ԱՆՏԱՌԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
Գույների Վարպետը
Կառլոսին Վարպետ էի ասում, չնայած նեղանում էր.
– Լա'վ էլի, ես ի՞նչ Վարպետ, վարպետներ եղել են...,– ու թվարկում էր:
Բայց Կառլոսն իսկապես Վարպետ էր, գույների Վարպետ:
Աշնանային գույների մի անկրկնելի համադրություն, դասավորություն տեսանք բնության գրկում: Ծառը կանգնած էր հպարտ, մեկուսի: Կարմիրը, դեղինն ու կանաչն այնքան հետաքրքիր էին շերտերով դասդասվել, այնքան հստակ էին բաժանումները, որ պարզապես ապշեցնում էր: Ասացի.
– Ծառը ոնց որ անտառի հետ պսակվելիս լինի, ասես անտառի հարսնացուն լինի: Ամեն գույնից մի ճյուղ բերեցի, Կառլոսը նայեց ու ասաց.
– Էս ի˜նչ հրաշք է, այ մա˜րդ, էս ի˜նչ գույներ են: Կնկարեմ ու հենց էդպես էլ անունը կդնեմ` «Անտառի հարսնացուն»:
Ռոբերտ Բաղոյան