ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառլոս Աբովյանի գործերի 4-րդ ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում 2017թ. հոկտեմբերի 26-ին բացվել է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի գործերի ցուցահանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացման խոսքում նշել է. «Կառլոս Աբովյանի գործերը հուշում են, որ գործ ունենք հայրենասեր գեղանկարչի հետ: Նրան ոգեշնչել են հայ մանրանկարիչները, Ռեմբրանդտը, Վան Գոգը, Ալեքսանդր Բաժբեուկ - Մելիքյանը, Մինաս Ավետիսյանը և բնության հրաշք՝ Լոռվա ձորը: Կառլոս Աբովյանն ապրել է զուսպ, համեստ կյանքով, խուսափել է մեծարանքից՝ ստեղծելով իր ուրույն աշխարհը: Նա հրաժարվում էր կենդանության օրոք ցուցադրել իր ստեղծագործությունները. կարծում էր՝ մեծերին է հատուկ կազմակերպել ցուցահանդեսներ: Ութսունականներից եմ սկսել մտերմություն անել գեղանկարչի հետ, բայց, ափսոս, կարճ եղավ մեր ընկերությունը: Յուրահատուկ էր մարդկային հարաբերություններում ևս»:
Վարպետի ներշնչման աղբյուրը բնությունն էր: Իր իսկ կտակի համաձայն՝ գեղանկարչի սիրտն ամփոփված է Լոռվա ձորում՝ Արդվին մատուռի մոտ. մի վայր, որը նա առանձնապես էր սիրում:
Պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը, գնահատելով Կառլոս Աբովյանի գործերը, ասել է. «Ես մի նոր Ռեմբրանդտ գտա»:
«Կառլոս Աբովյանը դիմապատկերի մեծ վարպետ էր: Նրա կտավներին յուրահատուկ են խորհրդապաշտությունը, գունային ոչ կաղապարային լուծումները, դինամիկան: Նրա վրձնած կանանց ու տղամարդկանց բազմաթիվ դիմապատկերներում, ինչպես նաև ինքնադիմանկարներում, արտացոլված է նկարչի աշխարհայացքը: Նյութի խորությամբ, ֆոների նուրբ բարդությամբ, մթին կամ լուսավոր գույներով նա զուգում էր իր բնորդներին: Բոլոր կանանց՝ անկախ տարիքից, վեհացնում էր, դարձնում կանացի կատարելության տիպար»,- իր խոսքում ասել է Կառլոս Աբովյանի դուստր Անուշ Աբովյանը:
«Կառլոս Աբովյանի գեղանկարչությունը ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր նրա հետ միասին ցանկանում են թափանցել հայելու մյուս կողմը և ըմբռնել էակների ու իրերի խորությունը: Կառլոս Աբովյանը թարմ շունչ, հյութեղ ներկապնակ և հանդիսավորություն բերեց: Յուրահատուկ են նրա գծանկարները, բնապատկերները, նատյուրմորտները և հատկապես դիմանկարները», - ասել է ժողովրդական վարպետ, դերասանուհի Մարինե Մխիթարյանը:
2017 թվականին գեղանկարիչ Կառլոս Աբովյանը կդառնար 80 տարեկան:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
ՄԵԾԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ...
-
Արվեստն ունի այնպիսի գաղտնիքներ, որոնք բացվում են ստեղծագործող մարդու առջև… Նկարիչը պետք է կարողանա ոչ միայն նայել բնությանը, աշխարհին, նա պետք է կարողանա տեսնել: Այդ ժամանակ կծնվի իսկական նկարը: - Մ. Սարյան
-
Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին: - Տին Նուն
-
Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։ - Մ. Սարյան
-
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: - Բալզակ
-
Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։ - Մ. Սարյան
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
© Գեղանկարիչ ԿԱՌԼՈՍ ԱԲՈՎՅԱՆԻ պաշտոնական կայք 2014 | Բոլոր իրավունքները պահպանված են | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության