«Որոշ արվեստագետներ, ապրելով կոնկրետ ժամանակի գրկի ափերում, դուրս են գալիս այդ ափերից: Դրանով նրանք ապօրինի չեն դառնում, այլ` ավելի հարազատ: Պարադոքս է: Գրկից դուրս ավելի հստակ է երևում այդ գիրկը, նրա գեղեցիկն ու անգեղը:
Թիկնեղ ու բարձրահասակ չէր: Հագնվում էր ճաշակով, գույների սև ու կարմիր զուգորդմամբ: Մազերի սանրվածքը ոչ մեկի նման չէր: Ինքն էր հեղինակը: Հայացքը սուր էր, թափանցող: Սակավախոս էր: Ապրում էր ավելի շատ հոգևորով: Ապրուստի փոփոխություններ չնկատվեցին, երբ նկարները վաճառվում էին բարձր գներով, և երբ այդ հնարավորությունը չկար: Մորն ու քույրերին շատ էր սիրում, հատկապես Մելանին: Ավագ եղբայրների նկատմամբ հարգանքով էր: Խաղում էր մոր` Դարինկայի հոգու հետ: Ամենալավ դիմանկարներից էին մոր դիմանկարները: Մայրը խտացնում էր դարերի հայ չարքաշ կնոջը` դրված ազնվական կեցվածքի մեջ:
Շատ չէին ընկերները: Հանրության բոլոր շերտերից ընկերներ ուներ: Չէր սիրում պաշտոնյաներին, հատկապես` տեր պաշտոնյաներին: Ազգանվեր էր: Ապրում էր արցախյան շարժումով: Արվեստանոցի պատին ամրացված քարտեզին նշում էր մեր ու հակառակորդի շարժումը: Տխրում, տառապում էր անհաջողություններից, հրճվում էր պատերազմի բեկումներով, հատկապես` Շուշիի ազատագրված փառքով: Առանց ճանաչելու` Կոմանդոսի երկրպագուն էր: Զրույցների, վեճերի ժամանակ գտնում էր ճշմարտությունը և կեղծիքը ոտնատակ էր տալիս: Եվ հին, և նոր կուռքերին նայում էր արգահատանքով: Եթե ազգանվեր գործ էին կատարում, ջերմ էր, եթե սովետում իշխող ազգի նկատմամբ քծնանք էին դրսևորում, արհամարհում էր: Ամեն ինչի չափանիշն ազգային շահն էր: Պաշտում էր ազգային մեծություններին, պաշտամունք ուներ նաև օտար մեծերի նկատմամբ` լինեին գեղանկարիչ, կոմպոզիտոր թե գրող: Շատ էր սիրում «Անուշ» օպերան: Թումանյանի աշխարհը նրա տիրույթներից էր: Երբ ավարտեց «Մարոյի տեսիլքը», ցանկություն հայտնեց նվիրելու Դսեղի տուն-թանգարանին: Այն օրերի տնօրեն Արմենուհի Թումանյանը` տիկին Արմիկը, այնպիսի գորովանքով ընդունեց Կարլոսի ընծան, որ նվիրողը հուզմունքից շիկնել էր:
Թումանյանի ստեղծագործական աշխարհը նրա սուրբ տարածքն էր: Մտնում էր այդ տարածքից ներս ու դուրս էր գալիս գեղանկարներով, նաև այնպիսի կոմպոզիցիաներով, որ զարմանք ու հիացմունք էին առաջացնում: Թումանյանի հերոսներին իդեա էր դարձնում` նաև այդ լեռնցի գեղջուկներին պարգևելով ազնվական կեցվածք: Ընդհանրապես նախասիրություն էր կանացի դիմանկար ստեղծելը: Բոլոր կանանց` անկախ տարիքից, վեհացնում էր, կտավներում նրանց հագցնում էր «թատերական» հագուստ և «թատերական» կեցվածք տալով` դարձնում էր կանացի կատարելության տիպար: Բոլորն ունեին քրիստոնեական աչքեր: Կկոցված խաչատիպ: Երկրային ձգողականության մեջ երկրային ճախր, որը կին-թռչունի սլացք էր:
Պաշտում էր Ժերար Ֆիլիպին: Չէր հոգնում ու հագենում անընդհատ «Ֆան-‎‎ֆան տյուլպան»-ը նայելուց:
Այցելում էր երևանյան բոլոր ցուցահանդեսները: Իր մեքենայով էինք գնում: Մինչև Երևան ինքն էր վարում: Հետո ղեկը զիջում էր ինձ` ասելով. «Երևանում ավտո քշել չգիտեն»: Ժպտում էր, որ իրենով հետաքրքրվում է «Հայաստանի թագավորը», որ հյուրեր են այցելում դրսից: Մարդկանց ընդունում էր սրտաբաց, երբեմն` գինիով, միշտ` սուրճով, որի բաժակների թիվը հիշեցնում էր տնեցիներին ատրճանակի համապատասխան կրակոցներով:
Սիրում էր Լոռու ձորը: Ձմեռը նրա թշնամին էր: Ընկնում էր մլարի մեջ: Գարունը բացում էր նրան, և ձորի ձգողականությունն ավելանում էր: Շատ էր սիրում գնալ Արդվի, որտեղ էլ այսօր, ըստ իր կտակի` ս. Հովհաննեսի բակում թաղված է նրա սիրտը:
Կառլոս Աբովյանի սիրտը Լոռվա ձորում է:
Ահա համառոտ-շտապ` իմ ընկեր Կարլոսի մասին, որը դարձավ իր լեռնաշխարհի իսկատիպ ու մեծ գեղանկարիչը»:

ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ: «ԷՍՍԵ ԿԱՐԼՈՍ ԱԲՈՎՅԱՆԻՆ»

Խմբագիր` ԱՆՈՒՇ ԱԲՈՎՅԱՆ (Կառլոս Աբովյանի դուստր)
Մշակող` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերություն