1937 թ. - ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր)։  Կիրովական՝ Լոռի, ուր  անձրևներ կան վերևներում, արևներ կան, ծիածաններ…

Բարձր, կապույտ սարերով շրջապատված այդ քաղաքը, որ պարբերաբար վարագուրվում էր ամոթխած ու միամիտ մշուշով, իր մաքուր  բնական կնիքը դրոշմեց ապագա գեղասերի ու ՄԵԾ  ՄԱՐԴՈՒ սրտին՝  դարձնելով նրան գույների Վարպետ, որի կտավներն այսօր հանգրվանում են աշխարհի լավագույն մասնավոր հավաքածուներում և պատկերասրահներում:

Դեռ մանկությունից նրա աշխարհն այլ էր, ոչ սովորական, զարմանալի գունավոր ու շատ խորունկ, ինչպես Լոռվա ձորերն ու կուսական անտառները, ծաղկունքով արբեցած մարգագետիններն ու վըշշոցով իրար խառնվող Դեբեդ-Ձորագետը, ինչպես Հաղպատ-Սանահինի խնկաբույր պատերի առինքնող հմայքն ու իր նախնի ազնվական  պապերի մարմարե հրեշտակներով դամբարանի շուքը Կիրովականի հին եկեղեցու բակում: Այդ աշխարհն այնքան մեծ էր ու շքեղ, որ քչերն էին համարձակվում ցանկանալ ներս մտնել, թեև այն երկնային Արարչից առատորեն ողողվել էր լույսով ու ջերմությամբ, և սերն էր թագավորում էր այնտեղ:

« …Երկնքի աչքից մի ցող ընկավ երկրի պաստառին ու ծիածանեց տիեզերքի գույները: Մի պատանի էր անցնում իր սիրած դաշտերով ու ձորերով, իր դաշտերով ու ձորերով. տիեզերքի գույներն իր բիբի մեջ պահած ցողը գրավեց նրան.    

- Դու որտեղից, -հարցրեց պատանին:

- Երկնքից:

- Ինչ ես բերել:

- Տիեզերք:

- Կտաս ինձ:

- Վերցրու:

Պատանին մեկնեց ձեռքն ու չհասավ ուզածին…» (Սամվել Խալաթյան)

Պատանին  ընկերոջ հետ  հայտնվեց  արմանք-զարմանք Երևանի գեղարվեստի ուսումնարանի  դռների  մոտ՝ ջրաներկ նկարները թևի տակ: Մի շատ բարի մարդ նկարները կախեց պատերից և լուռ ու մունջ սկսեց դիտել:  «Երկու Գիքորներս հուզմունքից քրտնած սպասում էինք «բազազ Արտեմի» ճակատագրական որոշմնանը:

- Տղաս, Աստված քեզ տվել է այն ամենը, ինչ հարկավոր է իսկական նկարչին: Ապրես, շատ ապրես, քո նկարները մեր ուսումնարանի շնորհալի շրջանավարտների դիպլոմային աշխատանքներից անհամեմատ լավն են, դու ոչինչ չունես սովորելու ոչ մեր ուսումնարանում, ոչ գեղարվեստի ինստիտուտում: Գնա և խորացրու քո արվեստը,  դու արդեն իսկական նկարիչ ես…Ոգևորված, թև առած գնացինք պատկերասրահ, հրապարակում պաղպաղակ կերանք, հիացանք շատրվաններով ու լուսանկարվեցինք»: (Ռաֆիկ Պետրոսյան)

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո  Կառլոս Աբովյանը   որպես նկարիչ-ձևավորող աշխատել է Կիրավականի  քիմիական գործարանում:  Այդպես է. ինքնուս հրաշքները կարողանում են Լենին նկարել։  

1975 թ.-ից   Կառլոսն   ամբողջովին նվիրվել  է  գեղանկարչությանը։

Ինքնակրթությամբ է զբաղվել ամբողջ կյանքում:  Երևանի և Մոսկվայի թանգարաններում, գրքերով և ալբոմներով ուսումնասիրել է մեծ վարպետների ստեղծագործությունները։ Իր ուսուցիչներն է համարել հայ մանրանկարիչներին, ինչպես նաև հայ այնպիսի վարպետների, ինչպիսիք են Վարդգես Սուրենյանցը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Մինասը:  Շարքը մեծապես շարունակելի է.  Սարյան, Ռեմբրանդտ, Վան Գոգ….  Նա ամեն օր հղկվում ու Կատարյալին էր մոտենում իր անխոնջ աշխատասիրությամբ ,  ճաշակը մաքրվում էր  ու  նրբանում   Լոռվա բնության մեջ, Ով օրորել էր իրեն մանկությունից…  Սիրում էր Արդվիի մատուռը, որը Արդվի գյուղում էր՝ Օձունի մոտ, շուրջ երկու հազար տարեկան հին գերեզմանատան հարևանությամբ… այնտեղ և գետ կա, և ջրվեժ, և ժայռ, և փոքր ձոր, և աչք շոյող զմրուխտ կանաչ, և ննջեցյալների հավերժական թագավորություն…Այնքան սիրեց Արդվին, որ կտակեց սիրտը թաղել այնտեղ, ինչը սրբորեն կատարվեց.

Սիրտս թաղեք Լոռու ձորում,

Տեղս միայն գարունները իմանան…

Թումանյանը, թումանյանական աշխարհը,  երաժշտությունը  կարմիր թելի պես ուղեկցել են նրան ողջ կյանքի ընթացքում. «Տիգրանյանը, Թումանյանը ինձ համար մնում են առեղծված. չեմ կարողանում հասկանալ՝ ոնց են «Անուշ» ստեղծել: Դա այնպիսի գործ է, որ ուզում ես ցանկացած ժամանակ լսել: «Անուշը» չես կարող մեկնաբանել, որովհետև այն հարազատ է, շատ հարազատ: Լսում ես «Անուշը» և սկսում թախծել կյանքի անցողիկության համար…»:

Կառլոս Աբովյանը իր հայրենիքի ցավի կրողն ու կյանքի հրճվանքը փոխանցողն էր: Նա մարմնացած հայրենասիրություն էր՝ զինվորի հետ կռվող, հրամանատարի հետ մտածող, ժողովրդի հետ դիմացող:  Անսահման սիրում էր կյանքը… 1992 թ.-ին՝ Շուշիի ազատագրումից  յոթ ամիս հետո, դադարեց բաբախել մի մեծ, աշխարհի ցավով ապրող, աստվածային  գեղեցիկը երկրպագող,  սիրուն ու տխուր սիրտ: Նա համոզված էր, որ մեծերը մեծ գալիս են այս աշխարհ, մեծ գնում, և նշանակություն չունի՝ Մինասի պես երիտասարդ են, թե Սարյանի պես ծեր:                                           



ԱԲՈՎՅԱՆՆԵՐԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ Աբովյանների տոհմի պատմությունից

Դեռևս 17-րդ դարի կեսերին Զանգեզուրի Գորիս գյուղաքաղաքից Խանզադյանների տոհմի ճյուղերից մեկը, որի հայրն է եղել Դավիթ Խանզադովը, գաղթել է Լոռու գավառ, բնակություն հաստատել Ղարաքիլիսայում: Դավիթ Խանզադովն ունեցել է Աբով անունով զավակ: 1820-1830-ական թվականներին, երբ Աբով Խանզադովը 30 տարեկան, ամուսնացած մարդ է եղել, տրոհվել է իր հայրական ընտանիքից, իր անվան հիմքի վրա դարձել է Աբով Աբովյան: Հիմք է դրվում Աբովյանների ցեղին, Աբով Աբովյանը դառնում է ցեղաստեղծ հայր:
Ղարաքիլիսան տարածված էր Փամբակ գետի աջ և ձախ ափերին, ներկայիս Գուգարք գյուղի և Դիմաց թաղամասի տարածքում: Վաղ բնակավայրերից է Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում գտնվող «Թագավորանիստ» բլուրը, որն այս անունն է ստացել Աշոտ Բագրատունի թագավորի 953-977թթ. հաճախակի այցելությունների շնորհիվ: 19-րդ դարի սկզբներին Ռուսաստանը պատերազմում է Պարսկաստանի, այնուհետև Թուրքիայի դեմ: Երբ ռուսական զորքերը ճակատ մեկնելիս հասել են Ղարաքիլիսա, օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը: Առաջին արձագանքողն է եղել Աբով Աբովյանը` կազմակերպելով զորքերին իջևանատնով և սննդով ապահովելու գործը: Թիֆլիսում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարությունն այդ տարիներին պայմանագիր է կնքել Աբով Աբովյանի հետ, որից հետո ղարաքիլիսեցիների կողմից ռուսական բանակին օգնելը դարձել է պարբերական:
Հոր գործը շարունակել է որդին` Խաչատուր Աբովյանը, որը 1877-1880թթ. պատասխանատու պաշտոն է զբաղեցրել Ալեքսանդրապոլ–Թիֆլիս փոստուղու շահագործման պետական վարչությունում: Նա հորից ժառանգած ջրաղացում չքավոր ընտանիքների աղունն անվարձ է աղացել, իր վաստակած և ժառանգություն ստացած հարստության մի մասը սիրով տրամադրել է աղքատ համաքաղաքացիներին:
1878թ. Ղարաքիլիսան չուներ ջրամատակարարման որևէ հնարավորություն: Բնակչության միակ հույսը ջրհորներն էին: Խաչատուր Աբովյանը սեփական միջոցներով ջուրը խողովակաշարերով հասցրել է գյուղաքաղաքի կենտրոն և մի հրաշալի աղբյուր կառուցել:
1878թ. Լոռվա գավառում երաշտի պատճառով բնակչությունը կանգնել էր սովահարության վտանգի առջև: Խաչատուր Աբովյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր ընտանիք Աբովյանների ամբարից կարող է ստանալ այնքան հացահատիկ, որ բավարարի ձմռանը օգտագործելուն և գարնանացանի համար, ուղղակի անակնկալի էր բերել ժողովրդին: Նա կարգադրել էր այդ ամենը կազմակերպել առանց աղմուկի, որ ոչ մի գյուղացի չամաչի վերցնել իրեն անհրաժեշտ հացահատիկը:
Հարուստ բարերար լինելուց բացի Խաչատուր Աբովյանը սակավապետ էր և նույնն էլ պահանջում էր իր որդիներից: Նա իր ավանդը ներդրեց նաև Թբիլիսի – Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղու շինարարության գործում: Բարեգործությունների և ազգօգուտ ձեռնարկների համար Խ. Աբովյանը բազմիցս արժանացել է պարգևների ու մեդալների: Խաչատուր Աբովյանի և իր կնոջ մահից հետո երախտապարտ զավակները` Սողոմոն և Ալեքսանդր Աբովյանները, սբ. Աստվածածին եկեղեցու բակում կառուցեցին տոհմական գերեզման-դամբարան, որտեղ էլ թաղեցին իրենց ծնողներին: Հուշաքարերին դրվեցին հրեշտակ քանդակներ, որոնք պատրաստվել էին իտալական «Անդրեոտտի» ֆիրմայում: Ըստ պատմողների` այդ հրեշտակները Ղարաքիլիսա են հասցվել Աբովյանների ղեկավարած փոստուղու մեքենաներով, որոնք ստացել էին արտասահմանից: Խաչատուր Աբովյանն ուներ չորս ժառանգ` Սողոմոնը, Ալեքսանդրը, Ջավահիրը և Սոֆյան: Սողոմոնը և Ալեքսանդրը դարձան հոր գործի արժանի շարունակողները: Ղարաքիլիսայում տարրական կրթություն ստանալուց հետո եղբայրներն իրենց ուսումը շարունակել են Թիֆլիսի գիմնազիայում: Այնուհետև Սողոմոնն ընդունվել է Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ Ալեքսանդրը` Սանկտ Պետերբուրգի համալսարան:
Վերադառնալով` նրանք շարունակեցին իրենց հոր գործը: Ընդարձակեցին փոստուղիների ընդգրկումները` Ալեքսանդրապոլ–Ղարաքիլիսայից մինչև Աղստաֆա, ապա` Թիֆլիս, Բորժոմ և Աբասթուման: Բացի Ղարաքիլիսայից` նրանք շենքեր կառուցեցին նաև Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի): Գյումրիի կենտրոնական մասում կառուցեցին բազմասենյականոց երկհարկանի տուն: Այնտեղ տեղավորել էին իրենց գրասենյակները, քաղաքային փոստը, հարկային տեսչությունը, բանկեր և այլն: Մինչև 1988թ. երկրաշարժը նշված շենքի տարածքները զբաղեցնում էին Լենինականի կայազորի շտաբը, հոսպիտալը և այլն:
Նշանավոր երևույթ է եղել Ղարաքիլիսայի սբ. Աստվածածին եկեղեցու համար Մոսկվայում պատվիրված թավշյա ոսկեկար նախշազարդերով վարագույրը, որը ասեղնագործված է եղել աստվածաշնչյան սյուժեներով: Դրանց էսքիզները արվել էին Էջմիածնում:
1900թ. Աբովյանների տուն է այցելել Վեհափառ Հայրապետ Խրիմյան Հայրիկը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Աբովյաններին իրենց բարերար գործունեության համար: Երբ հրդեհվեց Ղարաքիլիսայի մեծ դպրոցի շենքը, անհրաժեշտ եղավ հանգանակությունների միջոցով նոր շենք կառուցել: Այդ տարիներին (1912-1913) Ղարաքիլիսայում կային մի քանի մեծահարուստ ընտանիքներ: Չնայած այդ ամենին` պարզվեց, որ բոլոր հարուստների կողմից հանգանակած գումարը չէր բավարարի նույնիսկ դպրոցի շենքի աննշան վերանորոգումների համար: Մեծահարուստների հաջորդ հավաքի ժամանակ Սողոմոն Աբովյանը հայտարարում է, որ իր կրտսեր եղբոր հետ միասին որոշել են կառուցել նոր դպրոց: Ի զարմանս մյուս հարուստների` կարճ ժամանակում դպրոցը կառուցվեց եղբայրների միջոցներով: Նրանք դպրոցն ապահովեցին անհրաժեշտ գույքով, գրենական պիտույքներով և պայուսակներով: Այն փողոցը, որի վրա կառուցվեց դպրոցը, անվանվեց Աբովյանների անունով: Խորհրդային կարգեր հաստատելուց հետո փողոցն անվանափոխվեց և կոչվեց Դպրոցի: Խորհրդային իշխանության փլուզումից հետո` տարիներ անց Վանաձորի քաղաքապետարանի որոշմամբ վերը նշված վարժարանն անվանակոչվեց Սողոմոն Աբովյանի անվամբ և ընդգրկվեց ՀՀ պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այժմ Վանաձորի թիվ 1 վարժարանը չի գործում. այն միաձուլման եղանակով միացված է թիվ 20 դպրոցին:
Խորհրդային տարիներին Աբովյանների սեփականությունը համարվող բազմաթիվ շենքեր և շինություններ ծառայում էին տարբեր նպատակների համար: 20-րդ դարի 50-ական թվականներից Կիրովական քաղաքի զարգացման հետ կապված ճարտարապետական նախագծերի իրականացման նպատակով քանդվեցին Աբովյանների շինությունների մեծ մասը: Այսօր էլ Վանաձորում և Երևանում ապրում են Աբովյանների տոհմի շառավիղները: Աբովյանների տոհմը տվել է բազմաթիվ բարձրակարգ արհեստավորներ, տնտեսական և ֆինանսական ոլորտի աշխատողներ, մանկավարժներ, տարբեր որակավորման ինժեներներ, բժիշկներ, արվեստի նվիրյալներ:
Մեծ եղան մեծահարուստ բարերար Ալեքսանդր Աբովյանի դստեր` Արմենուհի Աբովյանի ծառայությունները Կիրովական քաղաքում երաժշտական արվեստի տարածման գործում: Երաժշտական կրթություն ստանալուց հետո` դեռևս 20-րդ դարի 30-ական թվականների սկզբից, երբ բացվեց Կիրովականի թիվ 1 երաժշտական դպրոցը, նա դարձավ հիմնադիր դասատու և 40 տարուց ավելի դաշնամուրի դասեր դասավանդեց նույն դպրոցում: Հայաստանի վաստակավոր ուսուցիչ էր:
1970-1990-ական թվականներին հայ երգարվեստի բնագավառում մեծ հաջողությունների հասավ վաստակաշատ և հանրահայտ երգչուհի Մելանյա Աբովյանը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Նրա արվեստը երկրպագում էին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ ու շատ հայաբնակ վայրերում: 1988թվականից Մելանյա Աբովյանն ապրում է ԱՄՆ-ում:
Գրեթե նույն այս տարիներին Աբովյանների տոհմը փառաբանվեց Կառլոս Աբովյան արվեստագետի ստեղծագործությամբ:
Նրա գեղանկարչական աշխատանքները սփռված են ամբողջ աշխարհում:

Էդիկ Աբովյան


Խմբագիր` ԱՆՈՒՇ ԱԲՈՎՅԱՆ (Կառլոս Աբովյանի դուստր)
Մշակող` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերություն