոգնում ու հագենում անընդհատ «Ֆան-ֆան տյուլպան»-ը նայելուց:
Այցելում էր երևանյան բոլոր ցուցահանդեսները: Իր մեքենայով էինք գնում: Մինչև Երևան ինքն էր վարում: Հետո ղեկը զիջում էր ինձ` ասելով. «Երևանում ավտո քշել չգիտեն»:
Ժպտում էր, որ իրենով հետաքրքրվում է «Հայաստանի թագավորը», որ հյուրեր են այցելում դրսից: Մարդկանց ընդունում էր սրտաբաց, երբեմն` գինիով, միշտ` սուրճով, որի բաժակների թիվը հիշեցնում էր տնեցիներին ատրճանակի համապատասխան կրակոցներով:
Սիրում էր Լոռու ձորը: Ձմեռը նրա թշնամին էր: Ընկնում էր մլարի մեջ: Գարունը բացում էր նրան, և ձորի ձգողականությունն ավելանում էր: Շատ էր սիրում գնալ Արդվի, որտեղ էլ այսօր, ըստ իր կտակի` ս. Հովհաննեսի բակում թաղված է նրա սիրտը:
Կառլոս Աբովյանի սիրտը Լոռվա ձորում է:
Ահա համառոտ-շտապ` իմ ընկեր Կարլոսի մասին, որը դարձավ իր լեռնաշխարհի իսկատիպ ու մեծ գեղանկարիչը:
«Սիրո հատիկ, շքեղական Կառլոս Աբովյանը»
-
Լոռու երկիրը աշխարհն է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի: Նրա համար իր բնաշխարհում ամեն ինչ հարազատ է: Շուտ զգաց, որ ոչ մի բան չպետք է խորթ լինի: Սկսած հարազատ բարբառից մինչև ձորն ընկած կաղնու ստվերը, էս բնաշխարհի գլխով անցած հազար դեպքերը պետք է դառնան իրենը, շաղախվեն, խմորվեն, կերպավորվեն: Սա Լոռին է, քաջերի աշխարհը: Բարբառը պահած շինականների աշխարհ: Կոմիտասը եկել, նաև էս մաճկալից է երգ գրառել: Գնա, խորացիր: Սանահինի դպրոցը վաղուց է դարձել հազար տարեկան: Խորացիր քո երկրի պատմության դարերի մեջ, քայլիր հպարտորեն ու արի էս օրերին հասիր` քո պապերի ավանդական խուրջինն ուսիդ, ամեն հակի մեջ` հազար ու մի զրույց:
Ամեն երեկո նրա հոգնած թևերին իջնում էր հարցականը` վաղը էլ չե՞մ նկարի: Բնությունն անեն ինչ ստեղծել է, հենց նկարն է ստեղծել, քանդակել ու դրել է դեմդ` վայելիր: Իսկ առավոտը նրան արթնացնում էր, հուշում` չես կարող չնկարել: Եվ սերն սկսեց շռայլորեն ծաղկել նրա կտավներում: Ամեն մի գույն առնելիս մտածում էր` զարմանալի աշխարհ ունենք: Ու էդ աշխարհին ասում ենք Սասնա, Գյումրվա, Սիսական, Լոռու... Էդ աշխարհների երգերն էին արթնանում: Երգերի գույները սիրո նման գալիս-խառնվում էին վրձնի արած գույներին: Կին է նկարում: Կին չէ, հենց սե˜ր է նկարում: Էն պահին, երբ արդեն աչքը աչքին է ընկնում, սիրտը սկսում է Քուչակ արտասանել, Սայաթ-Նովա: Նկարիչները, քանդակագործները, անմահության երգիչները հենց նրանք են: Եվ մեծերն են ողջալերում` դու քո գույնն ունես, նկարիր, սերը կիսատ չեն թողնի: Սերը ծաղկում է: Սերը հայրենի բնաշխարհից, էդ բնաշխարհն իմաստավորած մեծերից է գալիս: Գուցե էդտեղ փորձենք տեսնել սիրո էն սերմը, որ ասես սերմնացանի շռայլությամբ ու հավատով պահ է տալիս արվեստ կոչվող իր հողում:
Լոռու բնաշխարհը, նրա մարդիկ, ավելի շատ` աղջիկները, հարսները հարուստ ներշնչարան են դարձել գեղանկարիչ Կառլոս Աբովյանի համար: Նրա կտավներում առինքնող ու վեհատես բնության պատկերներն են` պարզապես գերող, կլանող ձորեր ու սարեր: Վեհանձն, ազնվական մարդիկ են` ներամփոփ իրենց բարբառով ու երկրի հոգսերով: Ու որքան էլ երևում են նրանք որպես տիպիկ լոռեցի, բնավ էդպես չես կոչի ու մտածի, որովհետև «լոռեցու կեղևի» տակ հայ մարդն է` իր անկոտրում հավատով, աստվածային բարությամբ ու հյուրամեծար, ոչ միայն սիրահարված իր բնաշխարհին, այլև հենց էդ աշխարհը պահող-պաշտող-պաշտպանող:
Կառլոս Աբովյանի կտավները հուշում են, որ մենք գործ ունենք լրջմիտ հայրենասեր գեղանկարչի հետ, մի արվեստագետի, որն իր գործերով կարող է մեծ սեր արթնացնել: Եվ ոչ միայն հայ մարդու մեջ:
Նրա փոքրիկ արվեստանոցի դուռը միշտ էլ բաց է: Գալիս են օրվա բոլոր ժամերին: Այդտեղ եմ հանդիպել երևանցի ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանին:
– Տարիներ առաջ պատահաբար տեսա Աբովյանի կտավներից մեկը,– ասաց նա:– Այն ինձ հուշեց, ստիպեց, որ գամ ու տեսնեմ ստեղծողին ու նրա մյուս կտավները: Զարմացա: Երևանում ես հաճախ եմ կարոտում այս հրաշալի, համեստ լոռեցուն և Վանաձոր եմ այցելում` առաջին հերթին հանդիպելու իմ հին կարոտներին` այս կտավներին, որից համատարած սեր է բուրում: Նրա գույները մեղեդիներ են: Ես մեղեդիներ եմ լսում:
Կտավնե˜ր` շքեղ ու պարզ: Ամեն մի կտավ իր մեջ թաքցնում է մեղեդիներ, հնչյուններ, բառ ու բան: Եվ ուզում ես գլուխդ խոնարհել էս մունջ-մնջիկ մարդու առաջ, որն իր սիրտը մաս-մաս արած առատորեն նվիրում է արարչին:
Սամվել Խալաթյան, «Վերածնունդ», 1991թ. մայիսի 25
-
Կալոն
(Ճեպագրեր գեղանկարիչ Կառլոս Աբովյանի մասին)
Երկնքի աչքից մի ցող ընկավ երկրի պաստառին ու ծիածանեց տիեզերքի գույները:
Մի պատանի էր անցնում իր սիրած դաշտերով ու ձորերով, իր դաշտերով ու ձորերով.
Տիեզերքի գույներն իր բիբի մեջ պահած ցողը գրավեց նրան:
– Դու որտեղի՞ց,– հարցրեց պատանին:
– Երկնքից:
– Ի՞նչ ես բերել:
– Տիեզերք:
– Կտա՞ս ինձ:
– Վերցրու:
Պատանին մեկնեց ձեռքն ու չհասավ ուզածին:
-----------------------------------------------------------------------------
Մտերիմների համար է Կալո: Ծանոթների համար Կառլոս է: Երկրպագուների համար` Մաեստրո: Հին ընկերների համար` Կառլեն Աբովյան, չարակամների համար` Կառլեն:
Տարօրինակ մարդ է, եթե վատ ես ճանաչում:
Հետաքրքիր մարդ է, թե քիչումիչ ես ծանոթ:
Տաղանդավոր է, եթե հասկանում ու գնահատում ես գեղեցկությունը:
Էությամբ ճանաչելու, հասկանալու համար նրան սիրել է պետք: Կալոն խուսափում է սիրվելուց: Վախենում է: Սիրեցիր` կիմանաս, որ այդ տարօրինակ, հետաքրքիր, տաղանդավոր մարդը ընդամենը անպաշտպան երեխա է: Մնացած ամեն ինչը` կոպտությունը, անհաշտությունը, իրասածությունը պաշտպանական վահան է, սարքովի, փխրուն վահան:
Քանի տարի ապրում ու ստեղծագործում էր ինքն իր համար: Ոչ մեկի թանին թթու չէր ասում, ինքն էլ` իր թանի հետ: Կալոն այն բախտավորներից եղավ, որ ժամանակակիցները նկատեցին նրան, հիացան, գնահատեցին:
Աբովյանի վրձնագիրը, որ սկզբում տարօրինակ էր թվում, հանկարծ յուրօրինակ դիտվեց: (Անիմանալի է կյանքի խորհուրդը. հաճախ տեսածիդ չես հավատում, մինչև չլսես): Նրա կտավներում կերպարները մանրակերտվում են:
Սա վերաբերում է և' ձևին (իմա' տեխնիկային), և' էությանն ու բովանդակությանը: Ձևում յուղաներկը ակոսվում է, դասդասվում ու երանգների խորհրդով միաձուլում է տարածքը: Բայց դա ինքնանպատակ կրավորություն չէ, գեղանկարիչը կատարելության է հասցնում այդ ձեռագիրը, դա ծառայեցնում էության արտահայտմանը, գեղարվեստական հնչողության շռինդ ստեղծում, որում առկա են և' պատկերվածի անհատական հատկանիշները, և' արվեստագետի վերաբերմունքը դրան: Այս բոլորի համանվագը ամբողջական է դառնում դրվագակիր ֆոնով, ավելի հաճախ ստեղծագործության համակշիռը պահպանող մի ինչ-որ մանրամասնով` ծաղիկ, ծաղկեփունջ` ծաղկամանում, հովհար, մոմակալ, լուսամփոփ... նայած թե ո՞րն է ենթատեքստը, էության արտահայտիչը, տրամադրության, զգացողության ու զգացմունքի խորհրդանիշը:
Երբ ստեղծագործելու քաղցր տառապանքն ավարտված է, երբ հերթական թվացող վրձնահարվածը դառնում է վերջինը ու կասեցնում գեղանկարչին, թե` վերջ, չփչացնես, տեղ հասար... գալիս են մեր ու մեր մեջ արթնացող զգացմունքների պահերը, որոնք, համոզված եմ, անվերջանալի են լինելու մեր սերունդների համար:
Պատանին մեկնեց ձեռքն ու չհասավ ուզածին: Նա շատ էր սիրում տիեզերքը, նա տենչում էր նրան: Մեկնեց ձեռքն ու չհասավ: Ձեռքերը թևատարած մեկնեց ու... վեր սավառնեց: Սկսեց սավառնե˜լ, սավառնե˜լ, սավառ
Սամվել Խալաթյան, 1993թ, ապրիլի 4
-
Սիրտը` իր սիրած ձորերում
Գեղանկարիչ Կառլոս Աբովյանի սիրտը, համաձայն իր` Վարպետի կտակի, ապրիլի 30-ին, հարազատների, մերձավորների կողմից ամփոփվեց Արդվի սրբավայրի բակում` արվեստագետի ամենանվիրական վայրում:
...Եվ երկինքը, որ քանի օր արդեն գարնան օրով ձյուն էր մաղում, գարունքվեց երեք ժամով, ճիշտ այնքանով, որքան հարկավոր էր Վարպետի սիրտը հուղարկավորելու համար: Թուխ ամպերի տակ բանտված արևը չէր կարող հրաժեշտ չտալ Նրան: Հետո, երբ հայրենի հողի ու նրա սիրահար սրտերը գտան իրարու, երբ գրանիտե հուշատախտակը երկաթագրով ազդարարեց, թե ո՞վ է իր ներքո ամփոփվում, արևը դարձյալ ետ քաշվեց իր սգավոր քողի տակ, ու հովերն ընկան:
Հովերն ընկա˜ն... քաղցրալուր ծորաց Վարպետ Ատոյի դուդուկն ու ազդարարեց, որ Արդվու գունագեղ ձորը տիրավորվեց նաև գույների Վարպետի սրտով:
Անձրևակաթ, հորդ, արտասվեց երկինքը` հագեցնելով պապակն այն մանուշակների, որոնք այսուհետ կկապտաչվեն հուշ-տապանաքարի եզրին...
-
Զարմանահրաշ երևույթ է մարդը...
Այո', զարմանահրաշ երևույթ էր Կառլոս Աբովյանը: Մի՞թե իսկապես հրաշք չէր, որ քիմիական գործարանում ազդագրեր և պլակատներ պատրաստող, մասնագիտական կրթություն չստացած երիտասարդն ստեղծեց բոլորովին նոր և ինքնատիպ գեղանկարչություն: Եվ դա այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ, օժտված շատ գեղանկարիչների վրա ակնհայտ էր մեծերի, մասնավորապես Մինաս Ավետիսյանի արվեստի հզոր ազդեցությունը:
Կառլոսի հետ իմ հանդիպումների ու շփումների ժամանակ հաճախ էինք զրուցում կյանքի, արվեստի բազմապիսի խնդիրների շուրջ: Ինձ միշտ հիացմունք են պատճառել նրա խոր, իմաստուն մտքերը մասնավորապես արվեստի մասին: Հիանալի գիտեր համաշխարհային արվեստի պատմությունը, արժեքները գնահատելիս դրսևորում էր հիմնավոր իմացություն: Խորն էր զգում և ապրում ժամանակի ազգային ու համամարդկային կյանքի դրամատիկ շերտերը, հակասություններն ու բարդությունները, որոնք մեծ հետք էին թողել նրա մտածողության և արվեստի վրա:
Այս ամենը տեսնելով և ապրելով` Կառլոսն իր արվեստում չգնաց դրանց վերլուծման ու բացահայտման ճանապարհով, այլ դրանք ժխտեց կամ հաստատեց յուրովի` ստեղծելով իր երազային, կատարյալին ձգտող դիմանկարների հեքիաթային աշխարհը` անհասանելի, հանդիսավոր, շքեղ: Ծանոթ լինելով նրա գրեթե բոլոր բնորդներին` նկատել եմ, որ դրանց բոլորի մեջ ընդգծված են իր` նկարչի իդեալական պատկերացումները մարդու, մասնավորապես` կնոջ մասին: Ինձ միշտ թվացել է, որ դիմանկարներում խաչաձև մշուշով բնորդի աչքերի քողարկումը գալիս էր մարդուն կոնկրետությունից, առօրեականությունից, կենցաղից վեր տեսնելու բանաստեղծական ընկալումներից ու գեղագիտական ուրույն սկզբունքներից: Այդ նպատակին էին ծառայում նաև գունային վառ, հարուստ, դրամատիկ լուծումները:
Այս բոլորն արդյունք էր նրա մարդկային էության: Նա կողմնակիցն էր բացահայտ կատարյալի: Չէր տեղավորվում, իր պատկերացմամբ, սարքված, անհեթեթ կանոնների, սահմանափակումների մեջ: Ազնվությունը կամ լինում է բացարձակ, կամ չի լինում: Այն չի կարող գնալ կոմպրոմիսների. սա նրա սկզբունքն էր ոչ միայն կյանքում, այլև արվեստում: Կառլոսի համար գոյության իրավունք չուներ այն ամենը, ինչը կողոպտում էր մարդու զգացմունքների աշխարհը: Մի անգամ նա ուղղակի ասաց. «Լավի չափանիշ չի կարող լինել միայն խելքը: Սատանան նույնպես խելոք է»:
Շատերին էր թվում, թե Կառլոսը խուսափում է մարդկանցից: Սակայն դա ճիշտ չէ. նա մարդկանց սիրում էր բոլորից շատ: Թվացյալ մեկուսացումն ինքնապաշտպանության կեղև էր պարզապես, չհասկացվելու, հուսախաբություն չապրելու երկյուղ: Նրա համար դիրք և հեղինակություն գոյություն չուներ, բոլոր մարդիկ մեկ էին և հավասար` անկախ պաշտոնից, կրթական մակարդակից, նյութական կարողությունից: Նա մարդուն ուզում էր տեսնել նախաստեղծ մաքրության և գեղեցկության մեջ, հենց այդ պատճառով էլ դիմանկարներում նրան ներկայացնում էր անթերի, կատարյալ:
Զարմանալի մեծ են արվեստագետ մարդու, նրա արարելու հնարավորությունները: Կարելի է ասել` դրանք անսահման են: Կերպարվեստի հզոր, խորհրդավոր աշխարհում, որտեղ, թվում է, ամեն ինչ ասված է, ահա հանկարծ հնչում է նոր ու չասված, ինքնատիպ մի խոսք: Այսպես կատարվեց Կառլոս Աբովյանի հրաշքը:
Նրա արվեստի վրա խոր հետք է թողել իր ժողովրդի ճակատագիրն ու դրաման, նրա կամքն ու լավատեսությունը, նրա նահապետական իմաստությունը և ավանգարդային մտածողությունը, կատարյալին ձգտող նրա բանաստեղծական հոգին:
ԳԵՎորգ Խրլոպյան, 1981թ, դեկտեմբերի 10
-
Լոռեցու սրտի ձուլարանը (հատվածներ)
Գեղանկարիչը` Կառլոս Աբովյանը, լուռ ցուցադրում էր ու խորաթափանց հայացքով նայում ներկաներին, փորձում պարզել` համընկնու՞մ են, արդյոք, ստեղծագործողի և ընկալողի ներաշխարհները, կարողանու՞մ է դիտողին տեղափոխել արվեստի իր աշխարհը` մտքերի ու հույզերի այն աշխարհը, որն ինքն էր ստեղծել իր իսկ վրձնով: Ավելին, նրան հուզում էր այն միտքը, թե կարողացե՞լ է, արդյոք, իր ստեղծագործություններում խտացնել Լոռվա հոգին, Թումանյանի հոգին, որքանո՞վ է այն սիրելի ու հասկանալի դարձել մարդկանց: Նկարները մեծամասամբ պորտրեներ են, կանացի պորտրեներ: Այնտեղ կարծեք ապացուցվում է, որ կինը ստեղծված է արևի ճառագայթներից` Լոռու բնության բազմազանության, խորհրդավոր անորոշության, լոռեցու բնավորության մեղմության, առնական երազանքների և կանացի էության ձուլվածքով:
Դա Լոռին է` գեղանկարչական կերպարով` մանկապարտեզում, դպրոցում, ինստիտուտում, գործարաններում ու փողոցներում ամեն օր հանդիպած լոռեցին, որն ապրել է Հաղպատի պատերից լսվող Սայաթ-Նովայի երգերով, Սանահինի համալսարանի իմաստությամբ, Թումանյանով:
Պատահական չէ, որ թումանյանական մոտիվները մի ամբողջ շարք են կազմում նկարչի կոմպոզիցիաներում: Մարոն ու Անուշը նոր, բազմապիսի մեկնաբանություններով կանգնում են քո առաջ և խոսում յուրաքանչյուր երիտասարդի հետ` հաջողություն ու բախտավորություն ցանկանալով նրա սիրուն:
Մի րոպե կանգնում ես ու գլուխդ խոնարհում պաստառի կերպարների հետ: Դա լինում է ինքնաբերաբար, անգիտակցորեն:
…Լուռ է նկարիչը: Չի սիրում խոսել: Մտածում է, որ իր ստեղծագործությանը դիտողի հաղորդակցումն իսկ բավական է: Գեղանկարիչն իր ամբողջ էությամբ, ասելիքով առկա է կտավի մեջ:
Ձգտում ես որոշել, թե Կառլոսը գույներից որն է նախընտրում: Յուրաքանչյուր շրջանի նկարից հետո փոխում ես քո որոշումը և վերջապես գալիս այն եզրակացության, որ վարպետի համար բոլոր գույներն էլ հավասար նշանակություն ունեն, կարևորը ճիշտ օգտագործելն է: Յուրաքանչյուր գույն տարբեր կտավներում փոխում է իր գեղագիտական իմաստը, հաղորդակցության կարողությունը և կտավի ամբողջականությունը կազմելու դերը: Եվ իսկապես, դժվար է բնության բազմազանության մեջ առավելություն տալ գունաշխարհի որևէ ներկայացուցչի: Եթե որևէ գույն ավելորդ լիներ բնության ներդաշնակությունը ապահովելու հարցում, այն հավանաբար կմահանար: Բնության մարդկայնացումն է արվեստը: Բնությունն իր բազմազանությամբ ապրում է այնտեղ` մարդկային մտքի ու հոգու պրիզմայով անցած:
Աբովյանի դպրոցը ճշտելու որոնումները քեզ կծանոթացնեն անտիկ վարպետներին, միջնադարյան հայ մանրանկարիչներին, վերածննդի վարպետներին, իմպրեսիոնիստներին, 20-րդ դարի զանազան ուղղություններին, թիֆլիսյան դպրոցին, Սարյանին, Մինասին... Դժվար է բոլորը թվարկել: Այդ բոլորն առկա են որպես անցյալի հիմք, որպես ժառանգորդում: Հենվելով ու բարձրանալով դրանց վրա` դու տեսնում ես կառուցվող գեղանկարչական մի ինքնատիպ աշխարհ` Աբովյանի աշխարհը:
Զարմանում ես, թե Գուգարաց աշխարհի փոքր սահմանների մեջ ամփոփվող ֆիզիկական գոյությունը ինչպես է կատարյալ դարձել, կերտել սրտի ու մտքի այդպիսի ձուլարան: Հավանաբար այդ է պատճառը, որ նա ապրում է իր ժողովրդի կյանքով, գեղեցիկի ու բարու համամարդկային գաղափարների դանդաղ, բայց վստահ հաղթարշավով:
|